Իրավիճակի կարգավորման բոլոր ջանքերը Աստծո առաջնորդությամբ թող պսակվեն բարի արդյունքներով

Հուլիսի 31-ին՝ հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեց Հանրապետական մաղթանք. աղոթք բարձրացվեց մեր հայրենիքի և մեր ժողովրդի խաղաղության, անսասանության ու բարօրության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար: 

Հուլիսի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Վանական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ որոշվեց Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարել Հանրապետական մաղթանք: Հրավիրված էին Մայր Աթոռում պաշտոնավարող և հայաստանյան թեմերի առաջնորդ եպիսկոպոսները: Անդրադառնալով մայրաքաղաքում ստեղծված կացությանը` ժողովականները հանդես եկան հետևյալ ուղերձով.

«Երևանում վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խաթարել են մեր կյանքի խաղաղությունը: Խորապես ցավ ենք ապրում, որ լարված իրավիճակը երեկ երեկոյան հանգեցրեց նոր բախումների, ինչի հետևանքով վիրավորվեցին տասնյակ մարդիկ` ցուցարարներ, ոստիկաններ և լրագրողներ: Անընդունելի ենք համարում ամեն կարգի անօրինական քայլ ու բռնության միտված գործողություն, որոնք կարող են պատճառ դառնալ արյունահեղության և վտանգել մեր պետականության ապագան:
Մտահոգված սրտով, բայց նաև մեր ժողովրդի ողջախոհության հանդեպ հավատով կոչ ենք անում` չտրվել զգացմունքայնությանը, մերժել հակամարտությունը, կամք դրսևորել` ընթանալու երկխոսության ճանապարհով: Մեր երկրում, հիրավի, մեր հասարակությանը հուզող և լուծման կարոտ շատ խնդիրներ ու մարտահրավերներ են ծառացած, որոնց հաղթահարումը պետք է իրագործվի որքան հնարավոր է շուտ և բացառապես խաղաղ գործընթացներով, փոխըմբռնման ոգով: Մենք բոլորս նույն ժողովրդի զավակներն ենք, նույն տեսիլքն ունենք հզոր ու պայծառ Հայրենիքի և որպես հարազատ ժառանգները մեր հայրենաշեն նախնիների` պարտավոր ենք առաջնորդվելու համազգային շահերի նախանձախնդրությամբ:

Հրավիրում ենք մեր զավակներին` շարունակելու հանապազօրյա աղոթքները, որպեսզի իրավիճակի կարգավորման բոլոր ջանքերը Աստծո առաջնորդությամբ պսակվեն բարի արդյունքներով:

Աղոթքով առ Ողորմածն Աստված` շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին, հավատքի ամրություն` մեր սիրելի ժողովրդին:
Անսանք Եկեղեցու սուրբ հայրերի պատգամին` «միություն կարևոր հարցերում, երկրորդականներում` ազատություն և ամեն ինչում `սեր»:


Աստծո սերն ու օրհնությունը մեզ ամենքիս. ամեն»:

31.07.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․