Մահվանը պատրաստ լինելու մասին

Բավականին կարողությունների տեր երկու աշխատասեր եղբայրներ կային, որ իրենց զավակներներին էլ էին շատ աշխատասեր մեծացրել: Մի անգամ եղբայրներից մեկն իր մոտ կանչեց իր եղբոր զավակներին ու ասաց.

- Ձեր հայրը մի այնպիսի օր գիտի, որ այդ օրն աշխատելով կարելի է այնքան հարստանալ, որ այլևս ապրուստի կարիք չես զգա: Ես իմ սեփական փորձով գիտեմ, բայց մոռացել եմ, թե որ օրն էր, ուստի ձեր հոր մոտ գնացեք ու նրանից հարցրեք:

Երեխաներն ուրախությամբ իրենց հոր մոտ գնացին ու սկսեցին խնդրել, որ ասի, թե որ օրն է: Հայրը պատասխանեց.

- Ես էլ եմ այդ օրը մոռացել, բայց գնացեք ու ողջ տարին անդադար աշխատեք ու հնարավոր է, որ ինքներդ գտնեք անհոգ կյանք պարգևող այդ օրը:

Երեխաները մի տարի աշխատեցին, բայց այդպիսի օր չգտնելով՝ կրկին իրենց հոր մոտ եկան: Հայրը նրանց վարձատրեց իրենց աշխատանքի դիմաց ու ասաց.

- Ահա՛, թե ինչ: Տարին եղանակների բաժանեք ու ըստ դրանց աշխատեք, այդպես ավելի հեշտ կգտնեք այդ օրը:

Երեխաներն այդպես էլ վարվեցին, բայց կրկին չգտան այդ օրը: Տարվա վերջում հայրը կրկին վարձատրեց նրանց ու խորհուրդ տվեց.

- Եթե տարին ամիսների բաժանեք ու այդպես աշխատեք, կգտնեք այդ օրը:

Երեխաները սա էլ արեցին, բայց այդպես էլ օրը չգտնելով՝ հորն ասացին.

- Քո ասած օրը չգտանք, բայց հետագա կյանքի համար անհրաժեշտ միջոցներն արդեն ունենք, ուստի այլևս չենք աշխատի:

Հայրը պատասխանեց.

- Օրը, որի մասին խոսում էի, մահվան օրն էր, այդ պատճառով էլ չգտաք, քանի որ այն հաճախ վրա է հասնում այն ժամանակ, երբ դրա մասին ամենևին չենք մտածում: Ուստի պետք է օր ու գիշեր աշխատել հոգու փրկության համար ու նախապատրաստվել մահվանը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

15.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․