Մայիսի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պետրոսյան Նաիրային (47տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Բարսեղյան Էդուարդը: Նաիրան Դաունի համախտանիշ ունեցող իր տասնմեկամյա որդու՝ Պետրոսյան Արմանի հետ բնակվում է Րաֆֆու 111/24ա հանրակացարանում: Երկու սենյականոց բնակարանը, որտեղ բնակվում է կարիքավոր ընտանիքը, զուրկ է տարրական կենցաղավարության պայմաններից: Ընտանիքի հայրը չորս տարի առաջ լքել է ընտանիքը, և Նաիրան մեծ դժվարությունների ու խնդիրների առջև է կանգնել: «Տղաս մինչև յոթ տարեկան չէր կարողանում խոսել և քայլել, մեծ դժվարությամբ էի նրան դպրոց տանում, բայց մկրտությունից հետո աստվածային հրաշքով Արմանը սկսեց խոսել և քայլել: Երեխայիս խնամքով զբաղված լինելով՝ չեմ կարողանում աշխատել, իսկ ընտանեկան նպաստի և տղայիս հաշմանդամության թոշակի գումարները չեն բավարարում, որ հոգամ մեր նվազագույն կարիքները»,- ասաց Նաիրան:
Նաիրան անչափ զգացված էր այն ուշադրության համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ: Տեր Գրիգորի միջնորդությամբ՝ այսուհետև Արմանի ուսման, բուժհետազոտության, բուժման և այլ կարիքները կհոգա «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնը, որ զբաղվում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների խնդիրներով:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի այցելելը, Տեր Գրիգորի հետ ծանոթանալը, նրա հետ զրուցելը և միասին աղոթելը մեծ ոգևորություն էր պատճառել Արմանին: Նա ուրախությամբ կախեց այն խաչը, որ նվեր էր ստացել Տեր Հորից, իսկ մեկնելուց առաջ խոստացավ Տեր Հորը, որ մայրիկի հետ հաճախակի է գալու եկեղեցի:
Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը, ի դեմս Ավետարանի մեծահարուստ երիտասարդի, այս հարցումն ու հորդորն է ուղղում բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են Քրիստոսի հետևորդ. «Ո՞ր արևն ես սիրում քո կյանքում, ա՞յն, որ երկնակամարում է շողում՝ իր ճառագայթները արտերի վրա սփռելով, թե՞ այն արևը, որ խավարել է ամպերի ետևում: Աստված արև է տվել քեզ, բայց դու կյանքդ դարձրել ես ամպ՝ արևի դիմաց և հիմա տառապում ես արևիդ խավարումից: Ահա, թե որտեղից է գոյանում և խորանում սրտիդ դատարկությունը: Լսի՛ր, որդիս, միայն քեզ համար ապրածդ կյանքը, գերեզման է դառնալու քեզ համար, իսկ կյանքը՝ ուրիշի համար ապրած, դրախտ է դառնալու քեզ համար: Չմոռանաս՝ մարդը մա՛րդ է մարդով»:
Կարինե Սուգիկյան