23 Դեկտեմբեր, Բշ
«Թանգարաններ. հիշողության վկաներ» այսպիսին էր այս տարվա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օր միջոցառումների կարգախոսը:
Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղը մայիսի 16-ին իր հիշողությունը վկայում էր նաև երգով, պարով և ասմունքով:
Հայտնի նկարչի՝ Հակոբ Կոջոյանի նկարներով զարդարված դահլիճում հայերին երգ ու նվագ տվող Կոմիտասն էր երգում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախմբի շուրթերով: Մինչ դահլիճ բարձրանալը թանգարանի բակում հանդիսատեսը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ Տերունական աղոթքն ասաց: Վարդաշատ բակում հնչում էր հայկական գործիքների վարպետ, կոմպոզիտոր, թավջութակահար Գրիգոր Առաքելյանի «Գոհար վարդ» CD-ն, որի հիմքում Սբ. Գրիգոր Նարեկացու «Գոհար վարդ» տաղն է: Կոմպոզիտորը, հիմք ունենալով հոգևոր երաժշտությանը հարազատ հայկական վիոլան, մեկ ձայնանի տաղը բազմաձայնել էր ժամանակակից միջոցներով, ուդի և քանոնի մասնակցությամբ:
Գրիգոր Առաքելյանի կոմիտասյան մշակումների «Չինարի ես», «Ախ, մարալ ջան», «Առնեմ էրթամ իմ յարը», «Սոնա յար», «Զար զընգլ» քաղրցրահնչյուն երաժշտության ներքո թանգարանի բակում «Զորավոր մանկունք»-ը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժնի մագիստրանտներ՝ Վիկտորիա Մատվեևայի, Լուսինե Դավթյանի և Աելիտա Գևորգյանի հետ պարում էին նազանքով բուն հայկականը:
Կոմիտասյան պարային ելույթից հետո «Զորավոր մանկունք»-ը «Զարթիք փառք իմ» շարականի երգեցողությամբ հանդիսատեսին ուղեկցեց դեպի թանգարանի դահլիճ, ուր ներկաները վայելեցին «Կոմիտասը մանուկների շուրթերով» գրական-երաժշտական կոմպոզիցիան: «Զորավոր մանկունք» երգչախմբի ղեկավար Գոհար Հարությունյանի հրավերով կոմպոզիտոր Գիրգոր Առաքելյանը հայկական վիոլայով համեմեց երաժշտական երեկոն:
Երեխաները մեծ խանդավառությամբ ոչ միայն ներկայացնում էին Կոմիտասի մանկության պատմությունը, այլ նաև այդ շրջանի նրա բանաստեղծությունները՝ «Ես սիրեցի անփուշ վարդ», «Կյանք», «Դիտակ», «Կարմիր բոց», «Եռ ու սեր», «Գորով սեր», «Աշուն-գիշեր», «Աստված իմ», «Գարուն»: Կոմիտասն ողջ կյանքում իր ծոցագրպանում է կրել իր մոր փոքրիկ լուսանկարը՝ իր սրտում վառ պահելով նրա քնքուշ կերպարը: Այդ է վկայում իր «Մայրիկիս օրորը» բանաստեղծությունը:
Դեռ արգանդում՝ մայրիկըս ինձ
Վարդ էր բուրում, ոռոգում.
Եվ իր հոգում այգ-արևով
Գուրգուրում ու նորոգում:
Մանուկ Կոմիտասի դերում հադես եկավ վեցամյա Հրանտը «Տեր ողորմյա» շարականով: Երեկոյի ընթացքում հանդիսատեսը մանուկների շուրթերով ունկնդրեց Կոմիտասի թե՛ ժողովրդական և թե՛ հոգևոր երաժշտություն, ինչպես նաև Սուրբ Պատարագից հատվածներ: Երեկոյի ընթացքում հանդիսատեսն ունկնդրեց ոչ միայն երեխաներին, այլ նաև երգչախմբի ղեկավար Գոհար Հարությունյանի կատարմամբ Կոմիտասի «Օրորը», «Գարուն ա» և «Սասունցի Դավիթ» էպոսի երգային հատվածը՝ «Զողորմին»:
Կոմիտասին նվիրված երաժշտական երեկոյի ավարտին Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանին, ում օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում գործում է «Զորավոր մանկունք» երգչախումբը: Տեր Հայրը նաև շնորհակալություն հայտնեց «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի տնօրեն Աննա Սարգսյանին երկամյա համագործակցության համար, «Զորավոր մանկունք» երգչախմբի ղեկավար Գոհար Հարությունյանին, կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարուհիներին, երեխաներին և նաև բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել միջոցառման կայացմանը: Տեր Գրիգորը նշեց, որ հաճելի էր լսել Կոմիտասը մանուկների շուրթերից եռաձայն երգեցողությամբ և վստահ է, որ երգչախումբը կհամալրվի զորավոր մանուկներով:
Տիկին Աննա Սարգսյանը «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի անունից հուշանվերներ փոխանցեց Գոհար Հարությունյանին և Տեր Գիրգոր քահանա Գրիգորյանին:
«Զորավոր մանկունք» երգչախմբի ղեկավար Գոհար Հարությունյանը որպես երաժշտագետ և ֆոլկլորիստ իր քսանհինգամյա աշխատանքի արդյունքում բավականին ծավալուն ինֆորմացիա է հավաքագրել Կոմիտասի մասին: Երեխաները ներկայացրեցին այդ ինֆորմացիայի միայն մի հատվածը՝ Կոմիտասի մանկության շրջանը: «Երաժշտական երեկոյի նպատակն էր, որ երեխաները բացի Կոմիտասի մասին ներկայացնելուց, ուսանեն և առնչվեն մաքուր հայկական երաժշտությանը՝ տարբերակելով այն ոչ հայկականից: Կոմիտասն իր խոսքում նշել է, որ ինքը հայ երգը մաքրել է ամբողջ դարերի կեղտից, ուրիշ ժողովուրդների ազդեցությունից՝ թողնելով միայն մաքուր հայկական մեղեդին: Իսկ հանդիսատեսին էլ այսօր առիթ ընձեռնվեց ծանոթանալու Կոմիտասի կյանքի անծանոթ էջերին»,- ասաց Գոհար Հարությունյանը:
Հանճարեղ երգահան Կոմիտասը ասել է, որ մեր ժողովրդական երգերն ու պարերգերը բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը: Հայտնի է, որ միայն Կոմիտասի կողմից կա գրառված մոտ 1000 պար:
Գոհար Հարությունյանը նշեց, որ պարային բեմադրության մեջ կարևորվել էր գեղջկական պարային շարժումները, ապա հավելեց. «Կոմիտասը արժևորել է ոչ միայն երաժշտությունը, այլ նաև պարային արվեստը: Նա ունի բազմաթիվ հոդվածներ՝ «Պարն ու մանուկը», «Պարը», «Պարի շարժումները», որտեղ արտահայտում է այն միտքը, թե ամեն պարային շարժում արտահայտում է որևէ հոգեկան վիճակ, պարերն էլ կարող են խոսել, պատմել մարդու ներաշխարհը»:
Այսպիսով, հանդիսատեսը դեռ մի քանի առիթներ էլ կունենա «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ում ունկնդրելու «Զորավոր մանկունք»-ի երաժշտական երեկոներին նվիրված Կոմիտասի կյանքի տարբեր շրջաններին:
Կարինե Սուգիկյան