Պօղոս առաքեալը թեսաղոնիկեցի քրիստոնեաներին ուղղուած իր նամակում մահացածներին անուանում է ննջեցեալներ, քանի որ հաւատքով մահացածների մահը քուն է եւ հանգիստ (Ա. Թես. 4, 12): Քրիստոսով ննջողները, այս կեանքում հաղորդուելով Տիրոջ հետ, մահից դէպի կեանք անցան ու Քրիստոսին իրենց մէջ ունենալով՝ վախճանուեցին: Վերջին օրը, որպէս քնից արթնացած, հեշտութեամբ յարութիւն պիտի առնեն: Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն ասում էր. «Մահը ոչ այլ ինչ է, քան երկարատեւ մի քուն: Մի՛ ասա, թէ մեռածը չի լսում, չի խօսում եւ չի տեսնում ու ոչ մի բան չի զգում, քանի որ նոյնն է նաեւ քնած մարդու վիճակը: Մի արտառոց բան ասե՞մ: Քնած մարդու հոգին էլ կարծես թէ ննջում է, սակայն մեռածին հակառակ՝ մնում է արթուն: Բայց ասում են, թէ մեռածը փտում է ու հող դառնում: Սիրելի՛ս, սրա համար հարկաւոր է, որ դու առաւել եւս ուրախանաս, քանի որ նա, որ ցանկանում է փլուած իր հին տունը վերակառուցել, նախապէս այնտեղից դուրս է հանում ապրողներին եւ յետոյ քանդում է այն ու նորից կառուցում եւ կանգնեցնում է աւելի՛ լաւ կերպարանքով…: Աստուած հողին է յանձնում ապականուած ու մահկանացու մարմինը եւ այն դարձնում անմահութեան ոսկէ արձան, քանի որ երկիրը, ընդունելով ապականուած ու մահկանացու մարմինը, այն դարձնում է անապական եւ անմահ: Ուստի նայելով մեռած մարմնին՝ մի՛ տես այն, որ ննջեցեալի աչքերը փակուած են ու լուռ պառկած է, այլ անդրադարձի՛ր, թէ այդ մարմինը յարութիւն պիտի առնի՝ ստանալով անասելի վեհապանծ փառք, եւ այդ ներկայ իրական տեսիլքից մտքիդ խորհուրդները վերառաքի՛ր դէպի ապագայ յոյսը»:
Քրիստոնեաները գարշում են դիակիզումից, որովհետեւ այն հակասում է մահուան՝ որպէս քնի քրիստոնէական հասկացութեանը, որն իր հերթին կապուած է Յարութեան վարդապետութեան հետ: Մարմինը թաղւում է հողում, որպէսզի մարդ վճարի իր դատապարտութեան պարտքը, ըստ այն խօսքի, թէ՝ «Հող էիր եւ հող էլ կը դառնաս»: Ինչպէս ասում են Եկեղեցու հայրերը, «հողը մեր մայրն է, որ միւս տարրերից առաւել ծածկում է մեր գարշութիւնները, ինչպէս մայրը՝ իր մանկանը»: Իսկ երբ ժամանակը գայ, ննջեցեալի մարմինը յարութիւն պիտի առնի գերեզմանի քնից: Յարութիւնից յետոյ անապական մարմինը միաւորուելու է անփոփոխ հոգուն՝ նմանուելով Քրիստոսի անապական եւ անփոփոխ մարմնին, քանի որ սա Տիրոջ խոստումն է:
Դիակիզումը չի համընկնում Քրիստոսի՝ մինչեւ Իր Յարութիւնը մեռած ու թաղուած մարմնին, ոչ էլ համահունչ է ապագայ յարութեան մասին Յիսուսի հետեւեալ խօսքին. «Ինչո՞ւ էք զարմանում, որովհետեւ կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը եւ դուրս կը գան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար» (Յովհ. 5, 28-29): Նախնի քրիստոնեաներն ունէին շատ յստակ եւ անխախտ աստուածաբանական տեսութիւն՝ ննջեցեալ մարմինները տնօրինել որպէս յուղարկաւորութեան (թաղման) միակ ընդունելի կերպ: Սա էր թաղման աստուածաբանական տեսութիւնը` մահուան՝ որպէս քնի վերաբերեալ քրիստոնէական վարդապետութիւնը: Թէեւ արդէն իսկ Հին Կտակարանում Դանիէլ մարգարէն յայտարարել էր, թէ` «Երկրում, հողի մէջ ննջածներից շատերը յարութիւն պիտի առնեն» (Դան. 12, 2), այս թաղման վերաբերեալ վարդապետութիւնը յետագայում լրացուեց Քրիստոսի իսկ խօսքերով, երբ Յայրոսի դուստրը մեռաւ, Յիսուս նրա հօրն ասաց. «Մանուկը մեռած չէ, այլ ննջում է» (Մարկ. 5, 39): Յիսուս նման բան ասաց Մարիամին ու Մարթային, երբ նրանք Յիսուսին ասացին, թէ իրենց եղբայր Ղազարոսը մեռաւ. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ» (Յովհ. 11, 11): Նոր Կտակարանում մահուան՝ որպէս քնի վերաբերեալ քրիստոնէական տեսութիւնը նորից է շեշտւում, երբ Պօղոս առաքեալն ասում է. «Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը» (Ա. Կորն. 15, 20): Թեսաղոնիկեցիներին ուղղուած նամակում Պօղոս առաքեալը նոյնպէս նշում է. «Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ կեանքի պիտի բերի նրա հետ» (Ա. Թես. 4, 13):
Մահուան՝ որպէս քնի վերաբերեալ վարդապետութիւնն ունեցել է հզօր ազդեցութիւն վաղնջական քրիստոնեաների վրայ եւ սա դատարկ փոխաբերութիւն չէր իրենց համար, քանի որ գիտէին ու հաւատում էին նրանց վկայութեանը, որոնք իրենց աչքերով տեսել էին Քրիստոսին, երբ Նա յարութիւն առաւ մեռելներից, ինչպէս Պետրոսն ու Յովհաննէսն էին ասում. «Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք եւ լսել» (Գործ. 4, 20): Նրանք հաւատում էին, որ Քրիստոսի Երկրորդ Գալստեան ժամանակ գերեզմաններից դուրս պիտի ելնեն բոլոր ճշմարիտ հաւատացեալները, ճիշդ այնպէս, ինչպէս Յիսուս յարութիւն առաւ: Հողի մէջ թաղուելը նախորդում է յարութեանը: Եւ այս համոզումն ունենալով՝ վաղ քրիստոնեաներն օգտագործում էին յունարէն «κοιμητήριον» («koimeterion», կիմետերիոն) բառը, այսինքն` «գերեզմանոց», որ նշանակում է «ննջման ժամանակաւոր հանգրուան»: «Գերեզման» նշանակում է «գերէ զամենեսեան», քանի որ այն գերում է ամէնքին: Սա պարսկերէն բառ է ու բառացիօրէն նշանակում է «հողի ներքոյ»: Գերեզմանն ունի նաեւ այլ անուններ՝ «հանգիստ», «դիրք, «շիրիմ», «դամբարան»: Հետաքրքրական է, որ անգլերէնի «cemetery» (գերեզմանոց) բառը նմանեցւում է «koimeterion» բառին: Ուստի, երբ անգլիախօս մարդիկ օգտագործում են «cemetery» բառը, նրանք գիտակցաբար թէ անգիտակցաբար արձագանգում են քրիստոնէական թաղման մասին վարդապետութեանը, որ ցոյց է տալիս, թէ մահացածները գերեզմաններում ննջում են մինչեւ Քրիստոսի Երկրորդ գալուստը եւ յետոյ յարութիւն պիտի առնեն, ճիշդ այնպէս, ինչպէս քրիստոնեաները խոստովանում են իրենց դաւանանքը՝ «Հաւատքի հանգանակը» արտասանելով:
Եկեղեցու հիմնական առաքելութիւնն է աւետարանել եւ ուսուցանել Յիսուս Քրիստոսի Աւետարանը: Եկեղեցին Քրիստոսի փրկագործութեան Աւետարանը քարոզում է նաեւ եկեղեցական շարականներով եւ օրհներգութիւններով: Սուրբ Պատարագի ընթացքում «Ի գերեզման» Յարութեան շարականի մէջ երգում ենք հետեւեալ խօսքերը. «Ի գերեզման յարուցելոյն անմահին, այսօր գոչէր հրեշտակն երկնային, յարեաւ Քրիստոս, զարթեաւ Քրիստոս, ի կոյս գերեզմանէն: Յարեաւ Քրիստոս, զարթեաւ Քրիստոս, ի կոյս գերեզմանէն, ի լոյս գերեզմանէն: Ամէն»: Գերեզմանում թաղուելն ու յարութիւն առնելը յաճախ ընդգծւում է եկեղեցական շարականներում: Այն մխիթարական շարականները, որոնք խօսում են գերեզմանում հանգիստ գտնելու մասին, որտեղ ննջեցեալն սպասում է Քրիստոսի վերակենդանացնող կոչին, իրենց իմաստը կորցնում են, եթէ մարդիկ դիակիզուեն կամ էլ դիակիզուելուց յետոյ իրենց աճիւնները թաղուեն: Որքա՜ն արտառոց կը լինի խօսել սրանց մասին՝ որպէս ննջեցեալների: Դիակիզման հետեւանքով մխիթարական շարականները կորցնում են գերեզմանում հանգուցեալի ննջած լինելու քրիստոնէական կարեւորագոյն հասկացութիւնը յարութեան մասին: Եւ եթէ քրիստոնէական եկեղեցիներում դիակիզման աճը շարունակուի աւելանալ, այս մխիթարական շարականները, ինչպէս նշում են ընկերաբանները (սոցիոլոգներ), դառնում են պարզապէս մշակութային հնութիւն կամ էլ աստուածաբանական զարտուղութիւն եւ անկանոնութիւն:
Ննջեցեալի մարմինը գերեզմանում դնելուց առաջ քահանան ձեռքն է առնում մի ափ հող, այն երեք անգամ խաչակնքելով օրհնում է եւ ասում. «Օրհնի՛ր, Տէ՛ր, ողորմութեամբդ Քո այս ծառայի (աղախնի) հողը եւ յիշի՛ր նրան, որովհետեւ հող էր ու դարձեալ հողին վերադարձաւ Քո հրամանի համաձայն»: Ապա հողը գերեզմանի մէջ ցրելով՝ ասում է. «Աստուածային օրհնութիւնը թող իջնի սրա մահուան հողի վրայ եւ վերջին օրը թող այն ծաղկեցնի Հօ, եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ անունով»: Ուրեմն, հողը երիցս օրհնւում է եայնպէս, ինչպէս ջուրը՝ մկրտութեան ժամանակ: Ննջեցեալի մարմինը գերեզմանում դնելուց առաջ, երբ հողն է օրհնւում, ասւում է. «Յիշի՛ր, որ հող էիր եւ հող էլ կը դառնաս»: Հողն օրհնւում է, որովհետեւ Ադամի յանցանքից յետոյ երկիրն անիծուեց, ու քրիստոնեայի օծուած մարմինը չի կարելի դնել անսուրբ հողում, այլ այն պէտք է նախ օրհնել ու սրբել Սուրբ Երրորդութեան անունով: Հետեւաբար, օրհնուած հողում թաղուելը ողորմութիւն է ննջեցեալներին, քանի որ Քրիստոսին գերեզման դնելուց յետոյ ամբողջ հողն օրհնուեց: Դրա համար ննջեցեալի մարմինը հողում դնելուց յետոյ գերեզմանը կնքւում է Տիրոջ սուրբ ու պատուական խաչով: Քահանան նախ ասում է. «Թող օրհնուեն ու կնքուած մնան Աստծու այս ծառայի (աղախնի) գերեզմանն ու ոսկորները...»: Գերեզմանը կոչւում է նաեւ հանգիստ, քանի որ հոգին հանգստանում է մարմնի տառապանքներից ու գործերից: Յետոյ քահանան ասում է. «Թող օրհնուեն ու կնքուած մնան Աստծու այս ծառայիս (աղախնի) շիրիմն ու ոսկորները...»: Ասւում է շիրիմ, քանի որ այստեղից պիտի յառնի մարմինը ու շինուի յարութեան օրը: Սրանից յետոյ քահանան ասում է. «Թող օրհնուեւ եւ կնքուած մնան Աստծու այս ծառայիս (աղախնի) դամբարանն ու ոսկորները...»: Ասւում է դամբարան, որը նշանակում է պահարան, քանի որ այստեղ պահուեց մարմինը որպէս գանձ, որպէսզի դարձեալ Տիրոջը վերադառնայ: Իսկ վերջում քահանան ասում է. «Թող անշարժ մնայ տէրունի կնիքը Աստծու այս ծառայիս (աղախնի) գերեզմանի վրայ մինչեւ Քրիստոսի գալուստը, որ երկրորդ անգամ գալով` Հօր եւ Սուրբ Հոգու փառքով պիտի նորոգի. ամէն»: Այս տէրունական կնիքով՝ խաչով են պահւում ննջեցեալի նշխարները, իսկ հոգին հանգրուանում է վերին օթեւաններում մինչեւ Տիրոջ Երկրորդ Գալուստը:
Գևորգ սրկ. Գևորգյան
«Քրիստոնէական քննական տեսութիւն դիակիզման մերժման մասին» գրքից