Մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ

Մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ | Mardu Kyanqy Ir Kutakats Harstutyan Mej Che

«Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակի ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ 12։15

Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,

Այս զգուշացումը մեր սիրելի Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է՝ պատասխանելով այն մարդուն, որը խնդրում էր խոսել իր եղբոր հետ, որպեսզի վերջինս ժառանգությունն իր հետ կիսի։ Ապա պատմում է բոլորիս հայտնի անմիտ մեծահարուստի առակն այն մասին, որ մի հարուստ մարդ առատ բերք ստանալով, որոշում է քանդել հին շտեմարանները, նորը կառուցել և ապա ինքն իրեն մեծարելով՝ ասում է․ «Ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր»։ Աստծու պատասխանն այս համարձակ հայտարարությանը չի ուշանում և բավականին անսպասելի ու ողբերգական է լինում այս մարդու համար․ «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու» (Ղուկ․ 12։20)։ Այս մասին մտորելիս սուրբ Հովհան Ոսկեբերանն իր ճառում ասում է․ «Մեծ հաճույքով կհարցնեի մեռյալներին՝ որտե՞ղ է հարստությունը»․․․ Աստվածային իմաստությունն ունեցողների և դրան ձգտողների համար սրբի այս մեկ հարցն էլ թերևս բավական լինի ամբողջ ճառի իմաստը հասկանալու և մարդկությանը տանջող խնդրին վերջ դնելու համար, բայց մենք, որ անշտապ ու անհաստատ քայլերով ենք գնում դեպի Աստվածային կատարելությունն ու  իմաստությունը, այս խնդիրն ավելի խորն ուսումնասիրելու և հասկանալու կարիք ունենք։

Ո՞վ չի ուզում հարուստ լինել։ Եթե Աստծուց ամեն օր չենք խնդրում․ «Տե՛ր Աստված, ինձ հարստություն տուր» կամ «Ինձ էլ հարուստ դարձրու», դեռևս չի նշանակում, որ չենք ուզում հարուստ լինել։ Մենք ամեն առիթով միմյանց մաղթում ենք ականջն այնքա՜ն շոյող՝ գործերին՝ հաջողություն։ Մեր երեխաներին անվերջ պնդում ենք լավ կարիերայի կարևորության մասին։ Մասնագիտություն ընտրելիս՝ ուղղորդում ենք դեպի առավել եկամտաբեր մասնագիտությունները։ Ի վերջո՝ գոնե մի անգամ, գոնե հոգու խորքում նախանձում ենք մեծահարուստներին՝ երազելով, որպեսզի նրանց փոխարեն մենք լինեինք։ Իսկ սա մեզ ինչի՞ է դրդում։ Դրդում է մեր իրական՝ անկողոպտելի հարստությունը՝ մեր կյանքը, առողջությունը, ուժը, տաղանդը, կարողությունները ուղղել, իսկ ավելի ճիշտ՝ վատնել երկրի վրա հարստություն կուտակելու վրա։ Եվ որքան շատ ենք կուտակում, այնքան ավելի ենք ուզում, ավելիին ենք ձգտում, ինչպես և կրկին սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում․ «Այնքան աղքատը չի ցանկանում անհրաժեշտը, որքան հարուստը՝ ավելին», որովհետև շահամոլության կրքով բռնված մարդու սիրտը վերածվում է անհատակ ջրհորի՝ ինչքան լցնում ես, այնքան դատարկ է մնում։ Եվ մտածում ես, թե որն է այս անմիտ մրցավազքի արգելակը․ ի՞նչը կարող է ուշքի բերել անվերջ կուտակելու մոլուցքով բռնված մարդուն։ Ըստ Տեր Հիսուս Քրիստոսի պատմած առակի՝ այդ արգելակը մահն է, մահվան հիշողությունը, մահկանացու լինելու գիտակցումը, երկրային և երկնային հարստության տարբերությունը զանազանելու կարողությունը։

Եթե դուք հիմա կարծում եք, որ խոսքս ձեր մասին չէ, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ, ինչպես ինքներդ եք մտածում՝ դուք հարուստ չեք, ապա պիտի ասեմ, որ ամենևին էլ չեմ խոսում օլիգարխների մասին, որովհետև իրենց պարագայում խոսքն արդեն միայն հարստության մասին չէ, այլ դրան սերտաճած փառքի, իշխանության մոլուցքի և դրանց փոխկապակցված այլ և այլ կործանարար ախտերի մասին, որոնք ուղղակի անխուսափելի են մեծ հարստության պարագայում։ Ես խոսում եմ այն մասին, թե ինչով են զբաղված, դեպի ուր են ուղղված մեր մտքերը, որոնք են մեր հոգսերը, որ կեղեքում են մեզ՝ թույլ չտալով անգամ գիշերները քնել, ինչի վրա ենք ծախսում մեր ուժերը, ժամանակը, ընդունակությունները, որոնք են մեր կարևորագույն նպատակները, և որ կարևոր է՝ ով է այն մեկը, որին ձգտում ենք նմանվել կամ նրա օրինակին,նրա սովորեցրածին հետևել և ուր է բերելու մեզ այդ ամենը։ Պատասխանեք այս հարցերին թեստի պես, և եթե արդյունքը ձեզ հասցնի մեծ տան, մեքենայի, ճոխ խորտիկների ու հանգստի, բիզնեսի կամ նմանատիպ մեկ այլ բանի, որ պիտի ծառայի միայն մարմնի հաճույքներին, ապա ես ձեզ շնորհավորել չեմ կարող, որովհետև, դուք լծված եք ձեր ժամանակավոր ու մահկանացու մարմնի ծառայությանը։ Այն մարմնի, որն ըստ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի՝ ամեն գիշեր քնելիս ընդամենն անկենդան ընկած մի դի է, որ չգիտի թե երբ և ինչպես է արթնանալու։ Եվ արթնանալո՞ւ է արդյոք։

