25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր հարցրեց հայր Մակարիոսին մեծ կատարելության մասին: Ծերը նրան ասաց. «Եթե մարդը չստանա մեծ խոնարհություն` հոգով ու մարմնով, և եթե ամեն գործի մեջ իր անձը ոչինչ չհամարի և իրեն բոլոր մարդկանցից ամենավատթարը չդիտի, եթե չվարվի այնպես, որ ոչ մեկին չդատի խոսքով, այլ միայն իր գործերը քննի և դատի, եթե չհամբերի ամեն տեսակ ամոթի ու նախատինքի, եթե իր ետևը չգցի ամենայն չարություն և չնեղի իր անձը հանուն երկայնամտության, քաղցրության և եղբայրասիրության և չդառնա սուրբ ու պահեցող, ինչպես գրված է. «Բռնադատողներինն է Երկնքի Արքայությունը, և հզորներն են հափշտակում այն» (Մատթ. ԺԱ 12), եթե չլինի աչքով ուղիղ նայող և լեզվով՝ զգաստախոս, եթե հեռու չփախչի ամեն տեսակ ունայնաբանություններից, չունենա ձեռքերի արդարություն և սրտի սրբություն Աստծո առաջ, մարմնի անբծություն, աչքի առջև միշտ չունենա մահվան հիշողությունը, չհրաժարվի հոգու և մարմնի ամենայն բարկությունից ու խստությունից, չհրաժարվի ամեն տեսակ մարմնական նյութից և նրա ընձեռած վայելքներից, չփախչի սատանայից և նրա բոլոր գործերից, եթե անսասան չհավատա ամենքի Աստծուն և չկատարի Նրա պատվիրանները, անդադար չաղոթի, իր բոլոր օրերում և ամեն գործի և մտածության մեջ սևեռված չլինի առ Աստված, չի կարող կատարյալ լինել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016