25 Նոյեմբեր, Բշ
Մի մարդ արագ մտնում է իր երկհարկանի տունը, դուռն ամուր փականներով կողպում, շտապում հյուրասենյակ, հանում մի թավշյա տոպրակ, շուռ տալիս սեղանի վրա, ուր զնգզնգոցով ոսկե դրամներ են լցվում: Մարդն անփութորեն սկսում է դրանք հաշվել, ապա կենտրոնանալով կրկին հաշվում է, հետո նորից դանդաղ հաշվում և ասում.
- Հաշվում եմ, հաշվում եմ, պակաս է... Հնարավոր չէ, որ ես սխալվեմ, բայց Աստված ինչպե՞ս կարող է սխալվել, չէ՞ որ ես երեսունհինգ ոսկի եմ խնդրել, բայց ինձ երեսունչորսն է ուղարկել...
Չէ՞ որ այդ հողը, որ պիտի գնեմ, երեսունհինգ ոսկեդրամ արժե, էլ ինչպե՞ս հող պիտի գնեմ, բարիք ստեղծեմ, մարդկանց էլ այդ բարիքից բաժին հանեմ:
Ինչ-որ մեկը թակում է տան դուռը: Մարդն ուշադրություն չի դարձնում և կրկին սկսում է հաշվել դրամները: Իսկ դուռն անընդհատ թակում են: Այդ ամենից զայրացած մարդը երկրորդ հարկի պատուհանից զգուշավորությամբ նայում է և ներքևում տեսնում դռան մոտ կանգնած մի ծերունու:
- Այդպես էլ գիտեի, որ Աստված հիմա էլ մի կարիքավոր մարդու է այստեղ բերել, որպեսզի Իր նվիրած դրամներով ողորմություն անեմ: Բավական չէ, որ մեկ ոսկեդրամ պակաս է ուղարկել, հիմա էլ մի ծերուկ է ուղարկել, որ նրան ողորմություն տամ,- ասում է մարդը:
Այնուհետև բացում է պատուհանն ու շարունակում.
- Չե՛մ տա, թեկուզ մեկ հատ էլ չե՛մ տա: Աստված անարդար է իմ հանդեպ:
Ծերունին զարմացած հայացքը հառում է դեպի վեր և պատասխանում.
- Ինձ ապրելու կարճ ժամանակ է մնացել և իմ փոքրիկ ժառանգությունը, որ մեկ ոսկեդրամ է, որոշեցի փոխանցել որևէ մարդու: Աստված էլ ինձ բերեց այստեղ, իսկ դու Նրան մեղադրում ես` ինչ-որ հաշվապահությամբ զբաղվելով...
Հովհաննես Մանուկյան