22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ծննդոց Գիրքը փաստում է, որ ցավն ու տառապանքը, հիվանդությունն ու մահը ուղղակի հետևանք են արարչադիր պատվիրանի նկատմամբ մարդու ոտնձգության`մեղքի, որովհետև առաջին մարդկանց պատվիրանազանցության արդյունքում մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով. զրկվելով դրախտային երանավետ կյանքից` մարդը ժառանգեց տառապալից ու մահվամբ պսակվող կյանքը: Խաթարվեց նաև Աստծո և մարդու միջև, ապա` բնության և մարդու միջև ներդաշնակ հարաբերությունը: Բնության ամենից հրաշալի երևույթը` կնոջ որդեծնության աստվածադիր օրենքը, վերածվեց ցավագին երկունքի, մարդու ամենից բնական և հաճելի զբաղմունքը` աշխատանքը, վերածվեց տանջանքի...: Մարդն ընկավ մահվան ու ապականության լծի տակ: Ու թեև Քրիստոսի փրկագործությամբ և Մկրտության սուրբ Խորհրդով մարդը ձերբազատվում է սկզբնական մեղքից և որդեգրվում Աստծուն, սակայն մարդու մեղանչական բնությունը չի փոխվում. մարդն իր ազատ կամքով ընտրում է կա՛մ բարին, կա՛մ չարը: Ուստի հաճախ է ընկնում սատանայի որոգայթները` գործելով Աստծուն անհաճո արարքներ, ապրելով մեղսալից ու անօրեն կյանքով, իսկ մեղքի հետևանքը, ինչպես արդեն ասվեց, ցավն ու տառապանքն է: Ուստի այս աշխարհում ապրող մարդը չի կարող խուսափել ցավից ու տառապանքից, չի կարող զերծ մնալ հիվանդություններից, որովհետև այլևս մահկանացու է և դյուրասահ դեպի մեղքը:
Մարդը կարող է տառապել տարբեր պատճառներով` հանկարծահաս դժբախտության, անբուժելի հիվանդության, հարազատի անժամանակ մահվան, ծնողների անհաշտության կամ հենց իր անհաջող ամուսնության և զանազան այլ պատճառներով: Նման իրավիճակներում մարդը հաճախ է կորցնում ինքնատիրապետումը` անմտորեն մեղադրելով իրեն կյանք շնորհող Աստծուն:
Սակայն քրիստոնեական ընկալում ունեցող մարդու համար տառապանքն այլ արժեք, այլ իմաստ ունի: Համբերատարությամբ ու հնազանդությամբ կրելով իրեն բաժին հասած դժբախտությունը, փորձությունը` քրիստոնյա մարդը փորձում է դաս քաղել դրանից, անդրադառնալ մինչ այդ ապրած իր կյանքին, վերլուծել ու տեսնել, թե արդյոք ինչ-որ տեղ չի՞ սայթաքել, մեղանչել, Աստծուն անհաճո գործեր կատարել` չզգալով այդ: Մինչդեռ փորձությունների մեջ սթափվելով ու զգաստանալով` ուղղում է իր ընթացքը: Խոնարհվելով Աստծուն և ապավինելով Նրա ամենակարողությանը` մարդը հաղթահարում է անհաղթահարելի թվացող ամեն դժվարություն` իրեն մարտակից և օգնական ունենալով մեր հավատի Զորագլուխ Հիսուս Քրիստոսին, Ով «փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալիս» (Ա. Կորնթ. 10:13):
Այսօր էլ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք կյանքի հասցրած անակնկալ դժբախտությունների և հարվածների մեջ, չունենալով անգամ ճշմարիտ աստվածճանաչողություն, հենց Աստծու զորակցությամբ և օգնականությամբ հաղթահարել են կյանքի հասցրած բոլոր դառն հարվածները` սրբվելով ու թրծվելով տառապանքների մեջ: Այլ կերպ ասած` տառապանքը նրանց համար դարձել է մաքրագործում: Լինելով Կենդանի Աստծո պատկերն ու նմանությունը (տես Ծննդ. 1:26)` այդպիսի մարդիկ տառապանքների ու փորձությունների բովում դարձել են ավելի մարդկային ու սրտացավ, գթասիրտ ու ողորմած, զգայուն բոլոր դժբախտների ու տառապյալների նկատմամբ, լցվել բարությամբ ու սիրալիր կարեկցանքով դեպի ուրիշները` անկախ նրանց հարստությունից և հասարակության մեջ ունեցած դիրքից: Տառապանքների բովով անցած մարդը դառնում է նաև խոնարհ ու հանդուրժող` ընդունակ լինելով խոնարհվել իր նմանի առջև...: Միով բանիվ` նա, ով իր սեփական փորձով է ճանաչում կյանքի հասցրած փորձություններն ու տառապանքները, ճաշակում դրանց ողջ դառնությունը և իր մեջ ուժ և կարողություն է գտնում հաղթահարել դրանք ու առաջ շարժվել` չկորցնելով իր մարդկային դիմագիծը, կերպարը, դառնում է մարդասեր և ողորմած, ինչպես իր Երկնավոր Հայրը: Նեղությունների և դժվարությունների մի այլ` դրական կողմի մասին է խոսում Անտուան դը Սենտ Էքզյուպերին` ասելով. «Մարդն ինքն իրեն