Խոնարհ մարդն իրագործում է պատվիրաններից բարձրագույնը

Հունվարի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մարիամ Աշխատոյանին (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Աշխատոյան ընտանիքի չորս անչափահաս երեխաների հայրը 2-րդ խմբի զինհաշմանդամ է և ի վիճակի չէ աշխատելու: Կարիքավոր բազմազավակ ընտանիքը բնակվում է վարձակալությամբ Էջմիածին քաղաքի Կրուպսկայա փողոցի 18 հասցեում: «Արդեն մի քանի ամիս է, ինչ մեծ աղջկաս մոտ տեսողության հետ կապված խնդիր է առաջացել, բայց չենք կարողանում նրան բուժման տանել՝ գումար չունենալու պատճառով: Իսկ ամուսնուս հաշմանդամության և ընտանեկան նպաստի գումարները հազիվ են բավարարում տան վարձի, կոմունալ ծախսերի և սննդի համար: Անչափ շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, Տեր Գրիգորից և աջակից անձից՝ ընտանիքիս օգնության ձեռք մեկնելու համար»,- ասաց Մարիամը:

Սիրո ամենամեծ արգելքը հպարտությունն է: Հպարտությունն ու սերը չեն կարող ապրել միևնույն սրտում: Որպեսզի մարդն իրագործի Քրիստոսի պատգամած բարձրագույն պատվիրանն Աստծո և մերձավորի հանդեպ սիրո մասին, ապա պետք է իր սրտից արմատախիլ անի հպարտությունը: Աստծո օգնությամբ հնարավոր է ազատվել հպարտության ախտից: Այս մեղքը հարձակում է գործում նաև նրանց վրա, ովքեր կարծում են, թե հասել են հոգևոր կատարելության. «Մի անապատական հպարտությամբ մտածում էր, թե ինքը, ի տարբերություն աշխարհի մյուս մարդկանց, գերազանցել է կատարելության մեջ: «Կգտնվի արդյո՞ք աշխարհում մեկը, որ ինձնից լավը լինի»,- մի օր նա հարցրեց ինքն իրեն: Նույն պահին ձայն լսեց երկնքից՝ գնա քաղաք և կտեսնես նրան, ով ավելի լավն է: Նա մեկնեց քաղաք և հանդիպեց մի ծերունու՝ մեջքին փայտի մի կապոց: Նրանք զրուցեցին, զրույցից անապատականն իմացավ, որ ծերունու միակ զբաղմունքը՝ քաղաքում փայտ վաճառելն է, որից ստացված եկամուտը նա երեք մասի է բաժանում՝ մի մասը որբերին, մյուսը՝ եկեղեցուն, իսկ երրորդը թողնում է իրեն: Լսելով այդ մասին՝ վանականն ամաչեց և սրտում խոստովանեց, որ գտել է նրան, ով ավելի լավն է, քան ինքը և բուժվեց հպարտությունից»:

 

 

Կարինե Սուգիկյան

23.01.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․