«Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է» (Ծննդ. 1:31)։
Տղամարդը բնական ձգողություն է զգում դեպի կինը, կինն էլ` դեպի տղամարդը: Եթե չլիներ այդ քաշող ուժը, ապա ոչ ոք, երբևէ չէր համարձակվի ընտանիք ստեղծել: Մարդիկ կմտածեին այն դժվարությունների մասին, որոնք սպասվում են իրենց ընտանիքում` կապված երեխաների դաստիարակության և այլ ընտանեկան գործերի հետ, և այդ պատճառով էլ երբեք չէին որոշի ամուսնանալ: Առաջին մարդկանց անկումից հետո, որոշ մարդիկ կարող են ունենալ հինգ տոկոս աշխարհիկ մտածելակերպ, մյուսները` տաս, երեսուն և այլն: Բայց որտեղի՞ց այսօր կգտնես մարդկանց, որոնք ընդամենը հինգ տոկոս աշխարհիկ մտածելակերպ կունենան, այսինքն մարդկանց` մաքուր ու առաքինի մտածելակերպով: Չնայած այս ամենին, Աստծո կողմից մարդկանց տրված է անկրքության հասնելու հնարավորություն, եթե նրանք պատվասիրաբար լծվեն այդ գործին:
Ամուսնական կյանքի ուղու ընտրությունը արդարացում չի հանդիսանում այն փաստի մոռացման համար, որ մարդը ոչ միայն մարմին է, այլև` հոգի: Չի կարելի մոռանալ դրա մասին և ինքն իրեն (իր կիրքը) անսանձ թողնել*: Ամուսինները պետք է շատ ջանք թափեն, որպեսզի մարմինը ենթարկեն հոգուն: Եթե հոգևորականի ղեկավարությամբ, ամուսինները փորձում են հոգևոր կյանք վարել, ապա աստիճանաբար նրանք կսկսեն համտեսել նաև բարձրագույն ուրախություններ` հոգևոր և երկնային: Նրանք այլևս չեն ձգտի մարմնական ուրախությունների: Ամուսինները պետք է ջանք թափեն ժուժկալության (ինքնազսպման) գործում, որպեսզի մարմնական կիրքը չփոխանցեն իրենց երեխաներին ևս: Եթե ծնողներն առանձնանում են շատ մարմնական մտածելակերպով, ապա նրանց երեխան էլ, փոքր հասակից, նմանատիպ հակվածություններ ունի: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա ծնողներից մարմնական հակումներն է ժառանգում: Սկզբում, ծնողներից ժառանգած այլ կրքերի պես, մարմնական հակումն էլ դեռևս թույլ է, նուրբ` մատղաշ եղինջի պես, որը չի դաղում և կարող ես հեշտությամբ բռնել նրա տերևներից: Բայց երբ այն աճում ու մեծանում է` նրա տերևներն սկսում են դաղել: Այդպես և մարմնական հակումները` ամենասկզբում նրանք կարող են բժշկվել լավ, դատողություն ունեցող հոգևորականի կողմից: Սակայն, եթե աշխարհիկ մտածելակերպն ու հակումները չզսպվեն երիտասարդ տարիքում, ապա երբ հասուն մարդ դառնաս` դրա համար անհրաժեշտ կլինի ոչ փոքր սխրանք գործել:
* Ամուսնական հարաբերությունների մասին իր նամակներից մեկում Հայր Պաիսիոսը գրում է. «Դու ինձ հարցնում ես ամուսնացյալ հոգևորականների և աշխարհիկ մարդկանց ամուսնական հարաբերությունների մասին: Եկեղեցու Սուրբ Հայրերը ճշգրիտ սահմանումներ չեն տալիս, թե ինչպես պետք է կառուցվեն այդ փոխհարաբերությունները: Դա նշանակում է, որ ամուսնական հարաբերություններն այն թեման է, որը չի կարող միանշանակորեն սահմանված լինել, քանի որ բոլոր մարդիկ չեն կարող մի ձևաչափով ապրել: Ամուսնական փոխհարաբերությունների հարցը Հայրերը թողնում են յուրաքանչյուր մարդու դատողության, պատվասիրության, հոգևոր նրբազգացության և ուժի վրա: Որպեսզի ավելի հասկանալի լինեմ, օրինակներ կբերեմ ամուսնացյալ հոգևորականների և աշխարհիկների կյանքից, որոնք աշխատանք են տարել այդ ուղղությամբ: Այդ մարդիկ մինչ այժմ ողջ են և ես ծանոթ եմ նրանց: Նրանց մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք ընտանիք ստեղծելով` ամուսնական հարաբերություններ են ունեցել, ծնել են մեկ, երկու կամ երեք երեխա և այնուհետև ապրում են կուսական կյանքով: Մյուսներն այդ հարաբերություններն ունենում են տարին մեկ անգամ, որպեսզի երեխա ունենան, իսկ այնուհետև ապրում են քույր և եղբոր պես: Կան ամուսիններ, որոնք զերծ են մնում այդ հարաբերություններից` պահքերի շրջանում միայն: Իսկ կան այնպիսի ամուսնական զույգեր, որոնց նույնիսկ դա չի հաջողվում: Կան նաև ամուսիններ, որոնք հարաբերվում են շաբաթվա մեջտեղում, որպեսզի Աստվածային Հաղորդությունից երեք օր առաջ և երեք օր հետո մաքուր