«Ապաշխարեցե՛ք». առաջինը այս հորդորը տվեց Քրիստոս, երբ սկսեց քարոզել:
Ի՞նչ է նշանակում ապաշխարել, ինչո՞ւ և ինչպե՞ս ապաշխարել:
Մեծ պահքն իր յոթ կիրակիներով այս հարցերի պատասխանը կարող է տալ բոլոր նրանց, ովքեր իրապես ուզում են հասկանալ ապաշխարության խորհուրդը: Մեծ պահքը կոչվում է նաև ապաշխարության շրջան:
Մեծ պահքի կիրակիներն են՝ Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Ըստ այս կիրակիների՝ մարդը սկզբում վայելում էր դրախտային երջանկությունը: Ապա պատվիրանազանցությունը պատճառ է դառնում մարդու՝ դրախտից արտաքսման: Որոշ ժամանակ անց մարդ արարածը զղջում է և դարձի գալիս: Երկնավոր Հայրը ներում է մարդուն և արժանացնում նախկին փառքին ու շնորհներին՝ աշխարհի վրա կարգելով որպես տնտես: Այստեղ եկեղեցին մեզ հիշեցնում է, որ դատաստան է լինելու, և մենք՝ որպես տնտեսներ աշխարհում կարգված, պատասխան ենք տալու մեր տնտեսության և ապրած կյանքի համար: Ուստի պետք է անդադար աղոթենք, ապա այս ամենը պիտի եզրափակվի Տիրոջ երկրորդ գալստյամբ, երբ մեղավորները պիտի դատապարտվեն, իսկ արդարները արժանանան հավիտենական կյանքին:
Այս կիրակիների ոսկե շղթան կազմել են Հակոբոս Տեառնեղբայրը և Կյուրեղ Երուսաղեմացին: Իբրև պահեցողության քառասնօրյա շրջան (ավելանում է նաև Ավագ շաբաթը), Մեծ պահքը որպես հիմք ունի մեր Փրկչի՝ քառասուն օրերի ծոմապահությունն անապատում: Քանի որ մարդկային բնությունը գրեթե անկարող է տոկալ 40 օրերի ծոմապահությանը, ուստի եկեղեցին տնօրինել է կատարել 40 օրերի պահեցողություն: Այս շրջանը կոչվել է Մեծ պահք, քանի որ ի հակադրություն մյուս պահքերի, այն ամենաերկարն է: Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու օրացույցի՝ տարվա 158 օրերը պահքի օրեր են՝ Մեծ պահքը, 11 շաբաթապահքերը, չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերը:
«Առաքելական կանոններ»-ում Մեծ պահքի հետ կապված կարդում ենք. «Առաքյալները տնօրինեցին, որ քառասուն օր պահք նշանակվի՝ հրաժարվելու համար ամեն չարությունից, մեղքից և կերակրից՝ նախքան Փրկչի չարչարանքների օրը, և ապա կատարեն չարչարանքների օրը՝ Տիրոջ Պասեքը, և Փրկչի Հարության տոնը…Քանզի նույն Ինքը՝ Տերը մեր Քրիստոս, Տերը տոների և տարեկան հիշատակությունների, քառասուն օր և քառասուն գիշեր պահք պահեց»:
Առաջին պահքը Աստված պատվիրել էր առաջին մարդկանց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, կմահանաք» (Ծննդոց 2:16-17): Պահեցողությամբ Ադամն ու Եվան դրախտային կյանքն էին վայելում, այնինչ պահքի խախտումով նրանք արտաքսվեցին դրախտից, ընկան շնորհներից և դարձան մահկանացու:
Իսկ Մեծ պահքի ճանապարհով ընթանալով՝ հնարավորություն ենք ստանում վերագտնելու կորուսյալ դրախտը:
Պահքը լինում է երկու տեսակ՝ հոգևոր և մարմնավոր: Մարդը հոգի է և մարմին, ինչպես ուտելիքն է մարմնին հաճելի, նույնպես և պահքը՝ հոգուն: Մարմնի պահքը գեղեցիկ է այն պարագայում, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Պահքի օրերին հրաժարվում ենք կենդանական կերակուրներից և մեր մարմինը սնուցում միայն բուսական սնունդով: Բայց եթե հաշվի առնենք այն, որ քրիստոնյայի համար իր կյանքի բոլոր օրերը խոկման, ինքնաքննության, բարեգործության, զղջման և ապաշխարության օրեր են, ապա պահքը քրիստոնյայի համար դառնում է զուտ սննդի փոփոխություն:
Պահքով քրիստոնյան բուժում է, զորացնում մեղքից հիվանդացած իր հոգին: Պահեցողության գերագույն նպատակը ապաշխարությունն է, երբ մարդը ցավում է, զղջում և մտահոգվում իր գործած մեղքերի պատճառով: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը անբաժան պետք է լինեն պահեցողությունից: Կրոնական պահեցողությունը ունի նաև իր անուղղակի բարիքները, որոնք, բնականաբար, պահքի նպատակը չեն համարվում: Պահքի անուղղակի բարիքներից են, օրինակ, ֆիզիկական օգտակարությունը, կամքի զորացումը:
Սուրբ Օգոստինոս Ափրիկեցին ասել է. «Պահեցողությունը մաքրում է հոգին, բարձրացնում միտքը, չափի և հակակշռի ներքևում պահում կրքերը, ցրում ցանկության ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում է ժուժկալությունը և վառում ճշմարտության լույսը»:
Մեծ պահքի գլխավոր նպատակը հավատացյալին նախապատրաստելն է, որ Ավագ շաբաթվա ընթացքում արժանապես մոտենա Սուրբ Հաղորդությանը և ավելի մեծ ուրախությամբ տոնի Սուրբ Զատիկը:
«Մեծ պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ, որ Աստծո ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ: Այդ հարցումի բարերար ներգործության ժամանակն է Մեծ պահքը մեր եկեղեցու ծիսական համակարգում» (Գարեգին Ա):
Բուն բարեկենդանի երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է Մեծ պահքը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը