Գրքեր

Կյանքի իմաստը…

«Հազար ճամփա է մեզ շեղում նպատակից, մինչ դեպի այն տանում է լոկ մեկը…»  Միշել Մոնտե

Անկախ ընտրած մասնագիտությունից, անկախ կրոնական դավանանքից, անկախ ժամանակի հրամայականից՝ բանականության թռիչքների և սոցիալական ցնցումների խաչմերուկում յուրաքանչյուր ոք կյանքի ընթացքում հասնում է այնպիսի մի կարևոր ճամփաբաժանման, որտեղից պիտի սկսի իր ինքնուրույն կյանքը, ընտրի իր մասնագիտությունը և պատրաստ լինի գիտակցել, թե որն է իր կոչումը, նրա կյանքի իմաստն ու բովանդակությունը:

Մարդը գործող էակ է, և գործունեությունն աշխարհի հետ հարաբերվելու մարդուն բնորոշ ձևն է: Մարդն իր նպատակաուղղված գործունեության շնորհիվ կարողացել է վերափոխել իրեն տրված միջավայրը և ոչ միայն հարմարվել, այլև միջավայրը հարմարեցնել իրեն: Մարդուն հնարավորությունների լայն շրջանակներ են տրված, որոնց սահմաններում պիտի կարողանա օգտագործել հրաշագործ բանականության տարերքը և տեր կանգնի գաղափարին, մարդկային իր կոչմանը, որպեսզի արդյունքում դրանից շահի ոչ միայն իր սեփական անձը, այլև շրջապատը, հասարակությունը:

Մարդու կյանքի իմաստի հարցն իր մեջ պարունակում է այնպիսի կարևոր արժեքներ, ինչպիսիք են բարին, ճշմարտությունը, գեղեցիկը: Այսինքն մարդն իր ամենօրյա արարքներում պետք է առաջնորդվի բարության և գեղեցկության օրենքներով: Մարդու կատարած ցանկացած գործ, արարք պետք է ունենա բարոյական հնչեղություն և նշանակություն: Մարդկային կյանքի հիմքը պետք է լինի փոխադարձ սերը:  Սեփական կյանքի իմաստի ճիշտ ըմբռնման կողպեքը բացվում է միայն այն բանալիով, որը գտնվում է մարդկանց շփման մեջ, որի իմացաբանական էությունը Սերն է: Այսպիսով՝ կյանքի իմաստի ընտրությունը յուրաքանչյուր անձի առանձին ընտրությունն է, ինքնուրույն գիտակցված ընտրությունը:

Կյանքի իմաստը հաճախ կապվում է մարդու ընտրած այս կամ այն արժեքների, երեխաների, ընտանիքի, աշխատանքի հետ, սակայն դրանք կարող են յուրաքանչյուր մարդու մոտ, որոշակի ժամանակահատվածում տարբեր լինել (Ա Տիմ. 6:9-10, Բ Տիմ. 3:2-3): Մարդիկ ապրում են ինչ-որ բանի համար: Եթե նրանք չիմանային, թե ինչի համար են ապրում, նրանք պարզապես չէին ապրի: Սեփական գոյության նպատակը տարբեր ձևերով կարելի է սահմանել, բայց նպատակ անպայման պետք է լինի, հակառակ դեպքում դա ոչ թե կյանք կլինի, այլ անիմաստ գոյություն: Կյանքում պետք է նաև սկզբունքներ ունենալ, որոնք ընտրելիս ևս պետք չէ շտապել:

Կյանքում մի կանոն կա, որ յուրաքանչյուր մարդու համար, նրա կյանքի նպատակի մեջ, նրա սկզբունքներում, նրա վարքում պիտի լինի՝ կյանքը պետք է արժանապատվորեն ապրել, որ հետո հիշելիս չամաչես: Արժանապատվությունը բարություն, մեծահոգություն, նեղմիտ եսասեր չլինելու, արդարամիտ, լավ ընկեր լինելու, օգնելով ուրախանալու կարողություն է պահանջում:

Աշխարհում չկա մի բան, որն այդքան լավ կօգնի մարդուն վերապրել անգամ ամենավատ պայմաններից, որքան այն բանի իմացությունը, որ կյանքը իմաստ ունի:

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված Ադամին և Եվային ստեղծելիս մի առանձնահատուկ նպատակ ուներ նրանց համար. «Աճեցեք և շատացեք և լցրեք երկիրը և տիեզերքը և իշխեք ծովի ձկների և թռչունների վրա և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա» (Ծնն. 1:28):

Ինչ-որ մեխանիզմ, որևէ բարդ մաս ճիշտ կաշխատի, եթե այն օգտագործվի իր նպատակի համաձայն և այնպես, ինչպես այն ծրագրել է ստեղծողը: Նմանապես մենք, եթե ուզում ենք չվնասել ինքներս մեզ, լինի դա հոգևոր, մտավոր, զգացական, թե ֆիզիկական առումներով, մենք պետք է օգտագործենք մեր կյանքը այնպես, ինչպես, որ մեր Արարիչն է նպատակադրել:

Կյանքը մի բարդ խնդիր է, որը մենք ապրելով ենք լուծում: Հաճախ մարդիկ այդ խնդրի համար սխալ լուծումներ են գտնում, դրա համար էլ չեն ստանում ցանկալի արդյունքներ: Կյանքը հրաշալի գիրք է, որը մենք գրում ենք՝ կամա, թե ակամա: Սակայն գիրքը հնարավոր կլինի կարդալ միայն այն ժամանակ, երբ կավարտենք այն: Գիրքը ընթեռնելի կլինի մեր հաջորդների համար, ուստի մտածենք թե ինչ ենք գրում…

 

Աննա Մուրադյան

26.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․