25 Նոյեմբեր, Բշ
Աշխարհիկ ամուսինները մի դուստր ունեին, և մի օր պիղծ դևերը սկսեցին չարչրկել նրան: Ծնողները դիմեցին մենակյացներին՝ խնդրելով աղոթք անել նրա վրա, սակայն չբժշկվեց: Այնուհետև նրանց մտերիմ մի մենակյաց ասաց. «Եթե կամենում եք, որ ձեր դուստրն առողջանա, գնացե՛ք այսինչ անապատը, որովհետև այնտեղ սուրբեր են, և հավատում եմ, որ նրանց աղոթքով կբժշկվի»: Եվ նրանք, լսելով նրան, ճանապարհ ընկան դեպի անապատ: Եվ պատահեց այնպես, որ մոտակա վանքից մի երիտասարդ դուրս եկավ, և երբ տեսան նրան, սաստիկ ուրախացան` ասելով. «Ահավասիկ Աստված նրանցից մեկին ուղարկեց, որպեսզի այդքան ճանապարհ չկտրենք մինչև անապատ»: Եվ երբ մերձեցան, դստեր հետ մեկտեղ ընկան գետնին` նրան աղաչելով և ասելով. «Մեր դուստրը չարչարվում է դևից. հանուն Աստծո, աղոթի՛ր սրա վրա»: Իսկ նա ասաց. «Ես մեղավոր մարդ եմ»: Բայց նրանք աղաչում էին` ասելով. «Ի սեր Աստծո, այդպես մի՛ ասա, այլ վշտակի՛ց եղիր մեզ և աղոթի՛ր դրա վրա», քանզի կարծում էին, թե խոնարհության պատճառով էր այդպես ասում, իսկ նա դարձյալ նույնն էր ասում նրանց: Եվ երբ շատ նեղեցին նրան և ջերմեռանդ սրտով աղաչեցին, իր անութի տակից հանեց փոքրիկ մի գիրք և ասաց նրանց երդվելով. «Սա գողացա և փախա վանքից»: Եվ երբ ասաց այս խոսքը, դևը հեռացավ աղջկանից` չդիմանալով երիտասարդի խոնարհությանը և նրանց հավատին, որ չնվազեց և չգայթակղվեցին երիտասարդի խոսքերից, այլ որպես մեծի և սրբի աղաչում էին նրան և երկրպագում: Եվ նրանք վերցնելով իրենց բժշկված դստերը` գնացին` փառավորելով Աստծուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016