Մարդ դժոխային տանջանք է զգում Աստծուց հեռանալով

Ես նույնիսկ մի օր չեմ հիշում, երբ աստվածային մխիթարություն չեմ զգացել: Երբեմն ընդմիջումներ լինում են և այդ ժամանակ ես ինձ վատ եմ զգում: Այսպես եմ ի վիճակի լինում հասկանալ, թե ինչ վատ է ապրում մարդկանց մեծամասնությունը: Նրանք հեռացել են Աստծուց և այդ պատճառով էլ զրկվել աստվածային մխիթարությունից: Որքան մարդն ավելի է Աստծուց հեռանում, այնքան դժվար է դառնում նրա համար: Իսկ եթե Աստված ունենաս, ապա կարելի է այլևս ոչինչ չունենալ և ոչինչ չցանկանալ: Ամեն ինչ դրանում է կայանում: Եթե մարդ ամեն ինչ ունի, բայց Աստված չունի, ապա ներքին տառապանք է զգում: Այդ պատճառով էլ, որքան հնարավոր է, պետք է մոտենանք Աստծուն: Միայն Աստծուն մոտ գտնվելով է մարդ իրական, հավիտենական ուրախություն գտնում: Քաղցր Հիսուսից հեռու ապրելով՝ մենք դառը բաժակ ենք խմում: Երբ հին մարդը դառնում է մարդ՝ թագավորի որդի, ապա սնվում է աստվածային վայելքներով, երկնային քաղցրությամբ ու դրախտային ուրախություն է ապրում՝ արդեն այս կյանքում մասնակիորեն զգալով դրախտային խնդությունը: Դրախտային փոքր ուրախությունն օրեցօր ավելի է աճում: Մարդն ինքն իրեն հարց է տալիս. «Մի՞թե դրախտում ավելի մեծ բան կա, քան այն, ինչ ես հիմա եմ զգում»: Նա այնպիսի վիճակում է, որ չի կարող ոչնչով զբաղվել: Նրա ծնկները մոմի պես ծալվում են աստվածային այդ ջերմությունից ու քաղցրությունից: Նրա սիրտը բերնեբերան լի է, թրթռում է ուրախությունից, ցանկանում է կրծքավանդակի կավե միջնապատը ճեղքել ու դուրս թռչել, որովհետև աշխարհն ու ամեն աշխարհայինը դատարկ բան է թվում սրտին:

Սկզբում մարդ շփման մեջ էր Աստծո հետ: Բայց հետո հեռացավ Աստծուց ու իրեն այնպես էր զգում, կարծես սկզբում պալատում էր ապրել, իսկ հետո պալատի դարպասներից հավիտյանս այն կողմ հայտնվելով՝ հեռվից պալատին էր նայում ու լաց լինում: Ինչպես մորից հեռու գտնվող երեխան է տանջվում, այնպես էլ Աստծուց հեռացած մարդն է տառապում: Մարդ դժոխային տանջանք է զգում Աստծուց հեռանալով: Սատանային հաջողվել է մարդուն այնքան հեռացնել Աստծուց, որ մարդիկ սկսել են կուռքերի պաշտել ու իրենց երեխաներին զոհաբերել դրանց: Ի՜նչ սարսափելի է: Թե որտեղի՞ց են այդքան «աստվածներ» պեղում այդ դևերը: Քամոս «աստված»*… Միայն անունը բավական է: Սակայն ամենից առավել սատանան է տանջվում, քանի որ ամենից շատ է Աստծուց ու սիրուց հեռացել: Ու եթե սերը հեռանում է, ապա սկսվում է դժոխային տանջանքը: Սիրո հակադիրը ո՞րն է: Չարությունը: Իսկ չարությունն ու տառապանքը նույնն են:

Նա, ով հեռացել է Աստծուց՝ դիվային ներգործության է ենթարկվում, իսկ Աստծո հետ ապրողն աստվածային բարեշնորհությունն է ստանում: Աստծո բարեշնորհությունը տրվում է այն ունեցողին: Իսկ եթե մարդ մի փոքր բարեշնորհություն ունի, սակայն համապատասխան ակնածանքով չի վերաբերվում դրան, ապա այդ քիչն էլ է նրանից վերցվում (Ղուկ. 19:26): Ժամանակակից մարդիկ Աստծո բարեբերության կարիքն ունեն, որովհետև մեղք գործելով՝ բարեբերության այն փշուրներն էլ են կորցնում, որ ունեին: Իսկ երբ Աստծո բարեշնորհությունը հեռանում է՝ դևերն են մոլեգնորեն հարձակվում մարդու վրա: Եվ նրանք այս կյանքում այնքան դառնություն են զգում, որքան որ հեռացել են Աստծուց: Մյուս կյանքում հավիտենական դառնություն պիտի ճաշակեն: Մարդ որքան Աստծո կամքի համեմատ է ապրում, այնքան որոշ չափով վայելում է դրախտային քաղցրությունը դեռևս այս կյանքում: Կա՛մ արդեն այս կյանքում դրախտային ուրախությունը կունենանք որոշակի չափով և այստեղից դրախտ կգնանք, կա՛մ էլ որոշակի չափով դժոխային տառապանքի մասնակիցը կլինենք ու Աստված մի արասցե՝ դժոխք կգնանք: Դրախտը նույնն է, թե բարին, իսկ դժոխային տանջանքը՝ չարը: Մարդ ուրախություն է զգում բարին գործելով: Մեղք գործելով՝ տառապում է: Որքան ավելի է մարդ բարություն անում, այնքան ավելի է ուրախանում, որքան ավելի է չարիք գործում, այնքան ավելի է հոգին տառապում: Գողն ուրախություն զգո՞ւմ է արդյոք: Ի՞նչ ուրախություն պետք է զգա, չէ՞ որ այն մարդն է ուրախություն զգում, ով բարիք է գործում: Եթե ինչ-որ բան ես ճանապարհին գտնում, վերցնում ես ու ինքդ քեզ ասում, որ դա քոնն է, նույնիսկ այդ ժամանակ ես հանգիստդ կորցնում: Գտնողը չգիտի, թե ով է այդ իրը կորցրել, նա ոչ ոքի չի նեղացրել ու չի թալանել, բայց միևնույն է, կորցնում է հանգստությունը: Իսկ ի՜նչ ասես գողի մասին: Նույնիսկ, երբ մարդ մեկից ինչ-որ բան է ստանում՝ այն ուրախությունը չի զգում, երբ ինքն է տալիս: Էլ ի՞նչ ուրախության մասին է խոսքը, եթե գողանում ես ու նեղացնում: Այդ պատճառով էլ նայեք նրանց, ովքեր խաբում ու նեղացնում են մյուսներին՝ ինչ սարսափելի դեմքեր ունեն, ինչ անճոռնի կերպով են ծամածռում դեմքը:

 

* "Χαμώς" - Մովաբի ժառանգների «աստվածը» (Գ Թագ. 11:7), "χαμός" – կորուստ, կործանում, վնաս (արդի հունարենով)

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

02.12.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․