22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հունիսի 17-ին Արարատյան Հայրապետական թեմում մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երրորդ ծրագիրը, որն իրականացվում է 2014թ.-ից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը բաշխվելու է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս նահատակված զինվորների ընտանիքներին:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը, ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանը, զոհված զինվորների ծնողները, հարազատները:
Արարողության ավարտին առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ դրամաբաշխումը:
Դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրն ի մասնավորի ասաց . «Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում աղոթք առաքեցինք առ Աստված մեր հերոս զավակների հոգիների հանգստության համար: Նրանց կորստի ցավը մեր սրտերում՝ այսօր համախմբվել ենք՝ սփոփելու և մխիթարելու միմյանց:
Քաջարի հայորդիներ ծնած ծնողներ, վստահ ենք, որ ձեր որդիները գիտեին, թե ինչի համար են զոհվում. «Մահ իմացյալ անմահություն է»:
Ժամագրքի մեջ զինվորներին նվիրված այսպիսի մի աղոթք կա. «Դուք ձեր մարմինները փոխանակեցիք որպես փրկագին ձեր հոգիների»: Այո´, նրանք իրենց մարմինները զոհաբերեցին ոչ թե սոսկ հողի՝ այլ հայրենիքի, մարդկային ու ազգային արժևորված սկզբունքների, արժանապատվության և ազատության համար:
Մեր նահատակ հերոսներն իրենց արյունը թափեցին, իսկ դուք ձեր զավակներին զոհաբերեցիք որպես կյանքի հաղթական ուժի վկայություն:
Աղոթում և հայցոմ ենք Բարձրյալից մեր զինվորների հոգիների մշտնջենական հանգստյան համար: Աստված խաղաղության մեջ պահի հայոց աշխարհը, և թող մեր ծնողները որդեկորույս չդառնան: Խունկ, աղոթք և խոնարհում նրանց հիշատակին»:
Ներկայացնելով «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2016թ. ծրագիրը` թեմի բարեգործական ծրագրերի պատասխանատու Շուշան Պետրոսյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի ծրագրում ընդգրկվել են ոչ միայն Արարատյան Հայրապետական թեմի, այլ ամբողջ Հայաստանի ու Արցախի ընտանիքները: Հավաքված գումարը բաշխվելու է.
• 2015թ. հունիսի 1-ից մինչև 2016թ. ապրիլի 1-ը մարտական գործողությունների ժամանակ (հակառակորդի կողմից) զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ-ից և ԼՂՀ-ից,
• ԼՂՀ պաշտպանության գոտում 2016թ. ապրիլի 2-19 մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև հրադադարի խախտման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ-ից և ԼՂՀ-ից:
Օգնությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը մեկնարկել է 2014թ. Ս. Սարգիս զորավարի տոնին: Հայոց բանակում ծառայության ընթացքում զոհված և վիրավորված զինվորների 662 ընտանիքի նախորդ երկու տարիների ընթացքում արդեն բաշխվել է 100 մլն դրամ:
Արարատյան Հայրապետական թեմում հայոց բանակին ու զինվորներին ուղղված մի շարք ծրագրեր կան, որոնք իրականացվում են ողջ տարվա ընթացքում:
Դրանցից են.
• «Մենք մեր զինվորի կողքին ենք»
• Լավագույն զինվորների պարգևատրում Ս. Սարգսի տոնի առթիվ
• «Ծառայենք թիկունքում»
• «Աջակցություն Արցախի սահմանապահներին»
• «Այցելություն ու զորակցություն վիրավոր ու զոհված զինվորների ընտանիքներին»
• «Բերքից լավագույնը զինվորին»
• «Նվիրիր հույս» բարեգործական համերգներ
• «Հաղթանակի աղոթք»
Բոլոր այս ծրագրերի նպատակն է աջակցել իրենց կյանքն ու առողջությունը հանուն Հայրենիքի նվիրաբերած զինվորների ընտանիքներին, զորավիգ լինել Հայրենիքի պահապաններին մեր կարողության չափով և ուշադրության կենտրոնում պահել մեր ազգի ու պետականության կարևոր պատվար բանակը:
Սրբազան հոր հանձնարարությամբ թեմի քահանաները մշտապես հատուկ ուշադրության ներքո պիտի պահեն զինվորների ընտանիքները՝ նրանց նաև հոգևոր աջակցություն ցուցաբերելու համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին