5 Դեկտեմբեր, Եշ
Մայիսի 28-ը յուրաքանչյուր հայորդու համար նշանավորվում է Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդով: Այդ օրը մոտ մեկ հարյուրամյակ առաջ Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին, մի հանրապետության, որ արդեն ամրացվել էր Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերով:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մայիսի 28-ը նշանավորեց ուխտի ճանապարհով, որ ուղղված էր Հայոց երկրի խաղաղությանն ու անսասանությանը: Այս անգամ ուխտավորների աղոթքի ուղին անցավ Կոտայքի թեմի եկեղեցիներով: Մայիսի 28-ը այս տարի համընկել էր Հինանց շրջանի վեցերորդ կիրակիի՝ Երկրորդ Ծաղկազարդի հետ, որ խորհրդանշում է Հիսուսի Քրիստոսի՝ խաղաղության իշխանի փառավոր մուտքը Երկնային Երուսաղեմ:
Առաջին ուխտավայրում՝ Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցում (1031 թ.), ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ պատարագի՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիստակես քահանա Բաղալյանի մատուցմամբ: Ուխտավորների սրտաբուխ աղոթքները միահյուսվել էին Սուրբ Պատարագի ընթացքում հանուն խաղաղության հնչող խնդրանքներին՝ «Քո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է ամեն մտքից ու խոսքից, պահպանի՛ր մեզ և աներկյուղ պահի՛ր ամեն չարից», «Սրանով սեր, հաստատություն և ըղձալի
խաղաղություն շնորհիր Քո սուրբ եկեղեցուն»: Ինչպես այդ օրը, այնպես էլ յուրաքանչյուր Ս. Պատարագին, ի պատասխան խաղաղություն հայցողների, Տիրոջ օրհնությունն է բաշխվում՝ պատարագչի շուրթերով հնչած՝ «խաղաղություն ամենեցուն»:
Ս. Պատարագի ավարտին, Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցու գեղատեսիլ բակում ուխտավորները սիրո ճաշը վայելեցին:
Այնուհետև ուխտավորները ոտքով անցան Արզական գյուղից մեկ կիլոմետր հյուսիս-արևմուտք ձգվող նեղ ու երկար ճանապարհով, որ տանում էր դեպի Նեղուցի Ս. Աստվածածին վանքը (X-XI դդ.): Անվան ընտրությունը, հին ավանդույթի համաձայն, երկու հիմքեր ունի. առաջինը՝ Նեղուց, իբրև ջրային նեղուց հիշեցնող ճանապարհի անվանումն է, որը գյուղը կապում է վանքի հետ: Եվ երկրորդ տարբերակը՝ ի նշան Նեղոս (Նեղուց) Ալեքսանդրացու:
Նեղուցի Ս. Աստվածածին եկեղեցում, Տիրամոր բարեխոսությունը հայցելով, ուխտավորները կրկին անգամ, հանուն Հայոց աշխարհի խաղաղության, իրենց աղոթքը վերառաքեցին առ Տեր:
«Քրիստոնյա ազգերի դարավոր փորձառությունը փաստում է, որ կայուն ու մնայուն խաղաղությունը կարելի է ձեռք բերել միայն Տիրոջով: Ազգի խաղաղությունը պայմանավորվում է անհատների աստվածային խաղաղությունը ձեռք բերելու ձգտումով, մի խաղաղության, որ, Տիրոջ խոսքի համաձայն, տարբեր է աշխարհի տված խաղաղությունից. «Խաղաղություն եմ թողնում ձեզ. Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ
տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից» (Հովհաննես 14:27)»,- ասաց Տեր Գրիգորը:
Հաջորդ սրբավայրը, որ հյուրընկալեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին, Թեղենիքի Ս. Նահատակաց (2000-2003 թթ.) եկեղեցին էր, ուր նրանք փառաբանեցին Աստծուն Հանգստյան ժամերգության աղոթքներով և «Փառք Քեզ Տէր Աստուած մեր» շարականի երգեցողությամբ:
Ուխտավորների աղոթքի ուղին՝ հանուն Հայոց աշխարհի խաղաղությանն ուղղված, հաստատեց այն ճշմարտությունը, որ խաղաղության միակ աղբյուրն Աստված է, Ով Իր խաղաղությունն է բաշխում ամենքին՝ երանի տալով նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն (Մատթեոս 5:9):
Կարինե Սուգիկյան