25 Նոյեմբեր, Բշ
Մի մաքսավոր երազ է տեսնում, թե ջրհորի շուրջ մարդկանց բազմություն է հավաքվել, իսկ քահանան խաղաղություն ասելով հոգեհանգստյան արարողություն է կատարում:
Իսկ ջրհորի մեջ մի մարդ կռիվ է տալիս ջրի ալիքների հետ ու օգնություն կանչում` գոչելով, թե Տե՛ր Աստված, օգնի՛ր ինձ ազատվել այս տառապանքից:
Մաքսավորը մոտենում է քահանային ու ասում.
-Չե՞ք տեսնում, այս մարդն օգնություն է կանչում, իսկ դուք նրան ննջեցյալների շարքին եք դասել և օգնելու փոխարեն հոգեհանգստյան արարողություն եք կատարում:
Քահանան պատասխանում է.
- Տե՛ր Աստված մարդկանց օգնելու համար այս բազմությունն ուղարկեց, պարաններ տվեց, սակայն ապարդյուն, եթե երկնքից հրեշտակ էլ իջնի, այս մարդուն ոչնչով չի օգնի, քանի դեռ նա իր կրծքին պինդ-պինդ սեղմած ոսկեդրամներով լի պարկից չի հրաժարվել...
Մաքսավորը նայում է ջրհորի մեջ ու սարսափում, որովհետև տեսնում է իրեն, թե ինչպես է ջրի մեջ հուսահատ լող տալիս մի ձեռքով ամուր բռնած ոսկեդրամներով լի պարկը, մյուս ձեռքով` պարանից կառչած:
Եթե ցանկանում ենք Աստծո խաղաղության հաղորդակցությունն ունենալ մեր հոգիներում, ապա պետք է կամք դրսևորենք՝ հրաժարվելու գայթակղություններից, մեղքերից, որոնք շատ հաճախ կյանքի սովորական իրադրությունների մեջ մեզ համար ավելի արժեքավոր ու ցանկալի են թվում, քան դրանցից հրաժարվելն ու Աստծո խաղաղությունն ունենալը: Ուստի, Աստծուն մոտենալու համար անհրաժեշտ է կատարյալ հրաժարում մեղավոր աշխարհից:
Հովհաննես Մանուկյան