Ապրիլի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սիրիահայ համայնքից Սևան Վանեսին (62 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով, ի թիվս բազմաթիվ սիրիահայերի, տիկին Սևանն իր տարեց մոր՝ Սաթենիկ Աբրահամյանի (89 տ.) հետ ևս գաղթեց Հայաստան: Երեք տարի է, ինչ նրանք վարձակալությամբ բնակվում են Կոմիտաս 38/1 բն. 5 հասցեում: «Մայրս 1-ին խմբի հաշմանդամ է, չի տեսնում և սրտամկանի ինֆարկտից հետո չի կարողանում քայլել: Մի շարք դժվարություններ ունենք, թեև մեր տան վարձի մեծ մասը և որոշ դեղորայք «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն է տրամադրում, ինչի համար շնորհակալ եմ իրենցից, բայց մայրիկիս հասանելիք հաշմանդամության գումարով չեմ կարողանում վճարել տան վարձի մի մասը և անհրաժեշտ մյուս դեղորայքն ու տակդիրները գնել: Շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից անձին, որ արձագանքեցին իմ խնդրին և օգնություն ցուցաբերեցին»,- ասաց տիկին Սևանը:
Ողորմած լինելու և այն էլ առատաձեռնորեն ողորմելու մասին մեր Տերը հորդորում է. «Տվե՛ք, և Աստված կտա ձեզ. կտա լավ չափով, բերնեբերան, զեղուն առատությամբ: Ինչ չափով, որ չափեք ուրիշներին, նույն չափով Աստված ձեզ կչափի» (Ղուկ. 6:38): Այն, որ յուրաքանչյուր ոք հատուցվելու է իր արածի համեմատ, այս մասին մանրամասնում է Ս. Բարսեղ Մեծը. «Վիրավորե՞լ ես եղբորդ, նույնին և դու սպասիր: Թալանե՞լ և ծեծե՞լ ես աղքատին, զրպարտե՞լ ես, ստե՞լ, խախտե՞լ երդումը, խլե՞լ ես որբի ունեցածը, վիրավորե՞լ ես այրուն, ներկայի հաճույքը գերադասե՞լ ես խոստացված բարիքից: Սպասիր այդ ամենի հատուցմանը, քանի որ «մարդն ինչ որ սերմանում է, այն էլ կհնձի» (Գաղատ. 6:8): Այնուամենայնիվ, եթե բարին էլ ես գործել, ապա դրա դիմաց էլ սպասիր հատուցում և այն էլ՝ բազմաթիվ անգամներ: Քո ողջ կյանքում հիշիր այս ամենը և կկարողանաս խուսափել բազմաթիվ մեղքերից»:
Կարինե Սուգիկյան