22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցավ Միաբանական արտահերթ ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանա հայրերը: Ժողովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Խոր ցավով և վրդովմունքով անդրադարձանք հունիսի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած եկեղեցական ու աշխարհական անձանց անթույլատրելի գործողություններին: Հայտնի գործող անձանց կողմից ոտնձգություն կատարվեց Եկեղեցու սրբության նկատմամբ, որն ուղեկցվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին ուղղված վարկաբեկիչ արտահայտություններով: Նրանց կողմից փորձ արվեց խոչընդոտել Սուրբ Պատարագի թափորի ընթացքը և խաթարել եկեղեցում աղոթական մթնոլորտը: Այս քայլն ուղղված է Մայր Եկեղեցու դեմ՝ վիրավորելով նրա բազմաթիվ հավատացյալների հոգևոր զգացումները: Փառք Աստծո, եկեղեցականների և հավատացյալների միջամտությամբ հնարավոր եղավ խուսափել ընդհարումից:
Խստորեն դատապարտում ենք կատարվածը և արձանագրում, որ Սուրբ Ավետարանի ոգուն և պատգամին հակառակ այդ բոլոր նախաձեռնությունները խրախուսում և ուղղորդում են Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը և մի քանի եկեղեցականներ:
Դժբախտաբար մինչ օրս Հայր Կորյունը և իր կողմնակիցներն անտեսում են ինչպես մեր՝ միաբաններիս, այնպես էլ եպիսկոպոսաց դասի, թեմակալ առաջնորդների, հոգևոր հովիվների և մտահոգ հավատացյալների ջանքերն ու հորդորները:
Միաբանական ժողովը քննարկումների արդյունքում որոշեց նաև դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Կորյուն աբեղա Առաքելյանի հակականոնական և հակաեկեղեցական ընթացքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբում քննության առնելու համար»: