23 Դեկտեմբեր, Բշ
1. Լեզվիդ պահպանություն արա ու մի բազմապատկիր խոսքերդ: Ով խոսքերն է բազմապատկում, նա չի կարող մեղքից զերծ մնալ (Անտոն Անապատական):
2. Շատախոսությունը կհեռացնի քեզանից Աստծո Հոգին (Անտոն Անապատական):
3. Բարկացած մի խոսիր, ձայնդ մի բարձրացրու, մի ճչա ու մի խոսիր արագարագ (Անտոն Անապատական):
4. Շրթունքներդ թող միշտ ճշմարտությունն ասեն (Անտոն Անապատական):
5. Բարի գործերի մասին, որ ուզում ես կատարել, երբեք մի ասա, կատարիր այն՝ նախապես չխոսելով դրա մասին (Անտոն Անապատական):
6. Մի բազմապատկիր խոսքերդ, շատախոսությունը հեռացնում է քեզ Աստծուց (Անտոն Անապատական):
7. Իմաստուն եղիր, լռությամբ փակիր քեզ զրպարտողի բերանը (Անտոն Անապատական):
8. Չար զրույցների սովորույթը ճանապարհ է չար գործերի (Անտոն Անապատական):
9. Լռիր, երբ տեսնում ես, որ խոսքերիդ ուշադրություն չեն դարձնում (Անտոն Անապատական):
10. Լռությունը մեր Տիրոջ ընդօրինակումն է (Անտոն Անապատական):
11.Երբ ճանապարհորդում ես եղբայրների հետ, մի փոքր առանձնացիր նրանցից, որպեսզի պահպանես լռությունը (Անտոն Անապատական):
12. Փախիր լեզվի պատերազմից (Անտոն Անապատական):
13. Երբ նստած ես եղբայրների հետ, շատ մի խոսիր, իսկ երբ նրանց ինչ որ բան ես ուզում հարցնել, ապա հարցրու կարճ և խոնարհաբար (Անտոն Անապատական):
14. Քո խոսակցության առարկան միշտ թող լինեն Աստծո բարերարությունները, դրանով դու Նրա կողմից կարժանանաս ավելի մեծ օրհնությունների (Անտոն Անապատական):
15. Եկեղեցում էլ երբեք չխոսես (Անտոն Անապատական):
16. Բարի խոսքը արծաթ է, իսկ լռությունը՝ ոսկի (Եփրեմ Ասորի):
17. Վախեցիր դատարկախոսություննից, ինչպես կվախենաս վայրի գազաններից ու գիշատիչ թռչուններից: Քանզի վերջիններիս նման այն ոչնչացնում է սուրբ կյանքի արդյունքները (Եփրեմ Ասորի):
18. Այգին առանց ցանկապատի ոտնատակ կլինի ու կամայանա: Եվ ով որ իր շրթունքները չպահի, կոչնչացնի առաքինության պտուղները (Եփրեմ Ասորի):
19. Լավ է քնել, քան թե ժամանակն անցկացնել դատարկախոսությամբ (Եվագր Պոնտացի):
20. Սովորեցրու լեզվիդ խոսել այն, ինչ սրտումդ է (Հայր Պիմեն):
21. Եթե մարդ հիշի Ս. Գրքի խրատը. «Քո խոսքով կարդարանաս և քո խոսքով կդատապարտվես», ապա կգերադասի լռել (Հայր Պիմեն):
22. Կան մարդիկ, որոնք կարծես թե լռում են, բայց սրտում դատում են մյուսներին: Այդպիսիները շատախոսներ են: Իսկ ոմանք առավոտից մինչև երեկո խոսում են, բայց իրականում լռում են, որովհետև ոչ մի բան առանց օգուտի չեն ասում (Հայր Պիմեն):
23. Ինչ դժվարության մեջ էլ որ ընկնես, հաղթանակն այնտեղ լռությունն է (Հայր Պիմեն):
24. Լեզուն մարդու ամենաօրհնված և ամենավնասակար անդամն է, քանի որ միայն մեկ հատիկ խոնարհ խոսքը կարող է մեղմել բարկությունը, իսկ կոպիտը՝ կատաղության հասցնել (Մակար Մեծ):
25. Չար խոսքը նույնիսկ բարիներին է չարացնում, իսկ բարի խոսքը չարերին էլ է բարիացնում (Մակար Մեծ):
26. Պահիր լեզուդ, քանի որ հաճախ արտաբերում է այն, ինչ ավելի լավ կլիներ թաքցնել (Նեղոս Սինայեցի):
27. Ով փախչում է մեղավորին չարախոսող լեզվից, ինքը նույնպես կխուսափի չարախոսության ախտից (Նեղոս Սինայեցի):
28. Աստծո հետ շատ խոսիր, մարդկանց հետ՝ քիչ (Նեղոս Սինայեցի):
29. Լռությունը հոգու մաքրման սկիզբն է (Բարսեղ Կեսարացի):
30. Ավելի լավ է քո մասին վատը լսես, քան՝ վատը խոսես ուրիշի մասին (Գրիգոր Աստվածաբան):
31. Սովորաբար նրանք են լավ խոսում, ովքեր ավելի քիչ են խոսում (Գրիգոր Աստվածաբան):
32. Ավելի լավ է շատ լսես, քան խոսես: Շատախոսության պատճառով մեղքից չես խուսափի (Գրիգոր Աստվածաբան):
33. Խոսիր այն ժամանակ, երբ լռությունը տհաճ է (Գրիգոր Աստվածաբան):
34. Որտեղ առատ են խոսքերը, այնտեղ սովորաբար շատ են նաև մեղքերը (Գրիգոր Աստվածաբան):
35. Ծանր է, երբ շրթունքների վրա սրբություն է, իսկ սրտում անօրենություն է և չարություն (Աբբա Եսայի):
36. Սուրբ մարդիկ սովորաբար սուրբ բաներից են խոսում (Աբբա Եսայի):
37. Սիրիր ավելի լռել, քան խոսել. լռությունից միտքը կենտրոնանում է ինքն իր մեջ, իսկ շատախոսությունից այն ցրվում է (Աբբա Եսայի):
38. Լեզվի զսպվածությունը մարդու իմաստության նշան է (Աբբա Եսայի):
39. Գերադասիր լռել, քան՝ խոսել: Քանզի լռելը հավաքում է, իսկ շատախոսությունը՝ շռայլում (Աբբա Եսայի):
40. Լեզվի սանձերը թուլացնողը ցույց է տալիս, որ ինքը հեռու է առաքինություններից (Աբբա Եսայի):
41. Իմաստությունն այն չէ, որ խոսես, այլ որ իմանաս՝ երբ խոսես (Աբբա Եսայի):
42. Եթե մեկն սկսի քեզ հետ անօգուտ բաների մասին խոսել, աշխատիր չլսել նրան, որպեսզի չվնասես հոգիդ: Վատ մի զգա, եթե նա վիրավորվի: Թույլ մի տուր, որ նա խոսքը շարունակի, ասա նրան. «Անձն իմ չի կարող տանել քո խոսքերը: Դադարիր այդ մասին խոսել, խնդրում եմ քեզ: Ես հին մարդուց ավելի ամուր չեմ, որին Աստված Իր ձեռքերով ստեղծեց, բայց նա չար զրույցով խաբվեց»: Փախիր հոգեվնաս զրույցներից, մի ցանկացիր ունկնդրել: Տես, եթե փախչում ես մարմնապես, ապա գաղտնապես էլ մի ցանկացիր իմանալ, թե ինչ էր ուզում ասել: Փախիր այնպես, որ իսկույն ևեթ մոռանաս այն ամենը, ինչը հասցրել էիր լսել: Եթե լսածներիցդ գեթ մի բան թույլ տաս հիշողությանդ մեջ մնա, այնժամ դևերը չեն կորցնի ընձեռված հնարավորությունը և կխոցեն քեզ: (Աբբա Եսայի):
43. Եթե իմ լռելը ձեզ օգուտ չի բերում, իմ խոսքերը նույնպես անօգուտ կլինեն (Հայր Պամբո):
44. Խոսելուց հետո ես հաճախ եմ զղջացել, բայց լռելուց՝ երբեք (Հայր Արսեն):
45. Տեսա շատերին, որոնք իրենց խոսքերի պատճառով ընկել են մեղքի մեջ, բայց լռելու պատճառով՝ գրեթե ոչ ոքի (Ամբրոսիոս):
46. Ինչպես բաղնիքում, երբ հաճախ են դռները բացվում, և գոլորշին դուրս է գալիս, այնպես էլ հոգին է, երբ մարդը ցանկանում է հաճախ խոսել, թեև բարի բան խոսելիս լինի, կորցնում է սեփական ջերմությունը՝ լեզվի դռների միջոցով: Գերադասելի է լռությունը՝ իմաստնագույն մտքերի մայրը (Աբբա Դիադոխ):
