23 Դեկտեմբեր, Բշ
Կարգ հիվանդաց կամ Վերջին օծում. աստվածային շնորհներով զորացած
Կարգ հիվանդացը խորհուրդ է
Կարգ հիվանդացը այն սուրբ խորհուրդն է, որով եկեղեցին աստվածային շնորհներ է բաշխում իր հիվանդ հավատացյալների ապաքինության համար: Այս խորհրդի ժամանակ հոգևորականը, ձեռքը դնելով հիվանդի վրա, աղոթում է նրա համար, Ավետարան կարդում, որպեսզի վերջինս հավատքով և Սուրբ Հոգու շնորհիվ կազդուրվի, զորանա և բժշկվի իր մարմնական ու հոգեկան տկարություններից ու հիվանդություններից: Կարգ հիվանդաց խորհրդի նպատակն է հորդորել հիվանդին՝ զղջալու իր մեղքերն ու դեպի Աստված դառնալու, որպեսզի լցվի հավատքով, հույսով ու սիրով, զորանա քահանայի աղոթքով ու օրհնությամբ և հոգեպես նորոգվի, ամրանա, լուսավորվի և զորանա աստվածային շնորհներով: Այս խորհուրդը կատարվում է ոչ միայն մահամերձ հիվանդների, որոնց համար կա «Հաղորդ տալոյ» կարգը, այլ նաև հիվանդների բժշկության համար: Եկեղեցին մեծ կարևորություն է տալիս Քրիստոսի Սուրբ Մարմնով և Արյամբ հիվանդներին հաղորդելուն: Հիվանդը, եթե ի վիճակի չէ եկեղեցի հաճախելու, կարող է և՛ տանը, և՛ հիվանդանոցում ստանա Սուրբ Հաղորդություն: Աստված միշտ պատրաստ է իր հավատացյալ զավակների մեղքերը ներելու և հիվանդությունները բժշկելու, պայմանով որ նրանք խոնարհվեն Իր առջև, խոստովանեն իրենց մեղքերը ու խնդրեն Իր ողորմությունը: Աստված այցելում է ամենքին, մխիթարում Իրեն օգնության դիմողներին և թողություն տալիս սրտով զղջացողին:
Քրիստոսի խոսքերն ու բժշկությունները (Մատթեոս 9.2; Հովհաննես 5.14) ցույց են տալիս, որ առհասարակ հիվանդությունը՝ լինի նա մարմնավոր թե հոգևոր, առաջանում է մեր կամա կամ ակամա գործած մեղքերից, որի հետևանքները արձագանք են գտնում՝ մինչև անգամ ժառանգաբար ավանդվելով որդուց որդի:
Խորհրդի հաստատումը
Այս սուրբ խորհուրդը հայ եկեղեցում կատարվում է՝ ըստ Քրիստոսի օրինակի ու պատվերի, Ով հաստատեց այն և Իր աշակերտներին իշխանություն տվեց հիվանդների վրա ձեռք դնելու և աղոթելու (Մատթեոս 10.1,8; Մարկոս 6.13; 16.18): Ընդ որում մեր Տերը հիվանդներից միմիայն հավատք էր պահանջում և Իր աստվածային ազդեցությամբ, խոսքով կամ ձեռք դնելով, բժշկում նրանց: Այդպես էլ կատարում էին առաքյալները՝ հետևելով Տիրոջ օրինակին: «Եվ հավատով կատարված աղոթքը կբժշկի հիվանդին: Տերը նրան ոտքի կկանգնեցնի, և եթե նա որևէ մեղք է գործել, կների նրան» (Հակոբոս 5.15): Մանուկների պարագային արարողությունը կատարվում է ծնողների հավատքի հիման վրա:
Սակայն չպետք է արհամարհենք բնական դեղամիջոցները, որոնք ապաքինման բնական ճանապարհներն են, հասկանալով, որ վերջնական փրկությունը միայն Աստծուց է: Նեղոս Սինայեցին էլ խորհուրդ է տալիս. «Հիվանդությունների ժամանակ բժիշկներին ու դեղերին դիմելուց առաջ աղոթիր»:
Վերջին օծում
Հայ եկեղեցին Վերջին օծում չունի, այլ միայն Կարգ հիվանդաց: Հիվանդների բժշկության համար յուղ չի գործածվում, քանի որ հավատացյալը արդեն սուրբ մյուռոնով օծվել է դրոշմի ժամանակ և ստացել Սուրբ Հոգու կենդանանար շնորհը: Երբ մկրտվելիս դրոշմվում են մեր աչքերը, ականջները, հոտոտելիքը, բերանը, ձեռքերն ու ոտքերը, ապա այս օծումը վերաբերում է հենց Վերջին օծման խորհրդին:
Կարգ հիվանդաց խորհրդի նպատակը ցույց է տալիս, որ այն կրկնելի է:
Ապաշխարությունը, Սուրբ Հաղորդությունը և աղոթքը լիապես փարատում են հավատացող հիվանդի մեղքերն ու ցավերը, զորացնում հավատքով և սպառազինում Սուրբ Հոգով:
Աստվածային պատվիրանների համաձայն ապրելով՝ մեր հոգու առողջությունը իր ճառագայթները սփռում է նաև մեր մարմնի վրա: Իսկ երբ մարդը մեղանչում է, խավարում է միտքը, սրտով թանձրանում ու կամքով մոլորվում է, և այդպես իր կյանքի ուղին նրան առաջնորդում է դեպի կորուստ: Այդպիսի մարդը ի վիճակի չի լինում հանգստությամբ ուղիղ դատելու, հանգամանքները կշռադատելու և իր կյանքը, Աստվածային պատվիրանների համաձայն ապրելու: Իսկ այս պարագայում, որպեսզի մարդը վերստին լուսավորվի ու զորանա, միակ ճանապարհն է՝ հոգեպես ամրացնել հիվանդին և կապել Աստծո շնորհների հետ: