22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Որպեսզի երեխաները չսայթաքեն աշխարհի գայթակղիչ ու քաղցր բլրից, և հոգևոր ու բարոյական անկում չապրեն՝ նրանք որպես մեծագույն անհրաժեշտություն պետք է զգան մեծերի խորհուրդները՝ հատկապես պատանեկան բեկումնային տարիքում: Նրանք պետք է ընկալեն հնազանդության իմաստը: Պետք է հասկանան, որ ծնողներին հնազադվելու մեջ իրենց սեփական օգուտն է թաքնված. այնպես որ ուրախությամբ հնազանդվեն ու հոգևոր տարածության մեջ ազատ տեղաշարժվեն:
Երբևէ խորհե՞լ եք այն մասին, թե որքան սահմանափակ է փոքր երեխայի ազատությունը: Ինն ամիս նա փակված է մոր որովայնում: Նորածնին դնում են օրորոցի մեջ: Հինգ-վեց ամիս հետո նրան բարձր ցանցի ետևն են դնում: Հետո մի քիչ մեծացած երեխային թույլ չեն տալիս տանից միայնակ դուրս գալու, որպեսզի չվնասվի կամ աստիճաններից վայր չընկնի: Քանի որ, եթե երեխային ազատ թողնեն, ապա նա կընկնի ու կվնասվի:
Այդ ամենն անհրաժեշտ է երեխայի անվտանգության համար: Առաջին հայացքից թվում է, թե այդ բոլոր միջոցները երեխային զրկում են ազատությունից: Սակայն առանց այդ ամենի, իր կյանքի առաջին ակնթարթից ի վեր, նա մահանալու վտանգին կենթարկվեր: Բայց, երբ երեխաները փոքր են՝ չեն հասկանում, որ սահմանափակումների կարիք ունեն: Սակայն, երբ մեծանում են՝ էլի չեն հասկանում, որ այլ կարգի սահմանափակման անհրաժեշտություն կա և այդ պատճառով էլ ազատության են ձգտում: Սակայն ի՞նչ ազատություն է դա: Հաշմանդամ դառնալո՞ւ ազատություն: Երեխաները կործանվում են այդպիսի ազատությունից: Նրանք պետք է հասկանան, որ ճիշտ մարդ լինելու համար մինչև ուսումը չավարտեն, մինչև դիպլոմ չունենան, մինչև չափահաս չդառնան՝ սահմանափակումն անհրաժեշտ է: Որովհետև նույնիսկ մեկ անգամ խեղվելով՝ նրանք կործանվում են: Երեխաները որպես անհրաժեշտություն պետք է զգան սահմանափակումը, պետք է հասկանան, որ դա Աստծո օրհնությունն է: Նրանք պետք է շնորհակալ լինեն իրենց ծնողներին, որ սահմանափակում են իրենց: Նրանք պետք է իմանան, որ ծնողները սիրուց դրդված են դա անում: Ոչ մի հայր կամ մայր չեն սահմանափակել իրենց երեխային՝ չարությունից մղված, եթե նույնիսկ նրան շատ կոշտ են վերաբերվել: Եվ եթե ծնողներն իրենց երեխաների պտուտակները մի քիչ ավելի պինդ ձգեն, ապա դրա մեջ նույնպես մեծ սեր է թաքնված: Նրանք դա բարուց մղված են անում, որպեսզի երեխաներն ավելի հավաք, ձիգ լինեն ու վտանգների չենթարկվեն: Չէ որ այգեպանն էլ, երբ ծառ է տնկում, ապահովության համար կարող է այն մետաղալարով պահանջվածից ավելին ձգել և մի քիչ վնասել: Սակայն Բարեխնամ Աստված շուտով փակում է ծառի կեղևի վերքը: Իսկ, եթե Աստված ծառի վերքն է փակում, ապա որքա՜ն առավել է Նա հոգ տանում Իր արարածի՝ մարդու մասին: Մի՞թե Աստված չի բուժի այն փոքրիկ վերքը, որ երեխայի պտուտակները պինդ ձգելուց պատճառել են ծնողները:
Դրանից բացի, երեխաները պետք է խոսեն իրենց ծնողների հետ, պետք է կիսեն իրենց մտքերը: Ինչպես վանականը հոգևոր հայր ունի մենաստանում, ում հետ կիսում է իր մտքերը և նրանից օգնություն ստանում, այնպես էլ երեխան պետք է կիսվի իր ծնողների հետ: Ավելի ճիշտ է, եթե երեխան նախ իր մորը խոստովանի, այնուհետև խոստովանահոր մոտ գնա: Երբ երեխան վնասում է ոտքն, ու ծնողները նրա հետ միասին բժշկի են գնում և հարցնում, թե ինչ անեն, որպեսզի վնասված տեղը լավանա, այդպես էլ պետք է իմանան, թե իրենց երեխան ինչպիսի հոգևոր խնդիրներ ունի, որպեսզի օգնեն նրան: Եթե երեխան իր խնդիրների մասին միայն հոգևոր հորն է ասում, ապա ծնողներն ինչպե՞ս կարող են նրան օգնել: Չէ որ չգիտեն, թե ինչն է նրան անհանգստացնում:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի