25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
«Ով ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով հավատում է ինձ, ինչպես Սուրբ գիրքն է ասում՝ «Նրա սրտից կենսատու ջրի գետեր պիտի բխեն»» (Հովհ. 7:37, 38):
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Ահա այս ավետարանական տողերն են, որ Աստծո խոսքերի մասին մտորելու մի հրաշալի առիթ են տվել մեզ այսօր: Այս խոսքերը Քրիստոս արտասանեց ավելի քան երկու հազար տարի առաջ, բայց այսօր դրանք արդիական են առավել քան երբևէ: Այսօր, երբ նայում ենք 21-րդ դարը թևակոխած աշխարհին, ի՞նչ ենք տեսնում: Ի տարբերություն Փրկչի երկրային կյանքի ժամանակաշրջանի, այժմ ապրում ենք տարատեսակ գերժամանակակից տեխնոլոգիաների, գերարագ սարքավորումների, գերզարգացած ինֆորմացիոն ոլորտի և «գեր» նախածանցն ունեցող այլ բազմաթիվ երևույթների մի ժամանակաշրջանում: Ինֆորմացիոն յուրաքանչյուր միջոցից աշխարհը փողահարում է մարդասիրության, մարդու իրավունքների ու ազատության մասին: Սակայն, երբ բարձրացնում ենք կեղծ բարօրության այս մշուշապատ քողը, ապա լիովին այլ տեսարան է բացվում մեր առջև: Արտաքինից թվում է, թե բոլոր նախապայմանները ստեղծված են մարդու հանգստության ու երջանկության համար, ամեն ինչ արդեն արվել է նրան հարմարավետ կյանք ապահովելու համար, սակայն մարդը երջանիկ չէ: Թվում է, թե այդ բոլոր միջոցները պետք է նպաստեին աշխարհի վերելքին, սակայն պատկերը ճիշտ հակառակն է: Սրտի ցավով բախվում ենք անամոթ, անտարբեր ու անհոգի հասարակությանն ու ակամայից հարց է առաջանում. ինչո՞ւ: Իսկ այդ «ինչու»-ի պատասխանն արդեն երկու հազարմյակ առաջ տվել է Աստված, ասելով. «Ով ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի»: Իսկ ինչ ծարավի մասին էր խոսում Տերը, եթե ոչ՝ հոգու: Խոսքն իհարկե հոգու ծարավի մասին է, սիրելիներ: Այն ծարավի, որ քամել, չորացրել ու աղճատել է մարդկային հոգիները:
Մարդիկ սիրում են կրկնել, որ իրենք բանական էակներ են ու կենդանիներից իրենց բանականությամբ են տարբերվում, սակայն, երբ նայում ես այսօրվա խենթացած աշխարհին, ապա սկսում ես կասկածել այս պնդման ճշմարտացիությանը: Հոգու գոյությունն անհերքելի փաստ է այլևս բոլորի համար, իսկ մեզ՝ քրիստոնյաներիս համար այն առաջնային ու կարևորագույն դեր ունի: Մեր յուրաքանչյուր շունչն ու արտաշունչը պետք է մեր հոգու փրկությանն ուղղվի: Աստված Ինքն էլ երկիր իջավ ու մահվան դառը բաժակը համտեսեց՝ մեր հոգիները փրկելու անգին հնարավորությունը պարգևելով մեզ: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Ապրում ենք այնպես, կարծես մենք միայն մարմին ենք: Եվ տեսեք, թե աշխարհը որքա՜ն է դրան նպաստում: Աշխարհը ողողված է մարմնի կարիքները, մարմնի ծարավը հագեցնելու բազմապիսի միջոցներով ու դրանց գովազդով: Գործարաններ, խանութներ, տարատեսակ սրահներ ու ժամանցի վայրեր… Ամեն բան նախատեսված է մարմնի կարիքները բավարարելու համար: Խնամված արտաքին, մարզված մարմին, նորաձև սանրվածք ու հագուստ… Գեղեցիկ է ու հաճելի, բայց մարդիկ միևնույն է երջանիկ չեն, արտաքին խնամվածության հետ աճում է չարությունը, մաղձը, գրգռվածությունը, անտարբերությունն ու անամոթությունը նրանց մեջ: Մարդիկ մարմնի անմահության են ձգտում՝ մոռանալով, որ մեր Սիրող Հայրն արդեն իսկ մեզ անմահ հոգի է պարգևել: Երբ հոգևոր աչքերով ես նայում աշխարհին, ապա դրա արտաքին շքեղության ու փայլի տակ նրա հոգու սաստիկ սովն ու ծարավն ես տեսնում: Տեսնում ես մի աղքատիկ ու հյուծված հոգի, որ իր վերջին ուժերն է լարել կենդանի մնալու համար: Եվ եթե մարդը դեռ ամբողջովին չի կուրացրել ու խլացրել իր հոգին, ապա այն դեռևս հույս ունի, որ մի օր կխմի Կյանքի ջրի աղբյուրից: Նա ի ծնե գիտե Կենաց Աղբյուրի, Հավիտենական ճշմարտության մասին և փափագում է Նրա կենարար ջուրը համտեսել: Մարմինն առանց ջրի կամ սնունդի օրեր միայն կարող է գոյատևել, ուրեմն տեսեք, թե որքան առավել զորեղ է հոգին, որ տարիներ շարունակ դիմանում է սովին ու հույսով շարունակում է պայքարել:
Ո՞վ է մարդն առանց հոգու, սիրելինե՛ր: Մարմին միայն՝ անշունչ ու անօգնական: Հոգին է, որ կենդանություն է տալիս մարմնին, ձևավորում մարդու էությունը, զարդարում կամ այլանդակում այն: Հոգին է, որ սիրում է կամ ատում, զոհաբերության է մղում մարդուն կամ եսասիրության, բարի գործերի ու առաքինությունների է դրդում կամ չարության: Եվ նրա ստացած կերակուրից է կախված, թե որ ուղղությամբ կզարգանա այն: Այս պատճառով է չափազանց կարևոր, թե որտեղից են սնունդ առնում մեր հոգիները: Չէ՞ որ մարմնական կերակուրի պարագայում էլ այն կարող է առողջացնել ու ապրեցենել մեր մարմինները կամ թունավորել ու անժամանակ մահվան տանել դրանց: Մարդն, իր ծննդյան օրվանից, իր Արարչի, իր Երկնավոր Հոր պատկերն է կրում իր հոգում և իր հետագա կյանքից է կախված, թե որքանով այն հստակ ու անաղճատ կմնա այնտեղ: Եվ երբ Հիսուս Քրիստոս բոլոր ծարավներին Իր մոտ կանչեց՝ իրենց ծարավը հագեցնելու, Նա ցույց տվեց այն միակ ճշմարիտ ճանապարհը, որով ընթանալով՝ մարդու հոգին Սուրբ Հոգուց կկերակրվի, այլ ոչ թե՝ թշնամուց, չարից: Եվ մարդն, Աստծո կողմից ու Նրա պատկերով արարված լինելով՝ աստվածային ջրի կարիքն ունի միայն: Այդ է բնական ու կենսատու նրա համար: Իսկ, երբ մարդիկ հեռանում են Աստծուց ու սկսում թշնամուց կերակրվել, դա նման է այն արհեստական, զանազան քիմիական նյութերով թունավորված սնունդին, որ դեպի անխուսափելի մահվան է տանում: Կամ ի՞նչ եք կարծում, սիրելինե՛ր, մի՞թե բանական մեկը կթողնի լեռնային սառնորակ, վճիտ աղբյուրն ու կեղտոտ ջրափոսից կխմի: Արդ, սիրելի՛ հավատացյալներ, մենք ինչո՞ւ ենք այդքան հոգ տանում մեր ժամանակավոր մարմինների մասին, որ ստեղծված են հոգու կացարան լինելու համար և ամենևին անտեսում ենք հավիտենության համար ստեղծված մեր հոգիները: Աշխարհի բնակչության մեծամասնությունն ամեն օր լվանում, կերակրում ու այլևայլ եղանակներով հոգ է տանում իր մարմնի մասին և դա հրաշալի է, բայց ինչո՞ւ է մոռանում նույն կերպ և առավել իր հոգին խնամել: Ինչո՞ւ ենք ամեն ջանք գործադրում մեր մարմինների առողջության պահպանման կամ վերականգնման համար և անտեսում ենք մեր հոգիների առողջությունը: Գումարներ ու ժամանակ չենք խնայում սնվելու համար նախատեսված թանկարժեք վայրեր այցելելու համար, բայց այն անգին հոգևոր սնունդը, որ Եկեղեցին ու հոգևոր գրականությունն են տալիս՝ անտեսում ենք: Եկեղեցու զանգերն ամեն օր մեր հոգիների համար են ղողանջում՝ կանչելով մեզ հոգևոր սնունդ ստանալու, աստվածային բալասանով մեր խոցոտված հոգիները դարմանելու համար: Եկեղեցիներին կից ստեղծված կառույցների աշխատանքը մեր զավակների հոգևոր դաստիարակությանն ու նրանց հոգիների փրկությանն է ուղղված, սակայն, ցավոք սրտի, չենք կարող ուրախանալ այցելող սաների մեծ թվով: Մենք նախընտրում ենք գումար ու ժամանակ ծախսել մեր երեխաների մարմիններն ու միտքը զարգացնելու համար, բայց ամենակարևորի՝ հոգու, մասին մոռանում ենք:
Սիրելինե՛ր, Աստված ամենևին կարիք չուներ Իր երկնավոր բարձունքներից իջնելու, Իր արարածի կերպարանքն առնելու, նրանից չընդունվելու, հալածվելու և անարգ մահվան ենթարկվելու: Բայց արեց դա: Արեց հենց ա՛յդ արարածին անսահման սիրելով: Արեց, որպեսզի ծարավածները հագենան Իրենով: Աստված ա՛յդ աստիճան ընդառաջեց մեզ, կյանք պարգևող անգին Բալասանը նվիրեց, որպեսզի մենք ապրենք, իսկ մենք շարունակում ենք կործանումն ընտրել: Որտե՞ղ է տրամաբանությունը: Ինչո՞ւ ենք հրաժարվում Աստվածային Երանությունից ու մեր երջանկությունը, հոգու անդորրը համառորեն շարունակում ենք աշխարհում փնտրել: Մի՞թե մարդկության հազարամյակների պատմության մեջ գրանցված բյուր փաստերը, ապացույցներն ու վկայությունները, Եկեղեցու Հայրերի աստվածատուր շնորհով գրված բազմաթիվ աշխատությունները բավարար չեն, որպեսզի հասկանանք, որ հոգին է առաջնային և որ նրա երջանկությունն իր Արարչի՝ Ամենակարող Աստծո մեջ պետք է փնտրենք, խնդրենք, գործենք ու ստանանք: Դրանում համոզվելու համար բավական է միայն աշխարհի հզորների ու ազդեցիկների դեմքերին նայել ու նայել ծեր վանականներին, որ իրենց ողջ կյանքը Տեր Հիսուս Քրիստոսին են նվիրել, ծառայել են Նրա Եկեղեցուն, ճգնել իրենց պարզ խցերում: Վստահ եմ կարիք չկա ասել ձեզ, թե այս երկու խմբից որի դեմքին կտեսնեք ճառագայթող լույսը, երանավետ խաղաղությունը, աստվածային իմաստությունն ու այն մշտանդորր երջանկությունը, որ հոգում դրոշմված Տիրոջ պատկերից է սնվում:
Արդ սիրելինե՛ր, եթե այսօր այստեղ՝ Աստծո տանն ենք հավաքվել, ուրեմն հասկացել ենք, որ միակ Կենարար Աղբյուրը Նա է, որ ի զորու է Իր մաքրամաքուր ջրով լվանալ մեր հոգիները՝ դրանք կեղեքող մեղքերից, ազատել դրանք՝ տարիներով կուտակված չար սովորությունների ու կրքերի աղտից, սնել ու հագուրդ տալ մեր ցամաքած հոգիների ծարավին: Աղոթե՛նք Աստծուն, սիրելի՛ հավատացյալներ, կարդա՛նք Նրա Խոսքը, Նրա երանելի այրերի գրվածքները, Աստծո օգնությունն ու ողորմածությունը հայցելով՝ փնտրե՛նք ճշմարտությունն ու վստահ լինենք, որ Տերը կբացի այն մեր առջև: Հաստատո՛ւն մնանք մեր հոգևոր ձեռքբերումների մեջ ու Տիրոջ Ձեռքը բռնած՝ վստահ քայլերով առաջ ընթանանք դեպի Աստծո խոստացած Արքայությունը: Չերկնչե՛նք թշնամու առջև ու հաղթանակներ տանենք մեր հոգևոր պայքարում՝ արիություն և ուժ ստանալով Ամենակալի հաղթական պատկերից, որ դրոշմված պետք է լինի յուրաքանչյուրիս սրտի վրա: Օրական մարմնին անհրաժեշտ ջրի քանակն ապահովելու հետ միասին ապահովենք նաև մեր հոգիներին այնքան անհրաժեշտ աստվածային ջրի քանակը: Աստվածային անսահման սիրո ու հոգատարության կենդանի օրինակները լինենք համայն մարդկության համար, որ մեր աստվածահաճո կյանքից ոգեշնչվելով՝ ինքն էլ դեպի Կենաց Աղբյուրը գա: Եվ թող Տեր Հիսուս Քրիստոս, և միմիայն Նա, լինի մեր հոգիները սնուցող Աղբյուրը՝ այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան