Կղզում

Մի ամայի կղզում երեք ճգնավոր էին ապրում և իրենց մոտ Սուրբ Երրորդությունը պատկերող մի սրբապատկեր ունեին: Նրանք հասարակ, անուս մարդիկ էին և իրենց սրբապատկերի առջև էլ իրենց հորինած պարզ աղոթքն էին ասում. «Դուք երեքն եք, մենք էլ երեքն եք, Տեր ողորմյա մեզ»: Այդպես էլ մշտապես միևնույն կերպ էին աղոթում:

Ահա մի օր էլ նրանց կղզուն մի նավակ մոտեցավ, որում նաև հոգևորականներ կային: Նրանք ասացին ծերունիներին, որ լսել են, թե այդ կղզում սրբեր են ապրում:

- Սրբե՞ր,- զարմացան ծերունիները,- ոչ, այստեղ միայն երեքս ենք ապրում: Շատ տարիներ առաջ, նավաբեկության ժամանակ խոսք տվեցինք Աստծուն, որ եթե փրկվենք, ապա մինչև կյանքի վերջ կապրենք այնտեղ, որտեղ կհայտնվենք: Եվ ահա, արդեն չենք էլ հիշում, թե քանի տարի ենք այստեղ:

- Պարզ է,- ասացին հոգևորականները,- իսկ ինչպե՞ս եք աղոթում:

- Ուրիշ աղոթք չգիտենք, բացի «Դուք երեքն եք, մենք էլ երեքն եք, Տեր ողորմյա մեզ»:

- Չէ՛, եղբա՛յր, այդպես ճիշտ չէ, ահա, թե ինչպես է պետք աղոթել,- ասացին հոգևորականներն ու «Հայր մեր»-ը սովորեցնելուց հետո ետ լողացին դեպի իրենց նավը: Երբ արդեն հասել էին նավին՝ հանկարծ տեսան, որ երեք ծերունիները ծովի վրայով դեպի իրենց են վազում՝ բղավելով.

- Սպասե՛ք, սպասե՛ք, մոռացանք ձեր աղոթքի վերջին տողերը:

Ապշած հոգևորականները միայն կարողացան ասել.

- Աղոթեք, ինչպես որ գիտեք: Մենք այդքան աղոթքներ գիտենք, սակայն ձեր սրտերի մաքրությունը չունենք, որ կարողանանք ջրերի վրայով վազել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

02.07.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․