Գրքեր

Մոգերի երկրպագությունը

«Ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ» (Մատթ․ 2։1)։

Իմ պատվական եղբայրնե՛ր ի Քրիստոս, այս հրաշափառ տոնի տոնախոսականն ինձ է վիճակված խոսել, ուստի այս առթիվ ես շատ երջանիկ եմ զգում ինձ։ Ուրախությամբ ավետում եմ ձեզ՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»։

Այս պանծալի պահին երկնքի հրեշտակների հետ եկեք ցնծությամբ երգե՛նք․ «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, երկրի վրա՝ խաղաղություն, և հաճություն՝ մարդկանց մեջ»։ Փոքր-ինչ առաջ խնկելի Խորենացու հետ հնչեցրինք այս երգը․ «Մեծ և սքանչելի Խորհուրդ, որ այս օրը հայտնվեց․․․»։ Ո՜վ իմ եղբայրներ, եկե՛ք ինձ հետ մխրճվենք այս Խորհրդի խորքերը, մտքով քսան դարեր ե՛տ գնանք և պրպտե՛նք հավիտենական Մանկան ծննդյան դրվագի մաս կազմող մոգերի երկրպագության պատմությունը։

Մաս Ա

Արևելքը՝ այդ խորհրդավոր տարածաշրջանը, ծնունդ է տվել մեծամեծ տիրակալությունների և բազմաթիվ քաղաքակրթությունների ծագման օրրան է եղել։ Նրա սահմանները ձգվում են Ասիայի սկզբնահատվածից և հասնում են մինչև ծայրագույն երկրների վերջին սահմանակետերը։ Արևելքի երկրներից Պարսկաստանի անհուն մարգագետիններում ու նրա մոտ գտնվող երկրներում հին ժամանակներում տիրապետող կրոնը զրադաշտականությունն էր, որի վարդապետները կոչվում էին մոգեր։

Մոգերն ինչպես մտավոր, այդպես էլ իշխանական գործերի մեջ առաջնորդում էին իրենց ժողովուրդներին։ Մոգությամբ ծաղկած այդ երկրներից մեկում նույն ժամանակներում ապրում էին երեք իշխան-մոգեր, որոնց անունները, համաձայն քրիստոնեական ավանդության, Մելքոն, Գասպար և Բաղդասար էին։

Այդ մոգերը բարի էին, ճանաչում էին տիեզերքի Արարչին, և նրանց հոգիները ծանոթ էին աստվածությանը։ Մոգերն ազնիվ նկարագրի տեր էին, և մոգությանը հարակից թյուր գաղափարները քննադատելի էին նրանց հարցասեր մտքի համար։ Այս մոգերը քննում էին ճշմարտությունը, և դա էր նրանց մտքի նպատակակետը։

Գիշերները, երբ խաղաղ լռության մեջ նրանք իրենց աչքերը հառում էին աստղազարդ երկնքին և խորը հափշտակության մեջ էին ընկղմվում, փառաբանում էին անսահմանության Արարչին։ Նրանք Արարչից լույս էին խնդրում, որպեսզի կարողանային գտնել ճշմարտությունը և Ամենակարողին աղերսում էին հագեցնել իրենց հոգու ծարավը։

Այս մոգերը Հրեաստանից եկող մի խիստ պատկառելի ավանդություն էին լսել, համաձայն որի՝ Աստվածությունը խոստացել էր Իր մասնավոր աստղը ծագեցնել․ «Ծագելու է Հակոբի աստղը» (Թվ․ 24։17)։ Այդ աստղի ծագումն էր, որ նրանք փնտրում էին երկնքի լուսատուների մեջ։

Մոգերն ուսանել էին, որ ապագայում հրեական ազգից մեկը պիտի ծնվեր, որը պիտի տիեզերական և երկնային հավիտենական թագավորություն ունենար և երկնքից երկիր պիտի բերեր մարդկության ոսկեդարը։ Ուստի այս մոգերը շատ ու շատ գիշերներ անքուն էին անցկացնում՝ դիտելով կապույտ երկնակամարը։ Աղոթքի ու հայեցողության կյանքն էր նրանց սիրելի զբաղումը։

Մաս Բ

Հանկարծ մի օր այս մոգերը երկնքում նշմարեցին մի նորանշան աստղ, որի շողարձակ լույսը շոյում էր նրանց աչքերը։ Նորահայտ աստղի լույսը նման չէր արուսյակի մեղմահոս լույսին, ու ոչ էլ կարմրավուն արեգակի բոսորագեղ պայծառությանը։ Այդ աստղը բացարձակապես նման չէր լուսնթագի ցոլքերին, ոչ էլ Բույլքի և Յոթնաղբյուրի համաստեղության զարմանահրաշ երևույթներն էին նշմարվում այդ աստղի վրա։

Այս հանկարծածագ աստղի դիրքը բոլորովին նորանշան էր։ Գիսավոր աստղերի տարօրինակությունները ևս անզոր էին այս երևույթը բացատրելու հարցում։ Ո՞ւր ես, Դավի՜թ, դո՛ւ, որ քո հոգևոր կյանքում, աչքերդ երկնքին հառած, երգեցիր տիեզերքի մասին, դո՛ւ, որ լավագույնս խելամուտ եղար Արարչի մեծափառությանն ու սաղմոսեցիր՝ ասելով․ «Երկինքը պատմում է Աստծու փառքը» (Սղմ. 18:2)։

Ուրեմն արի՛ և սքանչացի՛ր նորածագ ու շողափայլ այս լուսատուի տեսքով, որը քո տեսած, զննած ու սաղմոսած զարմանալի երկնակամարի վրա մի նոր հրաշալիք էր ավելացնում։ Վե՛ր կաց քո հազարամյա քնարանից և Բեովրեցի մարգարեի հետ երգի՛ր․ «Ծագելու է Հակոբի աստղը»։

Իմ պատվակա՛ն եղբայրներ, կասկած չունեմ, որ այս երեք մոգերը մեծ ցնծությամբ ողջունեցին այդ հրաշափառ աստղի ծագումը, ծնկի եկան և, իրենց բազուկները երկինք կարկառած, աղոթեցին Արարչին ու լույս խնդրեցին Նրանից՝ նորածագ լույսը ըմբռնելու համար։

Իսկ շնորհների սուրբ Հոգին, Նա՛, Ով թոհուբոհի միջից հրաշակերտեց այս զարմանալի տիեզերքը, Նա՛, Ում մշտենջենավոր գործն է Իր անմահարար ցողով շնորհազարդել խոնարհ հոգիներին, Նա՛, Ով ներշնչում էր մարգարեներին՝ այդ աստվածասեր հոգիների առջև բանալով ապագայի գաղտնիքը, Նա՛, Ով հոգերգել էր դեռևս տասնհինգ դար առաջ՝ ասելով թե․ «Ծագելու է Հակոբի աստղը», Նա Ի՛նքը երեք մոգերին ավետեց, որ «հրեաների թագավորը ծնվել է, և այս աստղը, որ տեսնում եք, Նրա՛ աստղն է։

Մաս Գ

Իշխան-մոգերի ցնծությունը կատարյալ էր, նրանք հասել էին իրենց երազանքին։ Եվ որքա՜ն նրանք մաքառեցին այդ երջանիկ օրվան հասնելու համար։ Ու այժմ նրանք ուզում են գնալ, գտնել և համբուրել երկնային նորածին Թագավորին, ուզում են գնալ ու պիտի գնան։ «Գնանք ու գտնենք Նրան»․ ա՛յս եղավ մոգերի առաջին խոսքը, երբ աստվածային ավետիս-պատգամը հաղորդվեց նրանց։

Աշխարհում չկար որևէ զորություն, որը կկարողանար մոգերին հետ պահել իրենց այդ մտադրությունից․ նրանք հավատում էին, որ Աստված ի կատար պիտի ածեր իրենց բաղձանքը։

Մեսիան լույս աշխարհ էր եկել, և նրանք, անշուշտ, պիտի գտնեին Մանկանն ու պիտի երկրպագեին Նրան։ Ճշմարտությունը հայտնվել էր, և նրանք պիտի գնային այն գտնելու և հագեցնելու իրենց հոգու ծարավը։ Մոգերի որոշումն անբեկանելի էր, ուստի նրանք իսկույն ճանապարհ ընկան։

Մոգերը չգիտեին, թե որտեղ պիտի գտնեին իրենց սրտի բաղձանքը, սակայն շարունակ քայլում էին։ Ամիսներով ու թերևս տարիներով դեռ պիտի ճամփորդեին, բայց, այդուամենայնիվ, մոգերը սիրով հանձն էին առել այդ բոլոր նեղությունները։ Մոգերը ճանապարհ էին ընկել և բացարձակապես չէին վախենում, որ որևէ մեկը կարող էր արգելք լինել իրենց համար, քանի որ կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը։

Մաս Դ

Մի նոր ուրախություն էր վերապահված մոգերին․ երբ նրանք ճանապարհ ընկան՝ տեսան, որ երկնքի նորածագ աստղն առաջնորդում էր իրենց։ Այո՛, ամեն մարդ, որը մոգերի նման հավատք ունի Աստծու հանդեպ, որը, հույսով լցված և սիրով բոցավառ, ճանապարհ է ընկնում, իր հոգու աչքերով ամեն պահ պիտի տեսնի մի աստղ՝ Նրա՛ աստղը, որն իրեն պիտի առաջնորդի դեպի բարության երկիրը, դեպի ճշմարտության ճանաչողությունը։

Ո՜վ երջանիկ մոգեր, և երջանիկ են բոլոր նրանք, ովքեր այդպիսի խորունկ հավատք ունեն իրենց հոգու խորքում, ովքեր իրենց մտքում հույս ունեն և սուրբ սեր ունեն իրենց սրտի խորքերում։

Մեկ տարի տևեց մոգերի ճանապարհորդությունը, և նրանք շարունակ փնտրում էին Նորածնի ծննդյան վայրը։ Շատերը, անշուշտ, ծաղրում էին մոգերին՝ տեսնելով, որ այս մարդիկ ոտքի էին ելել՝ աշխարհով մեկ փնտրելու մի նորածին Մանկան, Որի ո՛չ ծննդյան վայրը գիտեին, ո՛չ էլ գիտեին, թե Նա ո՛ւմ զավակն էր։ Մոգերը, սակայն, անդրդվելի էին։

Երկնքից ստացված ներշնչանքն ու իրենց անսասան հավատքը մոգերին շա՜տ ավելի վեր էին բարձրացնում աշխարհի գոռոզ գիտունների ծաղրանքից և անտարբեր մարդկանց քմծիծաղից։ «Մի գրամ հավատքը կարող է սասանել լեռները»,- մի օր պիտի բացականչեր այն Մանուկը, Որն այժմ այդ հավատացյալ մոգերի փնտրտուքի առարկան էր։

Եվ մոգերն անդադար փնտրում ու քայլում էին դեպի արևմուտք, մինչև որ հասան սխրալի ու հոյաշեն Երուսաղեմ քաղաք, որը հռչակված էր իր փառավոր պալատներով և մանավանդ աննման ու հրաշակառույց տաճարով։ Իրար սրտակից այս երեք բարեկամները միաբերան ասացին․ «Այստեղ, անշուշտ, պիտի կարողանանք ճշգրիտ տեղեկություններ ստանալ մեր փափագելիքի մասին»։

Մոգերի զարմանքը, սակայն, շատ մեծ եղավ, քանի որ երբ նրանք ոտնակոխեցին քաղաքի շեմքը, այն աստղը, որն իրենց առաջնորդել էր մինչև այդ վայրը, աներևութացավ։

Մաս Ե

Մոգերը քաղաքից ներս մտան և է՛լ ավելի մեծ ջանասիրությամբ սկսեցին իրենց հանդիպող մարդկանց հարցուփորձ անել․ «Որտե՞ղ է հրեաների Արքան, Որը լույս աշխարհ է եկել, որովհետև մենք տեսանք Նրա աստղը արևելքում և եկանք Նրան երկրպագելու»։

Բազմամարդ քաղաքում նրանք իրենց այդ հարցումը շատերին ուղղեցին, և ահա՛ քաղաքը սկսեց թնդալ․ օտարական իշխանների հագուկապը, նրանց զարմանալի հարցումը և ջերմեռանդ «խուզարկությունը» թոհուբոհ առաջացրին ժողովրդի բոլոր խավերի մեջ։

Ես վստահ եմ, սակայն, որ չար մարդիկ երբևէ չանդրադարձան այդ խնդրին, քանի որ նրանք բոլոր ժամանակաշրջաններում էլ երբևէ չեն կարողացել անդրադառնալ լուրջ խնդիրների, որովհետև խստագույնս զբաղված են եղել իրենց թանկագին թվացող սնոտի հարցերով՝ դրանց միայն մեծ ուշադրություն դարձնելով։

Մոգերի գալստյան և հարցուփորձի արձագանքը հնչեց նաև պալատում, և Հերովդեսը խռովվեց, քանի որ իր քառասնամյա գահակալության վախճանի մասին էր գուժում այդ լուրը։ Ինքը՝ Հերովդեսը, մշտապես ջանում էր Իսրայելի ժողովրդին մոռացնել տալ Մեսիայի գաղափարը՝ նրանց սիրաշահելով արտաքին ու շքեղ հանդեսների միջոցով և տաճարի վերաշինությամբ էլ իր օտարական լինելու հանգամանքն էր ցանկանում ջնջել ժողովրդի սրտերից։

Եվ ահա Հերովդեսն անմիջապես կանչում է քահանայապետին ու ծերակույտին և հարցնում նրանց․ «Որտե՞ղ պիտի ծնվի Օծյալը»։ Ծերակույտը ժողով է գումարում և Հերովդեսին հիշեցնում է Միքիա մարգարեի այս կանխասացությունը․ «Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տուն․․․ քեզնից մի Իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին» (հմմտ․ Միք․ 5։2)։

Քահանայապետն ու ծերակույտը չըմբռնեցին Հերովդեսի հարցման նպատակը․ նրանք, թերևս, կարծեցին, որ Հերովդեսն այդ միջոցով ցանկանում էր ժողովրդի զգացումները շարժել Մեսիայի գալստյան խնդրի վերաբերյալ իր հետաքրքրությունը ցույց տալու միջոցով։

 Մաս Զ

Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին և, նրանց առջև կեղծավորություն անելով, անշուշտ, այսպես խոսեց. «Ի՜նչ երջանիկ եք դուք, որ այս առաջին անգամ լսեցիք իմ ու Իսրայելի կողմից մեծապես սպասված Օծյալ Իշխանի ծննդյան ավետիսը։ Ա՜խ, ո՜ւր էր թե գտնեիք Նրան և ի՛նձ էլ հայտնեիք՝ որտեղ է Նրա բնակության վայրը, որպեսզի ես էլ ձեզ հետ գամ Նրան երկրպագելու։

Իմացա՛ծ եղեք, որ մեր ազգի սրբազան գրքերը կանխագուշակել են, որ Նա Բեթղեհեմում պիտի ծնվի, ուստի դեպի այնտեղ էլ գնացեք։ Ես կցանկանայի իմանալ նաև, թե ձեզ երբ է երևացել աստղը․․․․»։

Հերովդեսի քաղցրաբարբառ խոսքերով ու սիրաշահումներով տարված և իրենց իսկույն հաղորդված հետաքրքրական տեղեկություններով հմայված՝ երեք մոգերը շատ ուրախացան ու անմիջապես պատմեցին աստղի երևալու ժամանակահատվածը։ Մոգերն անկեղծ էին, նրանք իրենց կյանքում երկերեսանիություն չէին գործածել, ուստի չէին կարող գլխի ընկնել, որ իրենց հետ խոսողի այդ քաղցրաբարբառ խոսքերի տակ ոճրագործության միտք էր թաքնված։

Մոգերը միամիտ էին և կարծում էին, որ իրենց հետ խոսողն էլ էր միամիտ։ Նրանք չգիտեին, որ կեղծավորների բոլոր խոսքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ լարված թակարդներ՝ անմեղին խորխորատը գցելու և տկարին խոցելու համար։ Ապագան, սակայն, մոգերինն էր. Աստվա՛ծ էր նրանց պաշտպանը։

Հերովդեսի վերջին խոսքն այս եղավ. «Գնացե՛ք Բեթղեհեմ, և երբ գտնեք Նրան, ի՛նձ էլ իմաց տվեք, որպեսզի ես էլ գամ նորածին Արքային երկրպագելու»։ Մոգերն ուրախությամբ «այո» պատասխանեցին և ճանապարհ ընկան։

Մաս Է

Մոգերը դուրս էին ելնում Երուսաղեմից և բոլորովին մխիթարված ու հուսալից էին իրենց ստացած որոշ տեղեկությունների համար։ Եվ ահա նրանք տեսան, որ արևելքում իրենց տեսած պայծառ աստղը նորից հայտնվեց և սկսեց առաջնորդել իրենց։

Նրանց ուրախությունն այլևս չափ չուներ։ Մոգերը քայլում և ոգևորությամբ խոսում էին իրար հետ, քանի որ մոտ էին Բեթղեհեմին։ Ինչպիսի՜ գորովանքով նրանք պիտի բոլորվեին պաշտելի Մանկան օրորոցի շուրջը։ Ինչե՜ր էին նրանք բերել՝ նվիրելու Մանկանը, որքա՜ն էր ցնծում նրանց սիրտը։

Աստղը ընթացավ մինչև Բեթղեհեմ և կանգ առավ այն վայրի վրա, որտեղ բնակվում էր նորածին Մանուկը։ Մոգերը ներս մտան, և նրանց երեսներն անճառելի խնդությամբ սկսեցին փայլել։ Մի պատկառելի անձնավորություն առաջնորդեց նրանց և տարավ Մանկան օրորոցի առջև։

Այնտեղ մոգերը տեսան մի շնորհագեղ կնոջ, որը հսկում էր իր զավակի օրորոցի մոտ։ Եվ ահա մոգերը հասկանում են, որ այդ Մանուկն իրենց սրտի սիրելի ու փափագելի, պաշտելի Մանուկն էր, Որին «ժողովրդի մեծամեծները պատարագներով պիտի պաշտեին» (հմմտ․ Հեսու 22։16-18)։

Իմ պատվական եղբայրնե՛ր, եկեք մի պահ խորհրդածե՛նք այս հոգեցունց իրադարձության մասին։ Աշխարհի ամենախոնարհ դասակարգին պատկանող հովիվներից հետո նորածին Մանկանը երկրպագելու են գալիս աշխարհի ամենաբարձր դասակարգին պատկանող գիտնական-իշխանները։

Այո՛, հավիտենական Մանուկն այսպիսով սրբագրում էր աշխարհի բոլոր կարգն ու սարքը։ Նախ՝ հովիվները, ապա՝ միայն իշխան-մոգերը․ միամիտ հավատացյալը շա՜տ ավելի վաղ պիտի տեսներ ճշմարտությունը, մինչդեռ գիտնականը տարիներով ճամփորդելուց հետո պիտի հասներ Մանկան օրորոցի առջև։

Բարոյական աշխարհի հեղաշրջո՛ւմն էր սկսում այս նորածին Մանուկը, Որի առջև պիտի ծնրադրեին բոլոր դարերն ու ազգերը․ «Հիսուսի անունով պիտի խոնարհվի ամեն մի ծունկ՝ երկնավորների, երկրավորների և սանդարամետականների․․․» (հմմտ․ Փիլ․ 2։10)։

Երջանիկ մոգերը Մանկանը նվեր էին բերել ոսկի, խունկ և զմուռս, իսկ մե՞նք ինչ պիտի ընծայաբերենք այս հրաշալի ժամին, երբ խմբված ենք՝ տոնելու Նրա հրաշափառ Ծննդյան տարեդարձը։ Մե՛նք էլ, եղբայրներ և քույրեր, մեր մտքի անդրդվելի համոզումնե՛րը նվիրաբերենք, մեր հոգու բոլոր հույսերն ու հույզերը և մեր սրտի ողջ սերը, ու այն մեր կամքի բուրվառով մատուցենք մանկացած Աստծուն, քանի որ Նա է արքաների Արքան, Որն անճառելի խոնարհությամբ հաճեց բնակվել մեր մեջ։

Մաս Ը

Երեք մոգերը պիտի վերադառնային իրենց երկիրը։ Նրանք աստվածային Մանկան ծննդյան ավետիսը պիտի տարածեին հեռավոր արևելքում, չէ՞ որ մոգերն էլ ավետարանիչներ էին։ Նրանք շտապում էին գնալ ու քարոզել ամենքին, հռչակել, որ եկել է մարդկության ոսկեդարը, և այդուհետ այլևս գայլերն ու գառները միասին պիտի ճարակեն։

Մոգերը, սակայն, Երուսաղեմով պիտի վերադառնային, քանի որ Հերովդեսին խոսք էին տվել և չէին կարող դրժել իրենց խոստումը․ ճշմարտությունը և միա՛յն ճշմարտությունը, դա՛ էր այս բարի մոգերի բնորոշ հատկանիշը։ Ո՜վ ճշմարտություն, ես հավատում եմ, որ դու անբացատրելի ես և այդպիսին պիտի մնաս դարեդար։

Դու, սակայն, միշտ քո ներկայությունը զգացնել ես տալիս՝ չարերի հանդեպ հաղթանակ տոնելով, բայց այդ չարերը մշտապես էլ ուրանում են քո գոյությունն այն կույրերի նմանողությամբ, որոնք պնդում են, թե արևը գոյություն չունի, քանի որ իրենք այդ արևը չեն տեսել։

Երկնավոր Հա՛յրն էր, որ հսկում էր Իր ծոցածին Մանկան վրա, ամենիմաստ Տերը, Որը գիտեր Հերովդեսի չար մտադրության մասին, ուստի և մոգերին թելադրեց այլ ճանապարհներով վերադառնալ իրենց երկիրը, և մոգերն էլ հնազանդվեցին աստվածային կամքին։

Գիտության այդ իշխաններն ինչպիսի՜ պանծալի դասեր են տալիս մեզ, ո՜վ հավատացյալ եղբայրներ, ուստի սերտենք այդ դասերը և նրանց նման խոնարհաբար հնազանդվենք աստվածային հրամաններին։

Մեր տկար մտքով չհոխորտանք Ավետարանի հրապարակած ճշմարտության դեմ, այլ նմանվենք երջանիկ մոգերին և երկրպագենք Բեթղեհեմում ծնված Մանուկ թագավորին, Որին են պատկանում իմաստության և գիտության բոլոր գանձերը։ Մոգերի նման և հովիվների հետ մենք ևս դավանենք, որ երկնքի ու երկրի անսահման Աստված էր այդ խոնարհ խանձարուրի մեջ բարուրված Մանուկը։

Զուր էր Հերովդեսը լուրի սպասում, և հասկանալով, որ մոգերն անդարձ հեռացել են, նա սաստիկ զայրանում է։ Այդպիսին են կեղծուպատիր մարդիկ․ փաղաքշում ու ստում են, որպեսզի, եթե հնարավոր է, բարի մարդկանց խաբեն ու գցեն իրենց լարած որոգայթի մեջ, սակայն երբ զգում են, որ իրենց ողջ կեղծիքը լիովին բացահայտված է և իրենց ծրագիրն անհաջողության է մատնված, սաստիկ զայրանում են ու դիմում ամեն տեսակի ծայրահեղության։

Հերովդեսը սպանել է տալիս Բեթղեհեմի և դրա շրջակայքի երկու տարեկանից ցածր բոլոր մանուկներին․ լացուկոծի ձայնը բարձրանում է մինչև հավիտենական Հոր աթոռը։ Երկնավոր Հայրը հոտոտում է Բեթղեհեմի անմեղ մանուկների այս նորօրինակ զոհաբերությունը, և այդ անմեղ մանուկները, որոնք մանկացած Աստծու անճառելի տնօրինության համար սրատվեցին, վեր են սլանում անմահական կյանքի օթևանը։

Այդ մանուկները բարձրացան երկինք՝ երգակից ու փառաբանակից լինելու բազմաչյա քերովբեներին և վեցթևյան սերովբեներին ու մեծաձայն օրհներգությամբ փառաբանեցին սրբերի Սրբին։ Երջանիկ եք դուք, ո՜վ մանուկներ։

Մաս Թ

Հերովդեսը լսեց, որ իր հրամանը անթերիորեն  կատարվել էր և ցնծաց, ձեռքերն իրար շփեց ու ասաց․ «Ահա՛ հասա կյանքիս նպատակին, այլևս Մեսիայի գաղափարը մարմին չի առնի, քանի որ խանձարուրի մեջ ես խեղդեցի Նրան»։ Սակայն ինչպիսի՜ ծայրահեղ անմտություն էր դա․ Աստծու հրեշտակը պատգամ էր բերել, և Հիսուս Մանուկը տարվել էր Եգիպտոս, ուր չէին կարող հասնել Հերովդեսի կամակատարները։

Անմեղի ու բարու դեմ հյուսված հնարքները պիտի խորտակվեն երկնավոր Հոր ամենազոր աջով, որը և պիտի պաշտպանի Իր սիրելիներին։ Մի՞թե շնորհների Սուրբ Հոգին չէր, որ իմաստունին թելադրել էր գրի առնել այս ոսկեղեն հատվածը․«Անօրենը ինքը պիտի ընկնի այն փոսը, որը փորել և խորացրել էր ուրիշի համար» (հմմտ․ Սաղմ․ 7։16)։

Այդ դեպքից հետո Հերովդեսի կյանքը շատ կարճ տևեց, իսկ նրա մահն էլ ազդու դաս եղավ ամենքի համար։

Մաս Ժ

Պատվակա՛ն եղբայրներ և քույրեր, Քրիստոսի Ծնունդը մա՛հը եղավ հեթանոսության խավարի՝ հալածելով այն, ինչպես որ արևի մեծապայծառ ճաճանչներն են հալածում նյութեղեն խավարը։ Եթե տասնյակ անմեղ մանուկները զոհվեցին Փրկչի Ծննդյան օրերին, սակայն գերագույն Մանկան հեղաշրջության շնորհիվ ողջ մանկությունն ազատագրվեց ծերությունից։

Հունաստանը՝ գեղարվեստի այդ հայրենիքը, իր գիտության մեջ գոռոզացած՝ Սպարտայում չարչարում էր մանուկներին, նրանց գողություն էին սովորեցնում, իսկ ուրիշ վայրերում տխեղծ մարմին ունեցողներին սպանում էին։

Հռոմը, որի օրենսդրությամբ գիտունները պարծենում էին, այնքա՜ն անսահման իշխանություն էր տալիս հայրերին, որ նրանք կարող էին անգամ սպանել իրենց զավակներին՝ առանց որևէ օրինական ընդդիմության հանդիպելու։

Հիսուսի Ավետարանը սրբագրեց աշխարհի «գիտունների» սահմանած այդ բոլոր կարգերը։ Եվ ահա Հիսուս Իր սիրալիր ձայնով ասաց․ «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին գալ Ինձ մոտ․․․․ որովհետև Աստծու Արքայությունը այդպիսիններին է» (հմմտ․ Մարկ․ 10։14):

Հիսուսի Ծննդյան հիշատակության օրը բոլոր մանուկները թող բոլորվե՛ն մեկտեղ և խմբերգե՛ր թող երգեն, թող նրանց սրտագին «ալելուիաները» խառնվե՛ն Բեթղեհեմի մարտիրոս ընկերների օրհներգություններին, քանի որ աստվածային Մանուկը շա՜տ է փափագում անմեղների փառաբանությունները։

Մաս ԺԱ

Քրիստոսի ծնունդը նաև կի՛ն էակի ազատագրության օրը եղավ։ Ընտանեկան կյանքի սրբությունն սկսվեց Ավետարանի ծագման օրվանից։ Հին օրենսդրություններում կինը գերի էր ամուսնու քմահաճույքին, սակայն ծնված Փրկչի քարոզած Ավետարանը հռչակեց․ «Այսուհետև չկա խտրություն ո՛չ արուի, և ո՛չ էգի․․․․ որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (հմմտ․ Գաղ․ 3։27)։

Մայրե՛ր և քույրե՛ր, ի մի հավաքվեք այս խանձարուրի շուրջը և օրհնաբանե՛ք նրա մեջ բովանդակված Անբովանդակելիին։ Լսե՛ք, թե Տիրամայրն ինչպիսի սրտակեզ ցնծությամբ է գգվում իր ծոցածին Զավակին, և սրտագին երկրպագե՛ք մանուկ Արարչին, Որին վայել է ամեն մի իշխանություն, փառք ու պատիվ։

Մաս ԺԲ

Եվ մի՞թե մենք՝ տղամարդիկս, լուռ պիտի մնանք այս հրաշափառ տոնը փառաբանելիս, չէ՞ որ Քրիստոսի Ավետարանը հիմնովին վերանորոգեց բարոյական աշխարհը։ Մի՞թե Քրիստոս չէր, որ քարոզեց Ավետարանը՝ մարդկության առաջադիմության այդ հզոր գործիքը։ Մի՞թե Նա չէր, որ ասաց․ «Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց Ինձ, ուղարկեց Ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն» (Ես․ 61։1)։

Ուրեմն ամենքս միաբերան ու միասիրտ օրհնաբանենք Նրան, փառաբանենք Նրա հայտնությունը, Եսայու հետ հռչակենք բոլոր արարածներին, օրհանաբանենք մեզ անէությունից գոյության բերող այս զարմանալի Մանկանը, առանց Որի չեղավ ու չստեղծվեց ոչ մի բան՝ լիներ դա թե՛ տեսանելի և թե՛ անտեսանելի տիեզերքում։

Հիսուսի թագավորությունը վախճան չունի։ Նրա անունը «հզոր Աստված» է, «սքանչելի խորհրդակից», «հանդերձյալ աշխարհի Հայր»։ Նրա իշխանությունն Իր ուսերի վրա է, Քրիստոս հավիտենական Աստված է ամեն բանի վրա։ Իշխան-մոգերի երկրպագության օրվանից ի վեր քսան դարեր սահեցին ու անցան, և Մանուկ Հիսուսի թագավորությունը հետզհետե ամրապնդվում է երկրագնդի վրա։ Իսկ մենք էլ երջանիկ ենք, քանի որ հավատում ենք Քրիստոսի մեծափառությանը։

Իմ եղբայրնե՛ր, մոգերի հետ երկրպագենք ու փառաբանենք Նրան, քանի որ Քրիստոս փառքի Տերն է։ Խունկ մատուցենք Նրա զոհասեղանի առջև և մանավանդ մեր սրտերն իբրև անուշաբույր խունկ մատուցենք Նրան, քանի որ Նա մեր հոգիների Փրկիչն է։ Այսօր գովաբանենք Քրիստոսի հրաշափառ Ծնունդը, քանի որ Նա Իր հայտնությամբ հավիտենական կյանք պարգևեց մեզ, և խնդությամբ ասենք․ «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»։ Նրան միշտ և հավիտյան վայելում է ամեն մի պատիվ, փառք և իշխանություն․ ամեն։

 

Վարդան քհն․ Ասլանյան (Բինկյան), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար», Կ․ Պոլիս, 1905 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

03.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․