47. Պետք չէ վարդապետել ժամանակից շուտ, թե չէ ամբողջ կյանքում թերի կմնաս գիտությունից (Դիոնիսիոս Արիսպագացի):
48. Լռությունը իմաստնության պարիսպն է (Պետրոս Դամասկեցի):
49. Ճշմարտապես պահիր քեզ, որպեսզի քեզ համար մեծ ճգնություն և ժուժկալություն լինի հանապազ լուռ լինելը և չխոսել անգամ ամենափոքր բանի համար: Բայց եթե հարկավոր է խոսել, նախ փորձիր, Աստծո կամքն է լռե՞լը, թե՞ խոսելը: Եվ այսպես խոստովանի՛ր պատճառն Աստծո առաջ, թե՝ չեմ կամենում ըստ իմ կամքի կամ հեշտության խոսել, բայց գիտեմ, թե հիմա Աստծո կամքն ավելի խոսելն է, քան լռելը: Եվ ապա բանալ բերանն Աստծո խոսքով և խոսել, ինչպես վայել է Աստծո առաջ, երկյուղով, ահով, կատարյալ նվաստախոհությամբ և հեզությամբ: Եվ միշտ հեզ և խոնարհ բարք ունենալ՝ պատվելով բոլորին և հնազանդվելով նրանց:
Ճշմարտապես պահիր քեզ, որպեսզի այդպես պատահես մեկին, մեկ կամ երկու բան խոսես սիրո մասին և լռես: Եվ եթե նա քննի քեզ, պատասխանի՛ր նրան միայն այն, ինչ պետք է: Եթե վարդապետության մասին է խոսքը, որքան կարող ես, պահի՛ր քեզ, թե՝ տգետ եմ և անարժան, ապա բռնությամբ հազիվ խոսիր մի փոքր: Եվ այսպես, քննի՛ր քեզ առավոտյան ու երեկոյան և կարգ սահմանելով՝ շտկվիր: Եվ եթե գտնես, որ խոսեցիր ավելի, քան պետք էր, և ասացիր մեկին, թե ինչպես, ինչու կամ ինչ է այս բանը, աղոթի՛ր առ Տեր՝ հեծծելով և հառաչելով Նրա առաջ, և այսպես քեզ պատկերիր (Հայր Սրապիոն):
50. Հարց. -Հայր իմ, դու ասացիր, որ լռությունն ամեն դեպքում լավ է: Սակայն ինչ սկսել եմ այդպես վարվել, ինձ թվում է, թե ես ուղղակի ամոթխածությունից շփոթմունքս թաքցնելու համար եմ լռում և ավելի շատ վնասներ եմ կրում: Ո՞րն է ճիշտ:
Պատ. -Եթե դու լռում ես հանուն ճգնության, դա լավ է: Իսկ եթե լռում ես այլ պատրվակով, օրինակ, շփոթմունքդ թաքցնելու համար, ապա այս լռությունը վնասակար է (Բարսիլիսկոս Մեծ):
51. Հարց. - Ով սկսի չարախոսել դիմացինին, սակայն կեսից սթափվի, ի՞նչ պետք է անի:
Պատ. -Ով սկսի չարախոսել և սթափվի, պետք է անհապաղ դադարեցնի և փոխի զրույցի թեման: Խոսի հոգևոր բաներից: Սակայն այս զրույցն էլ թող չերկարացնի, որպեսզի շատախոսության պատճառով նորից չգործի չարախոսության մեղքը (Բարսիլիսկոս Մեծ):
52. Հարց. -Եթե ես չեմ ուզում եկեղեցում զրույցի բռնվել, սակայն որոշ վանականներ մոտենան ու ցանկանան զրուցել, ինչպե՞ս վարվել, որպեսզի իմ լռությունից չգայթակղվեն, չմտածեն, թե արհամարհում եմ իրենց:
Պատ. -Եթե նրանք սկսեն խոսել, պատասխանիր կարճ և կոնկրետ, և սա էլ ընդունիր ոչ այլ կերպ, քան որպես դատապարտություն (սեփական անձի) (Բարսիլիսկոս Մեծ):
53. Հարց. -Եթե այնպիսի զրույց է ընթանում, որը հոգեվնաս չէ, ինչպե՞ս վարվել. լռե՞լ, թե՞ մասնակցել:
Պատ. -Քանի դեռ քեզ հարց չեն տվել, լուռ մնա: Բայց եթե քեզ դիմեն, ապա խոնարհությամբ ու Աստծու երկյուղով պատասխանիր, ինչ գիտես: Մի գոռոզացիր, եթե քո ասածն ընդունեն, և ոչ էլ վշտացիր, եթե համամիտ չլինեն: Ուրեմն, դա է Աստծու կամքը: Եվ որպեսզի քեզ լռակյաց էլ չհամարեն, ասա՝ ինչ գիտես, սակայն՝ շատ սեղմ: Եվ սույնով կազատվես շատախոսությունից և ունայնամտությունից (Բարսիլիսկոս Մեծ):
54. Հարց. -Եթե այնպես պատահի, որ հայտնվեմ աշխարհիկ մարդկանց շրջապատում, իսկ նրանք սկսեն ունայնաբանել, ինչպե՞ս վարվեմ. մնա՞մ, թե՞ հեռանամ:
Պատ. -Եթե պատրաստված չես մնալու, ապա հեռացիր: Իսկ եթե հարմար պահ գտնես, մտքում աղոթիր նրանց համար, ոչ թե դատապարտելով նրանց, այլ քո տկարությունը գիտակցելով (Բարսիլիսկոս Մեծ):
55. Որքան միտքդ հեռանում է շատախոսությունից, այնքան պայծառանում է՝ իր մեջ ծագած խորհուրդները տարբերելու համար: Նույնիսկ շատ զորավոր խելք ունեցողները շատախոսության պատճառով կորցնում են այս կարևոր հատկությունը (Իսահակ Ասորի):
56. Հարկավոր է, որ խոսքդ խրատական լինի, որպեսզի թողնես լռությունդ (Աբբա Փաղաքիա):
57. Չարախոս հոգին եռաժանիք լեզու ունի, նախ ինքն իրեն է վնասում, հետո՝ լսողին, այնուհետև նրան, ում մասին չարախոսում է (Աբբա Փաղաքիա):
58. Միայն հոգևոր զրույցն է օգտակար ու գերադասելի լռությունից (Աբբա Փաղաքիա):
59. Պահիր լեզուդ, քանի որ կարող է կարճ ժամանակամիջոցում ցիրուցան անել բազում ջանքերիդ պտուղները (Հովհաննես Սանդուղք):
60. Ինչպե՞ս սանձել լեզուն: Առանձնությունը լեզուն սանձելու միջոց է («Հազար հարց» գրքից):
61. Պահի՛ր լեզուդ, երբ խորապես վիրավորված ես և կկանխես խռովությունն ու թշնամությունը («Վանական ուսմունք» գրքից):
62. Շրթունքները փակվում են մահվան հիշողությամբ, որ շատ կարևոր է և գնահատելի, քանի որ շատախոսությունը խլում է մարդուց հավիտենականության մասին միտքը («Վանական ուսմունք» գրքից):
63. Հոգով ու մարմնով ունայնախոսությանն ու զվարճությանը տրվողը շնացող է: Մարդահաճությունից դրդված դրանց մեջ գտնվողը կռապաշտ է (Հոգեշահ գրքերից):
64. Երանի թե շատ հաճախ լուռ մնացած և մարդկանց ընկերակցությունից խուսափած լինեի (Թովմաս Գեմբացի):
65. Եթե թույլ է տրվում և կարելի է խոսել, խոսիր օգտակար նյութերի մասին:
Եթե զրույցը հոգևորի շուրջն է, այն էլ՝ Աստծո կամքին հետամուտ և նույն երազանքով տոգորված մարդկանց հետ, շատ օգտակար է, քանզի մղում է կատարելության (Թովմաս Գեմբացի):
66. Ով որ հոգևոր կյանքով ապրելու ցանկություն ունի, պիտի Հիսուսի պես հեռանա ամբոխից:
Ոչ ոք զերծ չէ վտանգից, եթե չի սիրում մեկուսացումը: Ոչ ոք չի կարող չափավոր խոսել, եթե չգիտի կամովին լռել (Թովմաս Գեմբացի):
67. Եթե գիտես լուռ մնալ և համբերել, անկասկած Աստված քեզ պիտի օգնի (Թովմաս Գեմբացի):
68. Երբ առիթ է լինում գիտելիքներդ ցույց տալու, լռիր: Չգիտե՞ս ճշմարտությունն Աստծու Որդու մասին, Ում պետք է միշտ ընդօրինակել: Որովհետև Նա խոսում էր ոչ թե Իրենից, այլ ասում էր այն, ինչ Աստված է տալիս յուրաքանչյուրի օգուտի համար: Թող Աստված պահպանի քեզ և զորություն տա՝ ամեն պատեհ առիթով ողջախոհությամբ լռել կարողանալու, և օրհնի քեզ, եթե հարկադրված լինես խոսել: Եվ թող ոչ մի կիրք չարթնանա հոգումդ: Քանզի սիրտդ դեռևս անտեղյակ է, որ շատախոսությունը պղծում է մարդուն, այլապես թույլ չէր տա հաճույք ստանալ շաղակրատանքից (Թովմաս Գեմբացի):
69. Կա մի ուրիշ տեսակի և շատ սոսկալի մարդասպանություն, որը կատարվում է լեզվով. Այս տեսակի մարդասպաններն իրենց ընկերներին են բամբասում, նախատում և զրպարտում, որոնց համար Դավիթ մարգարեն ասում է. «Իրենց լեզուները օձի պես սրեցին, իժի թույն կա նրանց շրթունքների տակ» (Սաղմ. 139:3): Վա՜յ այն մարդուն, որի դեմ կշարժվեն այս տեսակ թունալից լեզուներ, նա օրհասական վերք ստացող մեկի պես պիտի գալարվի, նրա աչքերը արցունքի և սիրտը վշտերի մեջ պիտի լողան. նա՝ այդ թունալի լեզուն, մահացու ցավերը միշտ կրել է տալիս, բայց չի սպանում միանգամից, այլ տևական տառապանքների է մատնում իր զոհին (Տեր Գաբրիել քահանա):
70. Սուրբ գրվածքների գիտությունն ու մխիթարությունն անտեսողները հաճախ ընկնում են բամբասանքի մեջ, որովհետև ոչ հոգևոր ճշմարտությունից խոսել գիտեն, ոչ էլ որևէ օգտակար մի բանից: Ամենքին անխտիր բամբասում են, որպեսզի ժամանակ անցկացնեն: Եթե նրանց մեջ գտնվի գրագետ և իմաստուն մեկը և սուրբգրային ինչ-որ բան ասի, ապա շուտ ձանձրանում են, դատում են՝ քթի տակ ծիծաղելով, խոսքը շուռ են տալիս և լռեցնում: Ուրախանում են, երբ ոմանք հանդգնում են ասել, թե բավական է, որքան վարդապետություն արեցիր, սպասիր ուրիշներն էլ խոսեն: Եվ զարմանալու բան չկա, ովքեր սովոր են հաճույք ստանալ աղբի գարշահոտությունից, նրանք զզվում և խորշում են ծաղկի անուշահոտ բուրմունքից (Պողոս Պատրիարք):
71. Չկա ավելի իրավացի բամբասանք, քան երբ մեկը մտքում բամբասում է ինքն իրեն, որով և ազատվում է ընկերներին չարաչար բամբասելուց: Երբ կարողանում ես տեսնել քո թերությունները, ուրիշներինն այնքան էլ չի երևում (Պողոս Պատրիարք):
72. Գավազանի հարվածն այնքան չի ցավեցնում մարդուն, որքան լեզվի հարվածը: Թեկուզ լեզուն ոսկոր չունի, բայց ոսկոր է փշրում: Ինչպես որ կրակը ոչնչացնում է փայտը, այնպես էլ բամբասողի լեզուն՝ անմեղի ոսկորները: Ավելի շատ պետք է զգուշանալ խայթող լեզվից, քան կատաղի շան ժանիքներից (Պողոս Պատրիարք):
73. Եթե այն ամենը, ինչ խոսում է լեզուն, ձեռքը կատարի, շուտով նրա մատները կկոտրատվեն: Քանի որ լեզուն ոսկոր չունի, ինչքան որ կամենա՝ կխոսի և անվնաս կմնա, բայց ձեռքը, որ ոսկորներից է կազմված, երբ այդ ամենը անի՝ չարաչար կվնասվի (Պողոս Պատրիարք):
74. Հարկավոր է անարժան և անվայել խոսելուց զուսպ լինել, որպեսզի չդատապարտվես ըստ Տիրոջ վճռի. «Քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Պողոս Պատրիարք):
75. Չկա ավելի սուրբ լեզու, քան այն, որ գիտի վշտերի մեջ գոհություն հայտնել (Բարսեղ Մաշկևորցի):
76. Ստախոսությամբ բանսարկուի որդիներ չլինենք և բամբասանքներով Արքայությունից չտարագրվենք: Դատարկաբանությամբ մեր բերանները չպղծենք և անմտորեն ծաղրանքի չծառայենք (Սարգիս Շնորհալի):
77. Մինչև ե՞րբ պիտի անմտանանք, ասացեք խնդրեմ. մեր չարիքները բավական չե՞ն մեզ տանջելու համար, որ բամբասանքների վնասներն էլ ենք ավելացնում (Սարգիս Շնորհալի):
78. Եվ ի՞նչ ասենք նրանց մասին, ովքեր դատարկաբանելու և շատախոսելու համար են եկեղեցի հաճախում և, արտասվաթոր պաղատանքների և հաճոյական աղոթքների փոխարեն, որպես թե թատրոնում, կաքավների պես կարկաչում են ու չեն զարհուրում (Խոսրով Անձևացի):
79. Աղաչում ենք, որ ձեր շրթունքներին ու լեզվին դուռ և դռնապան դնեք, որպեսզի միայն օգտակար ու բարի խոսքերին ազատ ելք տան, իսկ չար, վնասակար և անօգուտ խոսքերը սրտի մեջ բանտարկեն՝ թույլ չտալով, որ միտքը չար մանուկներ ծնի, այլ մանավանդ՝ իր սաղմի մեջ պետք է խեղդել սատանայի սերմանածը (Ներսես Շնորհալի):
80. Թող ոչ ոք չբամբասի՝ ասածը ճիշտ լինի, թե՝ սխալ, ուր մնաց՝ դատարկ տեղը: Քանզի ի՞նչ օգուտ կբերես եղբորդ՝ ուրիշների մոտ նրան բամբասելով. քե՛զ վնասեցիր, և նա էլ ոչնչով չօգտվեց: Եթե ուզում ես օգտակար լինել նրան և քեզ, վարվի՛ր տերունական խրատի համաձայն, նրան սիրով հանդիմանի՛ր, ինչպես հիվանդ անդամին՝ սպեղանիով, նախ՝ առանձնաբար, եթե չանսա՝ երկու-երեք վկաների առջև, եթե նրանցից ևս չպատկառի և չուղղվի, եկեղեցու մե՛ջ ասա, և եթե եկեղեցու մեջ հրապարակորեն նախատվելով էլ չզղջա, այն ժամանակ իրավամբ թող քո կողմից համարվի և հռչակվի իբրև հեթանոս և մաքսավոր (Մաթտ.18:15 ) (Ներսես Շնորհալի):
81. Եվ արդ, թող ոչ ոք չվարժեցնի իր լեզուն զուր չարախոսության կամ ունայն անեծքի, անօգուտ կռիվների և վնասակար վիճաբանությունների մեջ հակառակորդին ընդդիմաբանելուն կամ վիճելիս աշխարհականների պես թշնամալից և անհարգալից խոսքերի բարբառմանը, որ վայել չէ սուրբերին:
...Նույնիսկ այնպիսին, որ գիտե իմաստնությամբ խոսել, շահավետ և օգտակար խոսքերը հաճախակի և անտեղի չպետք է արտաբերի, որպեսզի լսողները ձանձրանալով չնողկան, և բարի խոսքեր ատողները չնախատեն, այլ՝ սակավ, այն էլ՝ հեզությամբ և հանդիմանությամբ (Ներսես Շնորհալի):
82. Աղոթքի վայրում պետք չէ զրուցել, որովհետև սատանային է խոսակից նա, ով զրուցում է: Քանի որ մեր խոսակիցն այստեղ Աստված է, իսկ Նրան թողնել և ուրիշ մեկի հետ զրուցել պատշաճ չէ (Գրիգոր Տաթևացի):
83. Ի՞նչ է դուռը, եթե ոչ՝ քո բերանը, քանզի առաքյալն է ասում. «Դուք Աստծու տաճար եք» (Ա Կոր. 3:16): Եվ քո ներքին մարդը, փակելով դռները, որ քո բերանն է, թող մտնի այս տաճարը և սրբի այն բոլոր պղծություններից (Հակոբ Մծբնեցի):
Նյութերը վերցված են <<Խրատանի ապաշխարության>> գրքից: