«Միմյանց համար աղոթք արեք…»

Եկեղեցու սուրբ հայրերի բնորոշմամբ` աղոթքն Աստծո հետ հաղորդակցություն հաստատելու ամենաանմիջական ճանապարհն է, դեմ հանդիման խոսակցություն Նրա հետ: Ինչպես կերակուրը մարմնի սնունդն է, այնպես էլ աղոթքը` հոգու: «Ուստի մարմնի պես պետք է ամեն օր սնել նաև հոգին, այլապես կնվաղի, կհիվանդանա կամ կմեռնի»,-ասում է Պողոս Ադրիանուպոլսեցին և հավելում. «Որքան մարդիկ օտարանում են աղոթքից, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից, մինչև մեծամեծ մեղքերի մեջ ընկնելը, որ հոգու մահն է»: Ինքը` մեր Տեր Հիսուս Քրիստոսը, բոլոր աղաչանքներն Ընդունողը, որպես մեզ օրինակ և հորդոր բազում անգամ ողջ գիշեր աղոթում էր Աստծուն` նույնը պատվիրելով և մեզ. «Արթու՛ն կացեք և ամեն ժամ աղոթեցե՛ք» (տե՛ս Մատթ. 26:41): Աղոթքների մեջ չկա ավելի մեծ աղոթք, քան Տերունական աղոթքը` «Հայր մեր»-ը, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսը սովորեցրեց մեզ, և որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր քրիստոնյա…:

Եկեղեցու սուրբ հայրերն ուսուցանում են, որ աղոթելիս հարկ է նախ տրված բարիքների համար գոհանալ Աստծուց և ապա առաջիկայի համար խնդրել: Այս է աղոթքի ճշմարիտ կերպը: Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի` պետք է երախտագիտություն հայտնել Աստծուն նաև այն ժամանակ, երբ չենք ստացել մեր խնդրածը, որովհետև Նա ավելի լավ գիտի, թե ինչ է մեզ պետք, քանի որ երբեմն օգտակար է չստանալը: Այս է աղոթքի ճշմարիտ կերպը: Եվ դարձյալ աղոթելիս պետք է խնդրել, որ Աստծու կամքը կատարվի մեր մեջ և ոչ թե մերը: «Սրանում են հաստատված աղոթքի կատարելությունն ու մարդու երջանկությունը» (Պողոս Ադրիանուպոլսեցի):

Միմյանց համար աղոթելու անհրաժեշտությունն ու օգտակարությունը

 Մեծ է աղոթքի զորությունը, սակայն եթե միայն մեր անձերի  համար խնդրենք, անձնասեր ու անողորմ կլինենք, ուստի անհրաժեշտ է նաև այլոց համար աղոթել: Վերջինիս օգտակար լինելը ցույց է տալիս Ս. Հակոբոս առաքյալի հետևյալ խոսքը. «Միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակ. 5:16): Ս. Պողոս առաքյալի թղթերը ողողված են միմյանց համար աղոթելու պատգամներով: Տիմոթեոսին ուղղված իր առաջին թղթում առաքյալն ասում է. «Ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ ու հանդարտությամբ վարենք մեր կյանքը» (Ա Տիմոթ. 2:1, 2): Պետք է աղոթել նաև քրիստոնեական մեր հավատքի պայծառության, Եկեղեցու հաստատունության, ազգի ու համայն աշխարհի խաղաղության, մեղավորների դարձի ու ապաշխարության, նաև` մեր հոգևորականաց դասի համար, ինչը և անում ենք յուրաքանչյուր Պատարագի և ամենօրյա ժամերգությունների ժամանակ` ըստ հաստատված կարգի: Ուրեմն` այլոց համար աղոթքը հույժ կարևոր և օգտակար է:

Հիշեցինք Ս. Պողոս առաքյալի` բոլոր մարդկանց համար աղոթելու հորդորները: Նա տարբեր եկեղեցիներին ուղղված իր գրեթե բոլոր թղթերում խնդրում է աղոթել նաև իր համար. «Աղոթեցե՛ք նաև մեզ համար» (Ա Թեսաղ. 5:25): Ինքն իսկ օրինակ էր լինում, քանզի բոլոր թղթերում վկայում է, որ ջերմեռանդորեն աղոթում է բոլորի համար «…չեմ դադարում գոհություն հայտնել ձեզ համար` հիշելով ձեզ իմ աղոթքներում» (Եփես. 1:15, 16), նաև` «ձեզ բոլորիդ համար աղոթում եմ խնդությամբ» (Փիլ. 1:4), նաև` «Իմ աղոթքներում գիշեր-ցերեկ անընդհատ քեզ եմ հիշում» (Բ Տիմ. 1:3): Եթե Պողոս առաքյալն աշակերտների աղոթքների կարիքն ուներ, որչափ առավել ևս մենք կարիք ունենք միմյանց համար աղոթելու: Քանզի Նա, Ով աղոթքների Վարդապետն է և Ընդունիչը, հրամայում է ամենքի Հորն աղոթել ոչ հատուկ անձի համար, այլ բոլորի` «Հայր մեր» ասելով, քանզի սուրբ Ավազանով որդիացանք Նրան (Ս. Խոսրով Անձևացի):

«Ուր մեկ կամ երկու հոգի հավաքված են իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ»,-ասում է Տերը (տե՛ս Մատթ. 18:20):  Նա լսում է մաքուր ու անկեղծ սրտից բխած աղոթքները նրանց, ովքեր աղոթում են իրենց պատկերակցի, ի Քրիստոս իրենց քույրերի ու եղբայրների համար: Մերձավորների համար աղոթող մարդը նույնպես զգում է իր արած աղոթքի զորությունը, քանզի ինքը նմանապես հոգևոր օգուտ է ստանում` արժանանալով Աստծու ողորմածությանն ու ներողամտությանը: Այլոց համար իր արած աղոթքները, մի տեսակ, վերադառնում են իրեն, քանզի մարդը չի կարող աղոթել ուրիշի համար, եթե իր սրտում չունենա սրտացավություն, մարդասիրություն ու կարեկցանք դեպի իր մերձավորը: Ուրիշի համար աղոթքը հոգևոր ողորմության մի տեսակ է`  ոչ պակաս կարևոր նյութական ողորմությունից: Այլոց համար աղոթքի մեծ զորության ևս մեկ օրինակ հիշենք Գործք Առաքելոցից, երբ Պետրոս առաքյալը կապկպված էր ամուր կապանքներով, մինչդեռ «եկեղեցում նրա համար ստեպ-ստեպ աղոթքներ էին արվում» (Գործք. 12:5), որոնք էլ նրան անմիջապես ազատեցին բանտից:  

Թշնամիների համար արված աղոթքի կարևորությունը

Սակայն պետք է աղոթել ոչ միայն մերձավորների ու ընկերների, այլև որքան էլ դժվար լինի` մեր թշնամիների ու մեզ ատողների համար, ըստ տերունական Խոսքի. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին… և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում» (Մատթ. 5:44): Որպես ճշմարիտ քրիստոնյաներ` պետք է մերժենք մեր սրտերից քենն ու ոխը, ներենք նրանց, որպեսզի մեր երկնավոր Հայրն էլ մեզ ների մեր հանցանքները (տե՛ս Մատթ. 6:14): Առավել հեշտ կլինի նրանց համար աղոթել, եթե խղճանք նրանց ու գիտակցենք, որ սատանան կուրացրել է նրանց ու չեն հասկանում, թե ինչ են անում: Հայրերն իրենց գրվածքներում ունեն հատուկ թշնամիների համար գրված աղոթքներ: Սուրբ Ն. Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի 23-րդ գլխից մի հատված հիշենք. «Թողություն շնորհիր նաև իմ թշնամիներին և ինձ ատողներին` իմ դեմ գործած հանցանքների համար, և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ…»: Այս կերպ աղոթելով նրանց համար` մենք իրապես կկատարենք առաքյալի այս պատգամը ևս. «Թույլ մ՛ի տուր որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ. 12:21):

Աղոթենք նաև մեղավորների ու անհավատների դարձի ու ապաշխարության համար, որպեսզի մեղքերի մեջ անզղջում չմնան, այլ Տիրոջ ողորմությամբ  ու մեր հարատև ու անձանձրույթ աղոթքների շնորհիվ դառնան Աստծուն` ժառանգելով փրկությունը:

Աղոթք ննջեցյալների համար

Հայրերն իրենց գրվածքներում կարևորում են նաև մեր ննջեցյալների համար մեր կատարած աղոթքները, որովհետև, ինչպես Ս. Գր. Տաթևացին է ասում, «նրանք այլևս չեն կարող ապաշխարել մեղքերի համար, ուստի միայն մարդասեր և գթած Աստծու ողորմությունն են ակնկալում և կարոտում ողջերի աղոթքներին…»:

 Ճշմարտապես աղոթելով մեզ նմանների համար` սրբվում ու ազնվանում են մեր հոգիները, թեթևանում ու խաղաղվում, որովհետև «Աղոթքը սեր է, անձնվիրություն դեպի մեր երկնավոր Հայրը և Նրա երկրավոր որդիները, որ մեր եղբայրներն են»,-ասում է երջանկահիշատակ Գարեգին Հովսեփյան կաթողիկոսը և հավելում, որ Քրիստոսի ողջ կյանքն էլ Աստծուն նվիրված մի աղոթք էր: Այո՛, մեր Տերն Իր երկրավոր կյանքի ընթացքում աղոթեց ողջ մարդկության փրկության համար, մինչև իսկ վերջին շունչն աղոթում էր Իրեն անարգողների ու խաչողների համար` մեզ օրինակ լինելով: Թող մեր կյանքն էլ լինի Աստծուն նվիրված աղոթք` զարդարված բարի գործերով ու աղոթասիրությամբ:

«Անդադար աղոթենք, որպեսզի փորձության մեջ չընկնենք» (տե՛ս Մատթ. 26:41), քանզի օրերը չար են, երբ ամեն քայլափոխի հանդիպում ենք մեր հավատի հիմքերը խարխլող տարատեսակ փորձությունների ու գայթակղությունների: Աղոթենք Աստծուն` խնդրելով մեղքերի թողություն, հոգիների ու մարմինների բժշկություն, ճշմարիտ դարձ և ապաշխարություն ոչ միայն մեր անձերի, այլև բոլորի համար, աշխարհին ու մարդկանց հոգիներին խաղաղություն, սեր, համերաշխություն: Աղոթենք թե՛ ծանոթների, թե՛ անծանոթների համար, և ինչպես Ֆ. Դոստոևսկու հայտնի ստեղծագործության մեջ գլխավոր հերոսներից մեկն է ասում. «Մեր աղոթքների մեջ հիշատակենք նրանց, ովքեր աղոթող չունեն իրենց համար, նաև նրանց համար, ովքեր չեն ուզում աղոթել…»: Այո՛, աղոթենք այդպիսիների համար, որպեսզի մի օր Տիրոջ ողորմությամբ նրանք էլ դառնան ջերմեռանդ աղոթողներ` մատուցելով Աստծուն իրենց աղոթքի պտուղները` սեր, խնդություն, խաղաղություն, խոնարհություն, եղբայրասիրություն, ողորմածություն, համբերություն…:                                                                                  

 

Անժելա Խաչատրյան

20.06.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․