Կենդանի ջրի աղբյուրը

Կենդանի ջրի աղբյուրը  | Kendani Jri Aghbyury

 «Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի: Ով Ինձ հավատում է, - ինչպես Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին Իրեն հավատացողները. քանի որ Հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր» (Հովհ. 7.37-39):

Մենք Քրիստոսին, իբրև խաղաղասեր Աստծո Որդի ենք ճանաչում. ինչո՞ւ էր Քրիստոս աղաղակում: Որովհետև մարդկանց ականջները խլացել էին, նրանք մեղքի թմբիրի մեջ էին, այդ պատճառով էլ Քրիստոս աղաղակում էր, որպեսզի արթնացնի նրանց մեղքի քնից: Մեր Տերը ճիշտ այդպես աղաղակելով կենդանացրեց չորս օրվա մեռել Ղազարոսին: Քրիստոս մեղմ խոսքով արթնացրեց նաև Հայրոսի աղջկան՝ ասելով. «Տալիթա, կումի, որ նշանակում է՝ աղջիկ, դու, քեզ եմ ասում, վեր կաց» (Մարկ. 5.41): Մեր Տերն ավելի բարձր ձայնով կենդանացրեց նաև Նային քաղաքի այրու որդուն, որը մեկ օրվա մեռել էր: Ուստի, Նա տարբեր կերպ է մոտենում մարդկանց: Երբ մեկը դեռ նոր է չար ուղու մեջ, նոր է սայթաքել, Տերը մեղմ խոսքով է նրան դիմում, փորձում է սիրաշահել դեպի Երկնքի Արքայություն, հիշեցնում է Տիրոջ ողորմությունը, գութը, Երկնքի Արքայության ուրախությունները և հասկացնում մեղավորին, որ չար ընթացքով նա կզրկվի այդ բարիքներից: Սակայն, երբ մեղավորը չի լսում Տիրոջ խոսքը, հարատևում է մեղքերի մեջ, սկսում է անդադար չարիքներ գործել, այնժամ Տերն ավելի խիստ խոսքով է դիմում նրան՝ զգուշացնելով, որ եթե հետ չկանգնի իր չար ընթացքից ոչ միայն կզրկվի Երկնքի բարիքներից, այլև իր առաջ կբացվեն հավիտենական տանջանքները: Սակայն, երբ մեղավորը կրկին իր չար ընթացքի մեջ է մնում, ապա Տերը բարձր ձայնով աղաղակում է, զարհուրեցուցիչ խոսքերով է նրան դիմում, որպեսզի նա հետ կանգնի իր ընթացքից, որովհետև նա արդեն սանդարամետն է իջնում, որտեղ անքուն որդերը, աչքերի լացն ու ատամների կրճտումն է իր համար պատրաստված: Հորդորում է հետ կանգնել, զղջալ, արտասվել և սեփական արտասուքներով գեհենի կրակը հանգցնել, և այնժամ Տերը նրան կրկին կընդունի: Այդ պատճառով էր այսօր Քրիստոս աղաղակում, որպեսզի մեղքի մեջ քնած մարդկանց սրտերը արթնանան և դառնան դեպի Տերը: Եվ Տերը խոստանում է՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի… և նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Իրապես, Տերը կենդանի ջրի ակունքն է տալիս մեզ, որ է Սուրբ Հոգին, և ինչպես Ավետարանում է ասվում. «Հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր»: Մենք բոլորս հոգևոր քաղց ու ծարավ ունենք: Որտեղի՞ց է գալիս այդ քաղցն ու ծարավը, ի սկզբանե այդ ունեի՞նք, թե՞ ոչ: Սուրբ Գիրքն ասում է, որ մեր նախահայր Ադամը ստեղծվեց դրախտում վայելչության, անսահման ուրախությունների ու երանությունների մեջ: Իսկ եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ Ադամը որևէ բանի կարոտ չէր, ուներ աստվածտեսություն, Աստծո հետ զրուցելու, ինչպես նաև անմահ պտուղներ ճաշակելու հնարավորություն. նա ամեն ինչով լիացած ու հագեցած էր, քաղց ու ծարավ չէր զգում, ինչպես մենք այսօր: Սակայն, երբ պատվիրանազանց եղավ, նրա հոգին դատարկվեց, նա դարձավ սին ու դատարկ էություն, վտարվեց դրախտից, և Ադամի դրախտից վտարումից հետո մենք բոլորս ապրում ու զգում ենք այդ դատարկությունը: Մենք ևս կարոտում և փափագում ենք մեր հոգու մեջ ընդունելու Տիրոջ շնորհները, մեր Տեր Հիսուս Քրիստոսի տված խաղաղությունը, որովհետև մեր Տերը մեզ խաղաղ է ստեղծել: Ուստի, Քրիստոս այսօր մեզ ասում է. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի…», և նա ոչ միայն պետք է հագենա, այլև նրա ներսից կենդանի ջրերի աղբյուր պետք է բխի: Իրապես, Սուրբ Հոգու խաղաղարար աղբյուրը մեզ հագեցնում է, սակայն, երբ մենք կրկին կարոտում և փափագում ենք այդ ջրին, այն մեզ կրկին տրվում է և մշտապես հագեցնում: Եվ այս ջուրը նման չէ մեղքի ջրին, որը խմելով երբեք չենք հագենում, այլ մնում ենք ծարավ: Եվ մարդիկ չեն գիտակցում, թե ինչը պետք է լցնի հոգին. կարծում են, որ մեղքը պետք է հագեցնի իրենց հոգին: Ոմանք խմիչքի մեջ են այդ հագեցումը փորձում գտնել, սակայն սուտ է, ոչ մի կերպ խմիչքը, ծխախոտը, անառակ ընթացքն և ուրիշ տեսակի մեղքեր չեն կարող մեր հոգին հագեցնել, այլ ավելի մեծ ծարավ են առաջացնում և մեզ մշտապես խաբում:

