Մեր դարաշրջանում պակասում են կենդանի օրինակները

- Հա՛յր, սուրբ Կրյուեղ Երուսաղեմացին ինչո՞ւ է ասում, թե վերջին ժամանակների մարտիրոսներն «ավելի երանելի են» լինելու*:

- Որովհետև առաջ (հոգու) դյուցազուններ շատ կային: Իսկ մեր դարաշրջանում պակասում են կենդանի օրինակները․ ես ընդհանրապես Եկեղեցու ու վանականության մասին եմ խոսում: Մեր օրերում ավելացել են բառերն ու գրքերը, բայց պակասել է կյանքի փորձը: Միայն հիանում ենք մեր Եկեղեցու սուրբ ճգնավորներով, չհասկանալով, թե որքան մեծ գործ էին նրանք անում: Դա հասկանալու համար պետք է ինքդ ջանք թափես, պետք է սիրես սրբերին ու պատվախնդրությունից** մղված ջանք ու եռանդ չխնայես, որպեսզի նրանց նմանվես: Իհարկե, Բարեգութ Աստված հաշվի կառնի մեր դարաշրջանի և առանձնահատկությունները, և պայմանները, որոնցում ստիպված ենք ապրել և ըստ դրա հաշիվ կպահանջի մեզանից: Ու եթե մենք գոնե մի փոքր սխրանք կատարենք, ապա ավելի շատ պսակների կարժանանք, քան հին ժամանակների քրիստոնյաները:

Հին ժամանակներում ճգնավորության ոգի կար: Մարդիկ փորձում էին նմանվել միմյանց, և ո՛չ չարը, ո՛չ անտարբերությունը չէին դիմանում: Բարության առատություն կար, ճգնավորական ոգի, և այդ պատճառով էլ անփույթ մարդը չէր կարող հարատևել իր անտարբերության մեջ: Բարության ընդհանուր հոսանքը նրան իր մեջ էր առնում: Հիշում եմ, մի անգամ Սալոնիկում լուսացույցի ազդանշանին էինք սպասում, որպեսզի փողոցն անցնենք: Կանաչը վառվեց, մարդկային հոսանքը շարժվեց ու ես զգացի, թե այն ինձ ինչպես է բոլորի հետ տանում: Ես միայն պետք է ոտքերս առաջ գցեի ու հասնեի փողոցի հակառակ կողմը: Ուզում եմ ասել, որ եթե բոլորը նույն տեղն են գնում, ապա մի հոգու համար դժվար է բոլորի հետ չգնալ, եթե նույնիսկ չի ուզում: Մյուսները հրապուրում են նրան, իրենց հետ տանում: Բայց այսօր, եթե մարդն ուզում է ազնիվ ու հոգևոր կյանքով ապրել, ապա աշխարհում նրա համար տեղ չի գտնվում, դժվար է լինում ապրելը: Եվ եթե նա անուշադիր լինի, ապա կգլորվի ցած, աշխարհիկ հոսանքը վար կտանի նրան:

Նախկինում բարության, բարեպաշտության առատություն էր, բազմաթիվ էին լավ օրինակները, և չարությունը կորչում էր բարության լիության մեջ: Աշխարհում կամ վանքերում առկա փոքրաթիվ անկարգություններն աննշան էին ու չէին վնասում մարդկանց: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում: Վատ օրինակները բազմաթիվ են, իսկ այն մի փոքր բարությունն էլ, որ մնացել է, գրոշի արժեք էլ չունի: Այսինքն՝ հիմա ճիշտ հակառակն է տեղի ունենում. մի փոքր բարությունը կորչում է մեծ չարիքի մեջ, և չարն է իշխում:

Եթե մեկ կամ մի քանի հոգի ճգնավորության ոգի ունեն, ապա դա բավականին օգնում է մյուսներին: Որովհետև, եթե մեկը հոգևոր առումով աճում է, ապա ոչ միայն ինքն է օգուտ քաղում, այլև նրան նայողները: Նույնն է անկարգապահ մարդու պարագայում․ նա ազդում է այլոց վրա: Իսկ եթե թուլանում է մեկը, հետո՝ մյուսը, ապա աստիճանաբար, աննկատելիորեն, շրջապատում արդեն ոչ մի լավ բան չի մնում: Այդ պատճառով էլ ճգնավորության ոգին շատ կօգնի տիրող ցոփության մեջ: Մենք պետք է չափազանց ուշադիր լինենք այդ առումով, որովհետև, ցավոք սրտի, ժամանակակից մարդիկ հասել են այն բանին, որ ցոփությունն ու սանձարձակությունը խրախուսող օրենքներ են ընդունում: Նույնիսկ ճգնողներին են ստիպում, որ այդ օրենքներին հետևեն: Այդ պատճառով էլ ճգնողները պետք է ոչ միայն աշխարհիկ ոգուն չենթարկվեն, այլև չհամեմատվեն այս աշխարհի մարդկանց հետ***: Երբ քրիստոնյաներն իրենց աշխարհիկ մարդկանց հետ են համեմատում, սկսում են իրենք իրենց սուրբ համարել, այնուհետև կորցնում են զգոնությունը և արդյունքում ավելի վատն են դառնում, քան նրանք, ում հետ համեմատվում էին: Հոգևոր կյանքում սրբերը պետք է օրինակ հանդիսանան, այլ ոչ թե աշխարհիկ մարդիկ: Լավ կլինի, որ յուրաքանչյուր առաքինության համար հետևյալ աշխատանքը կատարվի. անհրաժեշտ է գտնել այն սրբին, որն աչքի է ընկել այդ առաքինությամբ և ուշադրությամբ նրա վարքը կարդալ: Այդ ժամանակ մարդը կտեսնի, որ դեռ ոչինչ չի արել և կշարունակի իր հոգևոր կյանքը խոնարհությամբ վարել: Վազորդները հետ չեն նայում մարզադաշտում, որպեսզի տեսնեն, թե իրենցից հետո եղողները որտեղ են: Որովհետև եթե անընդհատ նայեն, թե ուր են նրանք, ապա հենց իրենք վերջինը կդառնան: Եթե ես փորձում եմ նմանվել նրանց, ովքեր հաջողում են, ապա խիղճս նրբանում է: Իսկ երբ նայում եմ նրանց, ովքեր հետևի շարքերում են, ապա արդարացնում եմ ինքս ինձ, ներում եմ ինձ, որովհետև նրանց գործած սխալների համեմատությամբ իմ սեփականները մեծ չեն: Ես հանգստացնում եմ ինձ այն մտքով, որ ինձանից վատն էլ կա: Այդպես ես խիղճս լռեցնում եմ կամ, ավելի ճիշտ, վերջիվերջո սիրտս անզգա է դառնում, կարծես սվաղի շերտով պատված լինի:

 

* "Мученики последних времен будут выше первых мучеников" Св. Кирилл Иерусалимский. Слова огласительные, 15 огласительное слово. М. 1855 С261.

** Պատվախնդրություն (հուն. "φιλότιμο"): Հունարեն այս բառի ոչ բառացի թարգմանությունը հնչում է որպես «մեծահոգություն», «հակվածություն՝ զոհաբերության», «հանուն որևէ հոգևոր կամ բարոյական իդեալի նյութականի հանդեպ տածած արհամարհանք»: Այս բառը հաճախ է հանդիպում հայր Պաիսիոսի խոսքում՝ ընդգծելով պատվախնդրության նշանակությունը հոգևոր կյանքում:

*** Հայր Պաիսիոսի խոսքում և հունարենում ընդհանրապես, "κοσμικός" բառը նշանակում է «Եկեղեցու հետ առնչություն չունեցող մարդ»: Այս գրքում այդ բառը որպես «այս աշխարհի մարդ» կամ «աշխարհիկ մարդ» է թարգմանվում, իսկ «աշխարհական» բառին համապատասխանում է հունարեն "λαϊκός" բառը, որը նշանակում է աշխարհում ապրող գիտակից քրիստոնյա:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

14.12.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․