Սիրելինե՛ր, մենք անդադար պլաններ ենք կազմում, ապագայի ծրագրեր մշակում, անընդհատ մտմտում ինչ-որ բանի մասին, այդ ամենն իրականացնելու համար բռնվում ենք կրքով, որը մեզ կրակի պես այրում է ներսից, որովհետև շատ հաճախ ուղղակի մոռանում ենք, որ մի օր մենք էլ մեռնելու ենք, կանգնենք Քրիստոս Աստծու առջև և չիմանանք, թե ինչ պատասխան տանք Նրան։ Եվ ես սարսափով մտածում եմ, որ երկրայինի մասին մեր հոգսաշատությունը և երկնայինի մասին անհոգությունը խոսում է միայն մեկ բանի՝ մեր թերահավատության մասին, ինչի մասին, որ Քրիստոս էլ է ասում ավետարանական այսօրվա ընթերցվածքում (Ղուկ․ 12։22-28)։ Մենք՝ մարդիկս, անդադար հողին ենք նայում, մեր երջանկությունը հողի վրա ենք փնտրում, ամեն ինչ կապում հողի ու հողեղենի հետ, այնինչ Երկնքի որդիներ ենք, երկնային քաղաքացիներ՝ հավիտենության համար արարված, որ երկրային այս աննշան կյանքից հետո անխուսափելիորեն հայտնվելու ենք հավերժության մեջ և այդ հավերժությունը յուրաքանչյուրիս համար կախված է կոնկրետ իր անձնական, իր անհատական ապրած կյանքից։ Եվ այն նյութական հարստությունը, որ կուտակել ենք այստեղ՝ ծառայեցնելով միմիայն մեր ես-ի բավարարմանը, որը կուտակելու համար վատնել ենք մեր երիտասարդությունը, ունակություններն ու ժամանակը, որը կուտակելու համար խաբել ենք, գողացել, զրպարտել, չարախոսել, զրկել, անտեսել, որը դարձրել ենք մեր կուռքը, երբեք ու երբեք չի կարող մեզ համար գնել Երկնքի Արքայությունը և այն օթևանները, որ Հայրը պատրաստել է Իր հավատարիմների համար։ Որովհետև Երկնքում գանձերը մեզ համար կուտակվում են այն ամենով, ինչ տալիս ենք այստեղ․ տալիս ենք Աստծուն և տալիս ենք մարդկանց։ Ուրեմն ցա՛ծ իջեք այդ անհագ կուռքի զոհասեղանից։ Պատկերացրեք՝ ակցիա է՝ տո՛ւր ժամանակավորդ և փոխարենը ստացիր հավիտենականը։ Միայն անմիտը չի մասնակցի այս ակցիային և իրեն կպահի այն, ինչ կարճ ժամանակ անց կորցնելու է։ «Քո ունեցած փողը նրա համար է, որ թեթևացնես աղքատության բեռը։ Աստված քեզ հարուստ է դարձրել, որպեսզի դու օգնես կարիքավորներին, որպեսզի ուրիշներին փրկելով՝ քավես մեղքերդ, քեզ փող է տվել ոչ այն բանի համար, որպեսզի փականք դնես քո կորստյան վրա, այլ որպեսզի ծախսես քո փրկության համար» (սբ․ Հովհան Ոսկեբերան)։

Ես այսօր ուզում եմ, որ դուք ուրախ լինեք, սիրելի՛ հավատացյալներ։ Ուրախ լինեք այն անվիճալի փաստով, որ դուք տիեզերքի ամենահարուստ մարդիկ եք։ Դուք հարուստ ենք այնպիսի հարստությամբ, որ ոչ մեկը չի կարող խլել ձեզանից, այն չի կարող փչանալ, ժանգոտել ու դառնալ անպիտան։ Դուք ունեք հավատ և ունեք Երկնքի Արքայություն, որ Տեր Հիսուս Քրիստոս է պարգևել ձեզ։ Դուք ունեք ընտանիք, ընկերներ, բարեկամներ, որ իսկապես սիրում են ձեզ, այլ ոչ թե ակնկալիք ունեն և շահագործում են։ Եթե այստեղ եք այսօր, ուրեմն ունեք առողջություն, որ դեռ կարող է ծառայել ձեր հոգու փրկությանը։ Եթե հիվանդության մահճին եք՝ միևնույն է դեռ կյանք ունեք, որի անգամ մեկ ժամը կարող է փրկել ձեր հավիտենությունը։ Ննջեցյալներն ունեն Եկեղեցին և իրենց հարազատներին, որ մշտապես աղոթում են նրանց հոգու փրկության համար։

Քանի՜ հազարամյակ է կանգուն աշխարհը, և դեռ ոչ մեկն իր հետ որևէ բան չի տարել հանդերձյալ կյանք, ուրեմն ինչո՞ւ հոգս անել այստեղ ավելին ունենալու համար։ Աշխատեք ձեր կարիքների համար, սիրելի՛ հավատացյալներ, մի՛ անտեսեք ձեր ընտանիքի կարիքները, բայց ոչ քմահաճույքներն ու ճոխության ձգտումը։ Կո՞ւշտ եք, հագնվա՞ծ եք, տաք ու սառը ջուր ունե՞ք, չե՞ք մրսում, տանիք ունե՞ք գլխավերևում՝ փա՜ռք Աստծու, որովհետև դրան էլ արժանի չենք։ Իսկ ինչ կավելանա դրանցից՝ տվեք նրան, ով չունի։ Տվեք առանց դատելու, առանց ափսոսալու, առանց երախտագիտության ու փոխադարձելու ակնկալիքի, որովհետև Աստված հենց այդպես է տալիս մեզ և մեր տվածի համեմատ տալիս է անհամեմատելիորեն շատ և արժեքավորը։

Հարստացեք Աստծո՛վ, սիրելինե՛ր, այսինքն այն ամենով, ինչ աստվածային է ու աստվածահաճո։ Գումարից զատ գործածեք նաև այն ամենը, ինչ ունենք, ինչով օժտել է ձեզ Աստված։ Ուշադի՛ր եղեք, բացե՛ք ձեր աչքերն ու ականջները, լսե՛ք ու տեսե՛ք մարդկանց կարիքները։ Ոչ ոք ձեզանից գերմարդկային ճիգեր ու սխրանքներ չի ակնկալում։ Մի՛ անտեսեք աննշան ու փոքր թվացող խնդրանքները՝ համարելով, որ դուք ավելի մեծ ու վեհ բաների համար եք։ Սկսեք փոքրից, հավատարիմ եղեք փոքրի մեջ։ Գիտելի՞ք ունեք՝ սովորեցրեք։ Հմտությո՞ւն ունեք՝ ծառայեցրեք։ Ֆիզիկական ո՞ւժ ունեք՝ այնքա՜ն հիվանդ ու տկար մարդ կա, որ հենց ձեր ուժի կարիքն է զգում։ Անգամ ձեր կենսախնդությունն ու լավատեսությունը կարող են նոր շունչ պարգևել հուսահատության եզրին կանգնած մեկին։ Դուք միայն ուշադիր և պատրաստակամ եղեք։ Մի՛ կենտրոնացեք միայն ձեր հոգսերի ու խնդիրների վրա և կտեսնեք, որ ձեզանից շատ ավելի հոգսաշատ, շատ ավելի վատառողջ ու շատ ավելի կարիքավոր մարդիկ կան։ Սիրելու կարողություն խնդրեք Քրիստոսից, և կտեսնեք, թե որքա՜ն հարուստ, ուժեղ և ինքնաբավ եք։ Օգնեք միմյանց այսօր, ոչինչ վաղվան մի թողեք և հետզհետե ձեր հոգին կսկսի թեթևանալ, կսկսի Երկնքով ապրել՝ մտքի համար անբացատրելի կերպով ստույգ գիտենալով, որ այստեղի ողորմածություններին ու առաքինություններին զուգահեռ աճում է իր երկնային հարստությունը, որը չափելի չէ մեզ հայտնի որևէ միավորով։ Այսպես ապրենք, սիրելի՛ հավատացյալներ, և թող Բարեգութ Աստված ողորմած գտնվի յուրաքանչյուրիս հանդեպ, ների մեր մեղքերն ու ապաշխարելու հնարավորություն ընձեռի՝ պահպանելով հանկարծամահ լինելուց, քանի որ ավելի սարսափելի բան չկա մարդու համար, քան մահվանը անպատրաստ լինելն է։

Եվ վերջում․ սաղմոսերգուն ասում է․ «Տերը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ Աստծուն փնտրի»։ Դո՛ւք եղեք այդ իմաստունը, սիրելի՛ հավատացյալներ, և թող ձեր հարստությունը երկնային շտեմարաններում օրեցօր ավելանա՝ ծառայելով Աստծու փառքին և ձեր հոգու փրկությանը․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյան

 

28.11.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․