11 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ յոթ եղբայրներ գնալով հայր Սիսոյի մոտ՝ հոգեշահ խոսք խնդրեցին նրանից: Իսկ ծերը պատասխանեց նրանց և ասաց. «Երբ ես եկա և բնակվեցի այս վայրում, նախապես գնացի հայր Ովրի և Ատրեի մոտ և նրանցից խոսք խնդրեցի: Իսկ նրանք, պատասխանելով ինձ, հարցրին. «Հավատո՞ւմ ես մեզ»: Եվ ես ասացի` այո՛: Նրանք ինձ ասացին. «Ուրեմն` գնա՛ և ինչ որ տեսար՝ մեզ անելիս, նույնը և դո՛ւ արա»: Եվ եղբայրները հարցին. «Ի՞նչ էր նրանց գործը», պատասխանեց ծերը և ասաց. «Նրանցից մեկը խոնարհ էր, իսկ մյուսը մեծ հնազանդություն ուներ»: Պատասխանեցին եղբայրները և ասացին. «Ահա նրանք ցույց տվեցին քեզ իրենց գործը, դու էլ մե՛զ պատմիր քո գործերը»: Պատասխանեց ծերը և ասաց նրանց. «Ըստ իմ խորհրդի այսպես ասեմ. ամեն ինչից գլխավորագույնը այս է, որ մարդն ամեն ինչում իրեն մի բան չկարծի»: Եվ նրանք մեծապես շահած՝ գնացին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016