լինեն: Մյուսներն էլ` դա էլ չեն հաջողում անել: Այդ պատճառով էլ Իր Հարությունից հետո առաքյալներին հայտնված Հիսուսը, նրանց իշխանություն տալով` մեղքերի թողության, ամենից առաջ ասաց. «…ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ… Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի (Հովհ. 20:21-23): Նպատակն այն է, որ յուրաքանչյուրն իր հոգևոր կարողություններին համապատասխան դատողությամբ ու եռանդով ջանք գործադրի: Իհարկե, սկզբում խանգարում է երիտասարդությունը: Սակայն, ժամանակի ընթացքում մարմինը կորցնում է իր ուժերը և հոգին կարող է իշխող դիրք զբաղեցնել: Իսկ երբ դա տեղի է ունենում, ապա նույնիսկ ամուսնացածներն են սկսում փոքր-ինչ ճաշակել աստվածային երանությունից: Նրանք բնական կերպով հեռանում են մարմնական հաճույքներից, որոնց արդեն նայում են որպես չնչին ու ողորմելի մի երևույթի: Այսպիսով, ամուսնության մեջ ապրող մարդիկ որոշակի եղանակով մաքրվում են և բարձրանալով թեթև, զառիվեր, գալարուն արահետով` մտնում են Դրախտ: Իսկ վանականները Դրախտ են մտնում ուղիղ ճանապարհով` ուղղահայաց մագլցելով ժայռերն ի վեր: Դու պետք է ի նկատի ունենաս, որ ամուսնական փոխհարաբերությունների խնդիրը միայն քոնը չէ, և դու իրավունք չունես ինքնուրույն կարգավորել այդ հարցը, այլ` ինչպես Պողոս առաքյալն է գրում. «ըստ համաձայնության»: Սակայն, նույնիսկ երբ ամուսինները գալիս են դրան` (ինքնազսպմանը) «ըստ համաձայնության», ապա միևնույն է, նորից ուշադրություն է հարկավոր: Ուժեղ ամուսինն իրեն պետք է թույլի տեղը դնի: Հաճախ այսպես է պատահում`կողակիցներից մեկը համաձայնվում է զերծ մնալ հարաբերություններից, որպեսզի չտխրեցնի մյուսին, սակայն ներքուստ տառապում է: Ամենից հաճախ դա կանանց հետ է պատահում, որոնք որոշ չափով Աստծուց երկյուղածություն են կրում, սակայն նրանց մարմինն էլ է դեռևս դեր խաղում: Հաճախ որոշ պատկառելի ամուսիններ, իրենց կանանցից լսելով համաձայնության խոսքեր, անխելամտորեն երկար ժամանակով խուսափում են ամուսնական հարաբերություններից: Իսկ կանայք այդ պարագայում տառապում են և լիցքաթափվում են նյարդային պոռթկումների ու այլնի միջոցով: Ամուսինները կարծում են, թե իրենց կանայք հաջողել են առաքինության մեջ և կամենալով ավելի մաքուր ապրել` ավելի ուշ են մտնում հարաբերությունների մեջ: Իսկ այնուհետև կանանց մոտ սկսում են գայթակղությունները և նրանք ցանկանում են կողքից մեկին գտնել: Երբ որ անկումներ են տեղի ունենում, նրանք սկսում են տանջվել խղճի խայթից, իսկ ամուսինները տեսնելով, որ կանայք հակված չեն ամուսնական հարաբերությունների, փորձում են էլ ավելի մեծ անարատության մեջ ապրել: Նրանք կարծում են, թե իրենց կանայք առաջադիմել են հոգևոր կյանքում և չեն ցանկանում մարմնական փոխհարաբերություններ: Իհարկե, այդ ամենի պատճառը կանացի եսասիրության մեջ է, որը բացատրվում է և խանդով, որ կինն զգում է` իրեն թերարժեք զգալով: Տեսնելով, որ ամուսինն ուզում է հոգևոր կյանքով ապրել, կինն սկսում է ամեն ինչ անել` ցանկանալով առաջ անցնել ամուսնուց: Ների՛ր ինձ այն բանի համար, որ ուրիշի այգի եմ մտել, քանի որ վանականի գործը համրիչներն են, այլ ոչ թե այսպիսի թեմաները: Բայց քեզ չվշտացնելու համար` ես ստիպված էի մի քիչ գրել այդ մասին (ինչի մասին հեռակա կարգով գիտեմ), այն մասին` ինչը տանջում է մեր աշխարհի մեջ ապրող եղբայրերին և քույրերին, և հնարավորություն է տալիս թշնամուն` նրանց դեմ գործելու: Մեծ նշանակություն ունի այն փաստը, թե արդյո՞ք նման են ամուսիններն իրար` ըստ իրենց տեսակի և խառնվածքի: Երբ ամուսիններից մեկը փափուկ մարդ է, իսկ մյուսը` առույգ ու ժիր, ապա պետք է որ ավելի ուժեղն իրեն զոհաբերի` հանուն թույլի: Եվ աստիճանաբար, ուժեղի օգնությամբ, կամրանա և կկազդուրվի թույլը ևս: Եվ այնուհետև երկուսն էլ, առողջ լինելով, պետք է առաջ շարժվեն» (π. Δ. Τάτση. Ό Γέροντας Παίσιος. Κόνιτσα, 1995. Σ. 176-178. գրքից):
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի