Խոնարհ խոստովանություն Քրիստոսին

- Հա՛յր, աղոթքին ինչպե՞ս պետք է պատրաստվել:

- Այնպես, ինչպես Սուրբ Հաղորդությանն ենք պատրաստվում: Այնտեղ աստվածային հաղորդակցում է, այստեղ՝ աստվածային շփում: Երբ Հաղորդություն ենք ստանում՝ Քրիստոսին ենք ընդունում մեր մեջ, գալիս է աստվածային շնորհը: Աղոթքի մեջ մշտապես շփվում ենք Քրիստոսի հետ և այլ կերպ ենք շնորհն ընդունում: Մի՞թե դա քիչ է: Հաղորդության ժամանակ հաղորդակից ենք լինում Քրիստոսի Մարմնին ու Արյանը, աղոթքի ժամանակ շփվում ենք Աստծու հետ: Ինչպես նախքան Հաղորդությունն է անհրաժեշտ խոստովանության գնալ խոստովանահոր մոտ, այնպես էլ աղոթքն սկսելուց առաջ անհրաժեշտ է խոնարհությամբ Քրիստոսին խոստովանել. «Տե՛ր Աստված, ես չնչին մարդ եմ… Չարժե, որ ինձնով զբաղվես, սակայն խնդրում եմ, օգնի՛ր ինձ»: Այդպես գալիս է աստվածային օրհնությունն ու Աստծու հետ շփման ճանապարհը բացվում է:

Եթե մարդը չի զղջում և խոնարհաբար չի խոստովանում Աստծուն, ապա անպատրաստ է մնում: Պատնեշ է առաջանում, որը խոչընդոտում է Աստծու հետ նրա շփմանը: Դուռը փակ է մնում, և հոգին խաղաղություն չի գտնում: Սակայն եթե նա ասի. «Մեղա՜, Տե՛ր Աստված», ապա պատնեշը խորտակվում է կամ, ավելի լավ է ասել, Աստված բացում է դուռն, ու մարդն ընդունում է աստվածային շփման օրհնությունը:

- Հա՛յր, «Սանդուղք»-ում կարդացել եմ, որ աղոթքի համար պետք է այնպիսի հագուստ հագնես, որը մարդ հագնում է, երբ պատրաստվում է թագավորին ներկայանալ: Այդ ի՞նչ հագուստ է:

- Պետք է քեզ խոնարհեցնես Աստծու առաջ և խոնարհաբար ներում հայցես հանցանքներիդ համար: Ասա. «Մեղավոր եմ, Տե՛ր Աստված, անշնորհակալի մեկն եմ, վշտացրել եմ Քեզ: Ների՛ր ինձ»: Սակայն դա ներքին վշտով ասա, ոչ արտաքին: Դա է այն հագուստը, որը պետք է հագնել՝ Աստծու հետ զրուցելիս: Իսկ եթե դա չկա, ապա կարծես Աստծուն ասես. «Ինչպե՞ս են գործերդ: Ի՞նչ նորություն կա»: Եթե մենք պետք է ներողություն խնդրենք մարդուց, որի դեմ մեղանչել ենք, ապա առավել ևս պետք է ներում հայցենք Աստծուց մեր ամենօրյա հանցանքների համար:

- Դա նշանակում է, հա՛յր, որ պետք է մտածել այն մեղքերի մասին, որ ամեն օր գործո՞ւմ եմ:

- Նախ Աստծուց ներում հայցիր այն մեղքերի համար, որ օրվա ընթացքում ես գործել և արդեն հետո մտածիր մեղավորությանդ մասին ընդհանրապես: Այդպիսով խոնարհվում ես և հետո միայն սկսում խնդրանքներդ ասել: Ես աղոթքը հետևյալ խոսքերով եմ սկսում. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս» (Ղուկ. 18:13): Մի քանի անգամ կրկնում եմ շշուկով և հետո սկսում՝ աղոթել: Մի անգամ Աստծուն խնդրեցի ինձ աղոթել սովորեցնել: Եվ տեսիլքում մի տասնյոթամյա տղայի տեսա, որն աղոթում էր: Նա ինձ ամբողջովին ջախջախեց. այնպես էր լալիս ու աղոթում, որ ես ապշած ու ցնցված էի: Նա խոստովանությունից սկսեց. «Ես ապերախտ, անուղղելի…» Հետո ասում էր. «Տե՛ր Աստված, այս վիճակում գտնվելով՝ ինքս ի՞նչ կարող եմ անել, եթե Դու ինձ չօգնես»: Եվ այնուհետև իր խնդրանքներն էր ասում:

- Հա՛յր, աղոթելիս հաճախ մտածում եմ մեղքերիս մասին, ուստի չեմ կարողանում կենտրոնանալ:

- Արդեն ասացինք, որ նախքան աղոթքը սկսելն է պետք քննել քեզ ու խոստովանել մեղքերդ, այլ ոչ թե դրա ընթացքում: Այլապես արդեն ոչ թե ինքնաքննադատություն է ստացվում, այլ բանսարկուի հետ զրույց: Աղոքից առաջ պետք է մտածել, թե ինչն այն չէ մեզնում, ուղղել մեր միտքն այդ ուղղությամբ, կարգավորել նշանոցն ու… կրա՛կ:

 

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

27.11.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․