Մարդու արժեքը...

Աշխարհում ոչ մի արժեք ունակ չէ համեմատվելու այն գերագույն արժեքի հետ, որը տրված է քեզ համար…

Կյանքում ամեն բան ունի իր արժեքը: Գրեթե ոչինչ հնարավոր չէ ձեռք բերել առանց վճարելու: Տարբեր են մեր ցանկություններն ու պահանջները, տարբեր են դրանց արժեքները: Շատ հաճախ, պահանջվող արժեքը չունենալով՝ մենք ստիպված հրաժարվում ենք այս կամ այն բանից: Տարօրինակ է, և միևնույն ժամանակ հետաքրքիր, այդ բոլոր արժեքները սահմանում ենք մենք՝ մարդիկ, սակայն շատ հաճախ ինքներս էլ չենք կարողանում վճարել դրանք: Իսկ երբևէ մտածել ենք, թե արդյոք մենք ունեն՞ք արժեք, ինչպիսի՞ն է այն, և թե ո՞վ  է այն սահմանել:

Այսօր սպորտի և մի շարք այլ ոլորտներում մարդկանց վճարում են շատ մեծ գումարներ: Եթե մենք փորձենք համեմատվել նման մարդկանց հետ, կթվա, թե մենք ոչինչ չարժենք, սակայն մենք չգիտենք կամ չենք էլ կարող պատկերացնել, որ մեզ համար ավելի մեծ գին է վճարված, և այդ գինը տրված է Աստծո կողմից: «Քանզի Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդին տվեց, որպեսզի ով որ Նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16): Այսօր մեզանից յուրաքանչյուրն ավելի թանկ արժեք ունի, քան որևէ սպորտսմենի, դերասանի կամ երգչի հոնորարն է, որովհետև մեզ համար ավելի մեծ գին է վճարված: Աստված այդ փրկագինը տվել է ամեն մարդու համար: Եթե Աստծո համար մարդը արժեք չունենար, ապա Նա մեզ համար չէր զոհի Իր Որդուն: Նա այդ քայլին գնաց՝ սիրելով մեզ. «Քեզ հավիտենական սիրով սիրեցի, նրա համար ողորմությամբ քեզ քաշեցի» (Երեմ. 31:3):

Երբեմն մեզ թվում է, թե Աստված մոռացել է մեզ, մեզ չի սիրում: Շատ դեպքերում մարդիկ անհույս վիճակում են՝ լքված, անտեսված, մարդկանցից մոռացված: Ինչ վիճակում էլ որ լինեք, հավատացե´ք, կա Մեկը, որ ձեր մասին մտածում է: Նա քեզ համար ծրագիր ունի և քեզ մենակ չի թողնի. «Միթե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը, կամ չի գթա իր արգանդի ծննդին. հիրավի, նրանք կարող են մոռանալ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա» (Ես. 49:15): Աստված գիտե, թե ով ես դու, ինչ արժեք ունես, իսկ ինչպիսի՞ն է քո հավատն Աստծու նկատմամբ, ի՞նչ ակնկալիքներ ունես նրանից: Շատերն են դեպի Աստված գալիս լավ կյանք ունենալու՝ ուտելու, խմելու, հագնելու և շատ ու շատ պահանջներ բավարարելու հույսով միայն: Շատերն էլ գալիս են միայն նեղության, դժվարության, տխրության պահին՝ շատ հաճախ մեղադրելով Աստծուն. «Եթե միայն այս կյանքի համար ենք Քրիստոսին հուսացած, մենք բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք» (Ա Կորնթ. 15:19 ):

Աստված մեզ համար մեծ գին է վճարել, մենք Նրա Որդու արյան գինն ենք: Շատերս խորապես չենք հասկանում այդ արժեքը և չենք կարողանում գնահատել այն:

Սիրելի´ բարեկամ, դու Քրիստոսի արյան գինն ես, կարողացի´ր այդ արժեքը բարձր պահել: Այսօր շատ կարևոր է նաև, թե մարդիկ ինչ են մտածում քո մասին: Պետրոս առաքյալն ասում է. «Ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պես բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրումը» (Ա Պետ. 2:12 ): Այսօր շատ բան կախված է նաև նրանից, թե դու ինչպես ես գնահատում այդ անգին գինը, որը Աստված տվել է քեզ համար, և թե ինչպես ես այն վկայում Աստծուն սիրող բոլոր մարդկանց մեջ: Շատ բան կախված է մատուցողից: Եթե կեղտոտ սկուտեղի վրա լավ կերակուր դնես և մարդկանց մատակարարես, արդյոք նրանք այդ կերակուրը կուտե՞ն, իհարկե՝ ոչ: Իսկ եթե մաքուր սպասքով այն մատակարարես՝ անպայման կուտեն: Ուրեմն սիրելի´ քրիստոնյա, դու պետք է իմանաս քո արժեքը և ապրես ինչպես վայելում է Աստծո որդի կոչմանը: Այսօր մարդիկ ոչ միայն պետք է լսեն, որ Աստված մեր մեջ է, այլև պետք է տեսնեն:

Դու արժեքավոր ես այնքանով, որքան արժևորել են քեզ գնելիս…դու Քրիստոսի արյան գինն ես:

 

Աննա Մուրադյան

09.04.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․