Մեր Տերն ասում է. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. 4.4): Ուրեմն, Աստծո խոսքն է մեր հոգու հագեցումը և մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Մարմնի և Արյան հաղորդությունը: 

Սակայն, երբ Քրիստոսն այս խոսքերն արտասանեց, Սուրբ Հոգին դեռևս չկար, որովհետև Քրիստոս դեռ չէր փառավորվել: Իսկ ի՞նչ է Քրիստոսի սուրբ փառավորությունը: Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ Քրիստոսի փառքն է Նրա խաչելությունը. քանի դեռ Քրիստոս չէր խաչվել, Սուրբ Հոգին դեռևս չէր իջել: Իսկ ինչո՞ւ է Քրիստոսի չարչարանքները, զոհաբերությունն ու  խաչելությունը կոչվում փառք: Երբ Քրիստոս խաչվեց,  ժայռերը ճեղքվեցին, երկրաշարժ եղավ, գերեզմանները բացվեցին, մեռելները հարություն առան, տաճարի վարագույրը վերևից մինչև ներքև պատռվեց: Այս բազմաթիվ հրաշքները ցույց են տալիս, որ Քրիստոսի խաչելությունը Նրա փառքն էր: Եվ Պողոս առաքյալն ասում է. «Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղատ. 6.14): Եվ այսօր մենք ևս խաչակնքվում ենք, Սուրբ Հոգու զորությունն է իջնում մեր վրա և Քրիստոսի խաչով մենք ևս փառավորվում ենք: Այս բոլորը գիտակցելով փորձենք մեր հոգու ականջը միշտ բաց պահել Քրիստոսի կանչին, չսպասենք, որ Քրիստոս մեր մեղքի թմբիրի մեջ աղաղակի, այլ որպեսզի Քրիստոս մեղմ խոսքով անգամ մեզ գրավի դեպի Իրեն: Ամեն:

 

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան

 

 

20.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․