11 Նոյեմբեր, Բշ
Սատանան հպարտ քայլում է մի անջուր և հյուծված տափաստանով և ինքնագոհ ասում.
- Հիանալի է, համարյա կյանքի նշույլ չկա, լավ աշխատեցի...
Քիչ անց ճաքճքած հողի շերտերի մեջ նկատում է դեպի արեգակի լույսը ձգվող մի հրաշագեղ ծաղկի կոկոն:
Խավարի հրեշտակը կանգնում է ու զմայլված ասում.
- Իրապես գեղեցիկ է..., նույնիսկ ինձանի՞ց էլ...
Ապա մռայլվում է և արագ անհետանում: Բեռնատար մեքենաներ են գալիս, խիճ ու ասֆալտ բերում, լցնում այդ վայրը, ծածկում նաև նրբագեղ ծաղկին, և ասֆալտապատ մի ճանապարհ գցում:
Սատանան հայտնվում է և ավելի ինքնագոհ ասում.
- Սա է նրանց վերջը, ովքեր սիրում են լույսը ու ձգտում դեպի լույսը:
Որոշ ժամանակ անց խավարի հրեշտակը կրկին գալիս է ու քայլում այդ վայրով և զարմանքից քարանում: Ասֆալտը ճեղքած նրբագեղ ծաղիկը վեր էր բարձրացել դեպի արեգակի ճառագայթները և ծաղկել:
Խոժոռված սատանան ոտքը բարձրացնում է, որպեսզի տրորի ծաղկին, բայց դանդաղ իջեցնում է և ասում.
- Իրոք հրաշք է այս ծաղիկը:
Այնուհետև նայում է ծաղկից քիչ հեռու կանգնած Միքայել հրեշտակապետին...
Եթե նուրբ ծաղիկը կարող է ճեղքել ամուր ասֆալտը և վեր բարձրանալ դեպի լույսը, ապա առավել ևս մենք կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն և մոտենալ Աստծուն:
Հովհաննես Մանուկյան