22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Աշխարհում ոչ մի արժեք ունակ չէ համեմատվելու այն գերագույն արժեքի հետ, որը տրված է քեզ համար…
Կյանքում ամեն բան ունի իր արժեքը: Գրեթե ոչինչ հնարավոր չէ ձեռք բերել առանց վճարելու: Տարբեր են մեր ցանկություններն ու պահանջները, տարբեր են դրանց արժեքները: Շատ հաճախ, պահանջվող արժեքը չունենալով՝ մենք ստիպված հրաժարվում ենք այս կամ այն բանից: Տարօրինակ է, և միևնույն ժամանակ հետաքրքիր, այդ բոլոր արժեքները սահմանում ենք մենք՝ մարդիկ, սակայն շատ հաճախ ինքներս էլ չենք կարողանում վճարել դրանք: Իսկ երբևէ մտածել ենք, թե արդյոք մենք ունեն՞ք արժեք, ինչպիսի՞ն է այն, և թե ո՞վ է այն սահմանել:
Այսօր սպորտի և մի շարք այլ ոլորտներում մարդկանց վճարում են շատ մեծ գումարներ: Եթե մենք փորձենք համեմատվել նման մարդկանց հետ, կթվա, թե մենք ոչինչ չարժենք, սակայն մենք չգիտենք կամ չենք էլ կարող պատկերացնել, որ մեզ համար ավելի մեծ գին է վճարված, և այդ գինը տրված է Աստծո կողմից: «Քանզի Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդին տվեց, որպեսզի ով որ Նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16): Այսօր մեզանից յուրաքանչյուրն ավելի թանկ արժեք ունի, քան որևէ սպորտսմենի, դերասանի կամ երգչի հոնորարն է, որովհետև մեզ համար ավելի մեծ գին է վճարված: Աստված այդ փրկագինը տվել է ամեն մարդու համար: Եթե Աստծո համար մարդը արժեք չունենար, ապա Նա մեզ համար չէր զոհի Իր Որդուն: Նա այդ քայլին գնաց՝ սիրելով մեզ. «Քեզ հավիտենական սիրով սիրեցի, նրա համար ողորմությամբ քեզ քաշեցի» (Երեմ. 31:3):
Երբեմն մեզ թվում է, թե Աստված մոռացել է մեզ, մեզ չի սիրում: Շատ դեպքերում մարդիկ անհույս վիճակում են՝ լքված, անտեսված, մարդկանցից մոռացված: Ինչ վիճակում էլ որ լինեք, հավատացե´ք, կա Մեկը, որ ձեր մասին մտածում է: Նա քեզ համար ծրագիր ունի և քեզ մենակ չի թողնի. «Միթե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը, կամ չի գթա իր արգանդի ծննդին. հիրավի, նրանք կարող են մոռանալ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա» (Ես. 49:15): Աստված գիտե, թե ով ես դու, ինչ արժեք ունես, իսկ ինչպիսի՞ն է քո հավատն Աստծու նկատմամբ, ի՞նչ ակնկալիքներ ունես նրանից: Շատերն են դեպի Աստված գալիս լավ կյանք ունենալու՝ ուտելու, խմելու, հագնելու և շատ ու շատ պահանջներ բավարարելու հույսով միայն: Շատերն էլ գալիս են միայն նեղության, դժվարության, տխրության պահին՝ շատ հաճախ մեղադրելով Աստծուն. «Եթե միայն այս կյանքի համար ենք Քրիստոսին հուսացած, մենք բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք» (Ա Կորնթ. 15:19 ):
Աստված մեզ համար մեծ գին է վճարել, մենք Նրա Որդու արյան գինն ենք: Շատերս խորապես չենք հասկանում այդ արժեքը և չենք կարողանում գնահատել այն:
Սիրելի´ բարեկամ, դու Քրիստոսի արյան գինն ես, կարողացի´ր այդ արժեքը բարձր պահել: Այսօր շատ կարևոր է նաև, թե մարդիկ ինչ են մտածում քո մասին: Պետրոս առաքյալն ասում է. «Ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պես բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրումը» (Ա Պետ. 2:12 ): Այսօր շատ բան կախված է նաև նրանից, թե դու ինչպես ես գնահատում այդ անգին գինը, որը Աստված տվել է քեզ համար, և թե ինչպես ես այն վկայում Աստծուն սիրող բոլոր մարդկանց մեջ: Շատ բան կախված է մատուցողից: Եթե կեղտոտ սկուտեղի վրա լավ կերակուր դնես և մարդկանց մատակարարես, արդյոք նրանք այդ կերակուրը կուտե՞ն, իհարկե՝ ոչ: Իսկ եթե մաքուր սպասքով այն մատակարարես՝ անպայման կուտեն: Ուրեմն սիրելի´ քրիստոնյա, դու պետք է իմանաս քո արժեքը և ապրես ինչպես վայելում է Աստծո որդի կոչմանը: Այսօր մարդիկ ոչ միայն պետք է լսեն, որ Աստված մեր մեջ է, այլև պետք է տեսնեն:
Դու արժեքավոր ես այնքանով, որքան արժևորել են քեզ գնելիս…դու Քրիստոսի արյան գինն ես:
Աննա Մուրադյան