«Աղոթի՛ր, և Աստված առաջնորդ ցույց կտա. նվիրվի՛ր առաջնորդին, և Տերը նրան կսովորեցնի առաջնորդության կերպը» (սբ․ Թեոփանոս):
Վեհափա՛ռ Տեր,
Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ:
Աստծո նախախնամությամբ շուրջ երկու տասնամյակ առաջ Դուք դարձաք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 132-րդ գահակալը, հայության հավատքի առաջնորդը, հոգևորականության ողջախոհ, իմաստուն խորհրդատուն և սիրասուն հայրը: Ձեր գահակալության տարիներին մենք առավելագույն ջանասիրությամբ առաջացանք մեր առաքելության մեջ՝ որպես օրինակ ունենալով Ձերդ Սրբության անձանձիր ծառայասիրությունը և անսակարկ նվիրումը:
Մեր աղոթքն է առ Աստված՝ Ձեզ բազում տարիներ տեսնել հովվապետական, նվիրական և օրհնաբեր սպասավորության մեջ: Ի սրտե մաղթում ենք քաջառողջություն, շարունակական կենսունակություն և տոգորուն հոգի: Թող Աստված Իր Ամենազոր Աջով և կենսատու Խաչի զորությամբ մարտակից և զորակից լինի Ձեզ և առավել պտղաբեր դարձնի Ձեր հայրապետական սպասավորությունը՝ մշտանորոգ պահելով Հայոց Սուրբ Եկեղեցին՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:
Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծյալ և Սուրբ Աջույն՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