23 Դեկտեմբեր, Բշ
«Ես շատ եմ ուզում, որ իմ մայրիկը ժպտա», «Երազում եմ, որ բոլոր հիվանդ մարդիկ Աստծո օգնությամբ առողջանան», «Երազում եմ, որ իմ հայրիկն ու մայրիկը միշտ առողջ լինեն», «Ուզում եմ, որ մայրիկս ինձ միշտ համբուրի», «Ինձ ոչինչ հարկավոր չէ, ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ սիրեն և հարգեն միմյանց», «Իմ միակ ցանկությունն է, որ իմ երկնային Փրկիչը բժշկի բոլոր երեխաներին, ծնողներին», «Ուզում եմ մեծ երգչուհի դառնալ, լինեմ սիրված և սիրեմ: Ներդաշնակություն և սեր եմ ցանկանում, որ աշխարհում լինի», «Ընտանեկան երջանկություն, հոգևոր աճ, երեխաներին՝ փայլուն ապագա և խաղաղություն աշխարհին», «Ես խնդրում եմ իմ ամենակարող Աստծուն, որ ինձ երկար կյանք տա, իմ երեխաներին առողջ պահի, որպեսզի լինենք երջանիկ: Երեխաներս լավ մարդ դառնան, իմ վերջն էլ բարի լինի», «Բոլոր զինվորները անփորձանք վերդառնան: Կանաչ ճանապարհ իրենց: Աստված միշտ մեր կողքին լինի», «Աստծուց ճշմարիտ սեր եմ խնդրում ինձ և իմ մերձավորների համար, նախ սիրուց բխած աստվածային խաղաղություն և գոհության հոգի, որ մեր ուրախությունը կատարյալ լինի»:
Ամանորյա այս ցանկությունները, որոնք կրում էին բազմաթիվ հրեշտակներ, զարդարել էին «Ցերեկային Կենտրոն»-ի յուրահատուկ տոնածառը: Ցանկությունների հեղինակներն էին կենտրոնի շահառուները, նրանց երեխաները և աշխատակիցները:
«Ցերեկային Կենտրոն»-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ գործում է 2011թ-ի սեպտեմբերից: Կենտրոնի նպատակն է՝ նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը և նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգևոր արժեքների ձեռքբերմանը:
Դեկտեմբերի 27-ին «Ցերեկային Կենտրոն»-ի գեղեցիկ և լուսավոր սենյակը ողողված տարբեր հեքիաթային հերոսների և հրեշտակների պատկերներով ամանորյա տրամադրության մեջ էր:
Կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը «Տերունական» աղոթքով սկսեց ամանորյա միջոցառումը: Տեր Հայրը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունից ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ և օրհնություն փոխանցեց երեխաներին, նրանց ծնողներին և աշխատակիցներին՝ նշելով, որ Սրբազան Հոր անմիջական օգնությամբ և աջակցությամբ է, որ 2011 թ-ից գործում է կենտրոնը: Տեր Գրիգորը ներկաներին շնորհավորանքներ փոխանցեց նաև Երիտասարդական Կարմիր Խաչ ընկերության կամավորների, «Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամ»-ի աշխատակիցների և բոլոր համագործակցող գործընկերների անունից:
«Վստահ եղեք, միշտ ձեր կողքին ենք լինելու: Այս տարիների ընթացքում կենտրոնը բոլորիս համար դարձել է մի տուն: Փառք Աստծո իմ ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ այստեղ յուրաքանչյուրն իրեն զգա, որպես մեծ ընտանիքի անդամ: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին երբեք խտրականություն չի դնում, եթե մարմնի մի անդամը հիվանդ է, ապա ցավում է ամբողջ մարմինը,- ասաց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և մաղթեց,- Ամենակարևորը առողջ եղեք, ձեր երեխաների կողքին եղեք: Եվ Նոր տարին նոր օրհնությամբ գալիք նոր հաջողություններ բերի ձեզ և ձեր երեխաներին»:
Ապա սկսվեց ամանորյա ուրախ երգն ու պարը: Հիմնադրման իսկ օրից կենտրոնի շահառուների տարբեր տարիքի երեխաների համար սպասելի օր է այս օրը: Այս անգամ նրանց աննկարագրելի աշխուժություն և ուրախություն էին պարգևում Սիսի ծաղրածուն և
«Շրեկ»-ը մուլտֆիլմի նույնանուն հերոսը: Ամանորյա միջոցառումը հագեցած էր. երգ ու պարից հետո հաջորդում էին մեկը մյուսից հետաքրքիր խաղերը:
«Գլխին խփում ենք, ոտքը թաքցնում է», «Դնում ենք լցվում է, հանում ենք դատարկվում է» Սիսի ծաղրածուն այս և նմանատիպ հանելուկներ, գլուխկոտրուկներ պատասխանողներին նվերներ էր տալիս, իսկ կատակային և սպորտային խաղերին մասնակցում էին ոչ միայն երեխաները, այլ նաև Երիտասարդական Կարմիր Խաչ ընկերության կամավորները, ծնողները և կենտրոնի աշխատակիցները:
Երեխաները պարում էին տարբեր ժանրերի երաժշտության ներքո, ծաղրածուի հուշմամբ մնջախաղերով ներկայացնում էին որևէ կերպար կամ կենդանի:
Իսկ ամենակարևորը՝ երեխաներն այս ընթացքում մեծ անհամբերությամբ սպասում էին Ձմեռ Պապին և Ձյունանուշին: Դիմավորելով նրանց ուրախ բացականչություններով՝ երեխաները զարմացնում էին Ձմեռ Պապին և Ձյունանուշին իրենց բանաստեղծություններով, երգերով, որոնք ընդմիջվում էին պարերով և խաղերով:
«Թող միշտ հնչեն բարի զանգակները» երգի հնչողության ներքո մի կողմում երեխաներն էին Ձմեռ պապի հետ պարելով շրջան կազմել, մյուս կողմում՝ ծնողները:
Ձմեռ Պապը երեխաներին հավատացրեց, որ հրաշքը հավատացողի համար գոյություն ունի, ապա նրա խորհրդով երեխաները փակեցին իրենց աչուկները՝ ամանորյա երազանքները հիշելով: Ձմեռ Պապիի գավազանի մեկ, երկու, երեք հարվածներից հետո երաժշտության հնչյունների ներքո երեխաները ստացան սպասելի նվերները: Ծնողներին ևս անակնկալ էր սպասվում, Ձմեռ Պապը չէր մոռացել նաև նրանց: Վերջում հրաժեշտ տալով Ձմեռ Պապին և Ձյունանուշին՝ երեխաները խոստացան լավ սովորել, խելոք լինել՝ մյուս տարի նորից հանդիպելու ակնկալիքով:
Իննամյա Էլենին ամենաշատը ուրախացրել էր կանաչ հսկա Շրեկը իր կատակներով և Ձմեռ Պապիկի նվերը:
Երիտասարդական Կարմիր Խաչ ընկերության կամավորները, կենտրոնի աշխատակիցների հետ միասին մեծ սիրով էին փորձում երեխաների համար այս օրը ուրախ և անմոռանալի դարձնել:
«Մեկ տարուց ավել է, ինչ իտալական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում ծրագրի շրջանականերում համագործակցում ենք «Ցերեկային Կենտրոն»-ի հետ: Երկու կոմպոնենտով ենք աշխատում կենտրոնում. փորձում ենք շահառուներին սոցիալապես աջակցել՝ ամեն ամիս ութսուն շահառուների հանձնելով սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Ինչպես նաև «Ցերեկային Կենտրոն»-ը աջակցում է մեզ տարբեր հաստատություններում տեղեկատվական և ուսուցողական դասընթացներ կազմակերպել՝ փորձելով հնարավորինս կանխարգելել ՄԻԱՎ-ը, իրազեկության աստիճանը բարձրացնելով: Շնորհակալ ենք կենտրոնից, որ մեզ հնարավորություն տրվեց գալու և համագործակցելու»,-ասաց Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի աշխատակցուհի Սոնա Գևորգյանը:
Հայկական Կարմիր խաչ ընկերության, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի, անհատ հավատացյալների կողմից «Ցերեկային կենտրոն»-ի շահառուները ստացան գրենական պիտույքներ, հիգիենիկ պարագաներ և սննդի փաթեթներ:
«Ցերեկային Կենտրոն»-ում բոլորի միասնական և սիրով լի ջանքն ու եռանդն իսկապես կարողացան երեխաների օրը դարձնել տոնական և անմոռանալի:
Կարինե Սուգիկյան