Մարդկային ուղիները

Մի վանական եռանդով աղոթում էր՝ ասելով. «Տե՛ր Աստված, Դու համբերող ես ու ողորմած, արդ, ինչո՞ւ է հոգին փրկելն այդքան դժվար և ինչո՞ւ է դժոխքը մեղավորներով լի»: Երկար աղոթեց՝ այդ հարցը տալով: Եվ վերջապես Աստծո հրեշտակը հայտնվեց նրան ու ասաց.

- Գնա՛նք, ես քեզ ցույց կտամ այն ճանապարհները, որոնցով մարդիկ գնում են:

Նրանք դուրս ելան խցից և հրեշտակը ծերին անտառ տարավ:

- Տեսնո՞ւմ ես այն փայտահատին, որ փայտի ծանր կապոցը մեջքին դրած տանում է և չի ուզում գոնե մի քիչ պակասեցնել փայտերը, որպեսզի ավելի հեշտությամբ տանի,- հարցրեց հրեշտակը,- ճիշտ նույն կերպ էլ որոշ մարդիկ են իրենց մեղքերը տանում և չեն ցանկանում ապաշխարել:

Այնուհետև հրեշտակը մի ջրհոր ցույց տվեց ծերին.

- Տեսնո՞ւմ ես այն անմիտ մարդուն, որ մաղով է ջուրը վերցնում: Այդպես էլ մարդիկ են ապաշխարում: Ներման շնորհը ստանում են, հետո՝ կրկին մեղանչում, և շնորհը նրանցից հոսելով գնում է, ինչպես ջուրը՝ մաղի միջից:

Կրկին հրեշտակը մի մարդու ցույց տվեց ու ասաց.

- Նայի՛ր այս մեկին, որ ձիու առջևից լայնքով մի գերան է կապել ու փորձում է ուժով Աստծո տաճարը մտնել, սակայն գերանը խանգարում է: Այդպես էլ մարդիկ իրենց բարի գործերն են գործում՝ հպարտությամբ, առանց խոնարհության և դրանց գինը չիմանալով: Իսկ այժմ ինքդ մտածիր, դյուրի՞ն է արդյոք Աստծո համար այդպիսի մարդկանց փրկել՝ ողորմությունը արդարադատության հետ համատեղելով:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

31.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․