Մի անգամ ձմռանը սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին, եղբայր Լևի հետ, մի քաղաքից մյուսն ուղևորվեց: Այնքան ցուրտ էր, որ նրանք դողում էին սառնամանիքից: Ֆրանցիսկը ձայն տվեց առջևից գնացող Լևին ու ասաց.
- Աստված տա, որ ամբողջ աշխարհի մեր եղբայրները սուրբ կյանքի օրինակ հանդիսանան: Սակայն գրի՛ առ, որ կատարյալ ուրախությունը դրանում չէ:
Մի քիչ գնալուց հետո սուրբ Ֆրանցիսկը կրկին ձայնեց Լևին ու ասաց.
- Նաև գրի՛ր, որ եթե մեր եղբայրները հիվանդներին բժշկեն, դևերին հալածեն, կույրերի աչքերը բացեն կամ չորս օրվա մահացածներին հարություն տան՝ դրանում էլ կատարյալ ուրախություն չի լինի:
Քիչ անց կրկին կանչեց եղբորն՝ ասելով.
- Գրի՛ առ, եղբա՛յր, որ եթե մեր եղբայրները բոլոր լեզուները, գիտություններն ու գրքերն իմանային, եթե կարողանային ոչ միայն ապագայի մասին մարգարեանալ, այլև՝ հոգու գաղտնիքների, միևնույն է, դրանում կատարյալ ուրախությունը չէր լինի:
Մի քիչ ճանապարհ անցնելուց հետո սուրբը կրկին ձայն տվեց եղբորն ու ասաց.
- Կրկին գրի՛ր, Աստծո գառնուկ, եղբա՛յր Լև, որ եթե մենք սովորեինք հրեշտակների լեզուներով խոսել, եթե աստղերի ընթացքն իմանայինք, եթե մեզ համար բացվեին երկրի ընդերքի, թռչունների, ձկների, բոլոր կենդանիների, բույսերի ու ջրերի գաղտնիքները՝ դա էլ կատարյալ ուրախություն չէր լինի:
Քիչ անց կրկին եղբորն ասաց.
- Ավելացրո՛ւ նաև, որ եթե մենք այնպիսի քարոզիչներ լինեինք, որ բոլոր հեթանոսներին Քրիստոսի հավատքին բերեինք, գրի՛ր, որ դրանում էլ կատարյալ ուրախություն չկա:
Այն ժամանակ եղբայր Լևը Ֆրանցիսկին դիմեց՝ ասելով.
- Այդ դեպքում ո՞րն է կատարյալ ուրախությունը, եղբա՛յր Ֆրանցիսկ:
Եվ Ֆրանցիսկը պատասխանեց.
- Ահա՛, թե որն է: Երբ մենք կեղտոտ, թրջված, ցրտից սառած ու սոված տեղ հասնենք, խնդրենք, որ մեզ ներս թողնեն, իսկ դռնապանը մեզ ասի. «Ի՞նչ եք թափառում, շրջմոլիկնե՛ր, գայթակղեցնում եք մարդկանց, աղքատների ողորմությունն եք գողանում: Հեռո՛ւ կորեք այստեղից»,- և դարպասը չբացի մեր առջև: Ու եթե մենք էլ այնժամ չվիրավորվենք և սիրով ու խոնարհությամբ մտածենք, որ նա ճիշտ է: Եվ թրջված, սառած ու սոված ողջ գիշերն անցկացնենք ձյան մեջ՝ առանց դռնապանից բողոքելու, այնժամ, եղբա՛յր իմ, միայն այնժամ կատարյալ ուրախություն կլինի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի