Մարդասիրություն սերմանողը Աստծո գթությունը կհնձի

Սեպտեմբերի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Շաբոյան բազմազավակ կարիքավոր ընտանիքին: Մեկ տարի է, ինչ տասնչորս զավակներով հարուստ ընտանիքը բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/4, 1/1 հասցեում գտնվող հանրակացարանի նկուղային հարկում: Խոնավ և ցուրտ պայմաններում ապրող ընտանիքը մինչ այդ նույն հանրակացարանի յոթերորդ հարկում է վարձակալությամբ բնակվել և վարձը չվճարելու պատճառով՝ ճարահատյալ տեղափոխվել է նկուղային հարկ: Շաբոյան ընտանիքի տասնչորս զավակներից երեքը չափահաս են, այս տարի ընտանիքի ավագ որդին բանակ է զորակոչվելու: Երեխաներից հինգը առողջական խնդիրներ ունեն:

Ընտանիքի հայրը՝ Արցախյան հերոսամարտի մասնակից, նախկին պայմանագրային զինծառայող Շաբոյան Վիրապը (45 տ.), նշեց, որ բնակարանի հարցով կառավարությանն ուղղված իր խնդրանքները դեռևս լուծում չեն գտել: «Աշխատանք չունենալու պատճառով՝ երկու տարի է, ինչ Արցախից Երևան ենք տեղափոխվել և առ այսօր ընտանեկան նպաստ չենք ստանում, կինս և երեխաներս արդեն Երևանի գրանցում ունեն, բայց ինձ դեռ Արցախի գրանցումից չեն հանել: Այժմ նաև այդ խնդրով եմ զբաղված: Իմ և կնոջս վաստակած աշխատավարձերով չենք կարողանում հոգալ անգամ մեր նվազագույն կարիքները»,- ասաց ընտանիքի հայրը:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և բազմազավակ ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Շաբոյան Վիրապն անչափ զգացված էր այն ուշադրության համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ, նա շնորհակալություն հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին:

Քրրիստոսի մարմինը կազմող եկեղեցու անդամները, հոգալով միմյանց մասին, հոգում են նաև իրենց մասին: Մերձավորի հանդեպ հոգատար անձը հաղթահարում է եսասիրության մեղքը, մեղք, որի պատճառով մարդն իր հետաքրքրությունից բացի չի ցանկանում տեսնել մերձավորի կարիքները: Եսասերի համար ինքն է նպատակ, մյուսները միջոց են, իսկ նա, ով ունի քրիստոնեական սեր, իրեն է համարում միջոց, իսկ մյուսներին՝ նպատակ: Եկեղեցու հայրերը նշում են, որ քրիստոնեական սիրո միջոցով կենդանի միություն է կազմվում և օրինակ են բերում կենդանի օրգանիզմը, ուր ոչ ոք զբաղված չէ իրենով, այլ անում է այն, ինչ անհրաժեշտ է մյուսներին: Այդպես և հասարակության մեջ, երբ յուրաքանչյուրը հոգ է տանում ուրիշի բարիքի մասին, ներդաշնակություն է ստեղծվում, քանի որ բոլորը մեկի համար են, և մեկը՝ բոլորի: «Ողորմություն սերմանեցիր՝ հավիտենական կյանք հնձիր նրանից. մարդասիրություն սերմանեցիր՝ Աստծո գթությունը հնձիր. անողորոմություն սերմանեցիր՝ փուշ ու տատասկ քաղիր»,- ասել է Սարգիս Շնորհալին:

 

Կարինե Սուգիկյան

28.09.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․