Մի մարդ դուրս է գալիս եկեղեցուց և ճանապարհին հանդիպում է մի անծանոթ անձնավորության, որը կշեռքով կշռում էր: Հարցնում է անծանոթին.
- Այդ ի՞նչ ես այդքան կշռում. մի կողմում հսկա կշռաքարեր ես տեղադրել, իսկ մյուս կողմում՝ չափազանց փոքրիկ մի կշռաքար ես դրել... Պարզ չէ՞, որ ծանրությունը միանշանակ հսկա կշռաքարերի կողմն է լինելու:
Անծանոթն ասում է.
- Քո աղոթքն եմ կշռում, այս մեծ ու հսկա կշռաքարարերը քո խնդրանքներն են, իսկ այս շատ փոքրիկ կշռաքարը՝ Աստծո հանդեպ քո սիրո կշռաքարն է: Իսկ ես քո պահապան հրեշտակն եմ, որն այս կշեռքով քեզ ցույց է տալիս, թե քո հավատքն ու աղոթքն ինչպիսին է... Պարզ չէ՞, թե քեզ համար ինչն է ավելի կարևոր և ծանրակշիռ...
Հովհաննես Մանուկյան