ճանաչում է խոչընդոտների դեմ պայքարելիս»: Իհարկե միշտ չէ, որ տառապանքը մաքրագործում է մարդուն և հասցնում նշված երանելի վիճակին: Ցավոք, շատ մարդիկ փորձությունների ու դժբախտությունների մեջ ըմբոստանում են Աստծու դեմ, ուրանում Նրան` չփորձելով դաս քաղել փորձությունից: Այս կերպ վարվող մարդիկ, մանուկ հասակում ստացած չլինելով քրիստոնեական կրթություն և դաստիարակություն ու ապրելով անհոգ ու փափուկ կյանքով, չեն դիմանում փորձությանը` պատրաստ չլինելով դրան: Երանելի է այն մարդը, որի մատաղ հոգում մանկուց սերմանվում են հավատի մաքրամաքուր սերմերը` եթե ոչ ուղղակի, գոնե անուղղակի կերպով` բարոյականությամբ և մարդասիրությամբ, որոնք էլ ժամանակին պտուղ են տալիս` մարդուն պահելով քրիստոնեական ընթացքի մեջ: Երանելի է այն մարդը, ով տառապանքների ու փորձությունների բովում կարողացել է «մարդ մնալ». նրա համար տառապանքն իրոք որ դարձել է մաքրագործում, կյանքն այլ իմաստ և արժեք է ստացել, իմաստավորվել: Ըստ Ֆ. Դոստոևսկու` «պետք է մարդ լինել մարդկանց մեջ և միշտ մարդ մնալ բոլոր դժբախտությունների մեջ, չհուսալքվել ու չընկճվել` ա՛յս է ահա կյանքը, ա՛յս է կյանքի նպատակը»:
Եկեղեցու մեծանուն հայրերն ու Աստծուց իմաստնացած աշխարհահռչակ մտածողները միակարծիք են. դժբախտություններն ու տառապանքները մաքրագործում, թրծում, կոփում ու ազնվացնում են մարդուն, մոտեցնում Կյանքի Աղբյուրին (եթե, իհարկե, մարդը խոհեմաբար ճիշտ է ընկալում դրանք): Իտալացի գրող Լուիջի Պիրանդելլոն, որը հեռու էր քրիստոնեական հավատքից, ասում է, որ մարդը «երբեք այնքան մարդկային չէ, որքան այն ժամանակ, երբ տառապում է, որովհետև նա ձգտում է տեսնել դրա պատճառը, հասկանալ, թե ով է այդ տառապանքը տալիս իրեն...: Մինչդեռ ուրախության մեջ նա ոչ մի հարց չի տալիս իրեն, իբրև թե կարծես այդ ուրախությունը վերապահված լիներ իրեն»: Իրապես, մարդն առօրյա բազմապիսի հոգսերի հորձանուտում հաճախ է ընկնում հոգևոր թմբիրի մեջ` մոռանալով, որ Աստծու կնիքն է կրում և Աստծու պարգևած կյանքն է վայելում: Եվ միայն դժվարություններն ու փորձություններն են «ստիպում» նրան հիշել իր աստվածային ծագման մասին, դառնալ Աստծուն, դիմել Նրա օգնականությանը` փորձությունները հաղթահարելու և աստվածահաճո կյանք վարելու համար:
Կյանքում մեզ պատահած յուրաքանչյուր փորձություն և դժբախտություն Աստված թույլ է տալիս մեր իսկ օգուտի համար, որովհետև Նա մեր փրկությունն է կամենում, ուստի մեղքի մեջ կարծրացած անհավատին (նաև հոգևոր թմբիրի մեջ հայտնված քրիստոնյային) փորձում է ուղղության բերել, Իրեն մոտեցնել, սրբել ու լուսավորել: Աստծու անսահման սիրո և անհուն ողորմածության արտահայտություն են դժվարություններն ու փորձությունները, որոնք ուղեկցում են մարդուն իր երկրավոր կյանքի ընթացքում: «Տրտմություններն ու փորձությունները, մեզ հետ պատահած տխրությունները ոչ պակաս, քան բարիքները, բացահայտում են մեր նկատմամբ Աստծու ունեցած խնամակալությունը» (ս. Հովհան Ոսկեբերան): Տառապանքն օգնում է մեզ վերագտնելու իսկական կապն Աստծու հետ: «Որքան հաճախ ենք մոռանում Աստծուն երախտագիտություն հայտնել Իր բոլոր շնորհների համար: Եվ միայն ցավն է մեզ ստիպում շրջվել դեպի Նա» (Գարեգին Ա): Շատ քրիստոնյաներ են վկայել ու վկայում, որ երբ փոքր ինչ հեռանում են աղոթական կյանքից ու Աստծուց, ենթարկվում են ինչ-որ փորձության, որը խթան է հանդիսանում, որ սթափվեն ու նորից դառնան իրենց նախկին նախանձադիր ընթացքին, երբ ամեն օր ապրում էին Աստծով ու Աստծու համար` փառաբանելով Նրան Իր անպատում պարգևների, յուրաքանչյուր բացվող օրվա համար: «Ոչ ոք իրեն այնպես չի գթում, ինչպես Աստված ամենքիս, Ով մեզնից ավելի շատ է ցանկանում, որ մեզ ոչ մի չարիք չպատահի», - դարձյալ ասում է ս. Հովհան Ոսկեբերանը: Ուրեմն չմեղադրենք Աստծուն մեր տառապանքների մեջ, որովհետև մեր բոլոր դժբախտությունների պատճառն ու մեղավորը մենք ինքներս ենք, որ հակված լինելով դեպի մեղքն ու չարիքը` հաճախ ենք շարժում արդար Աստծու զայրույթը մեզ վրա, Ով Իր անբավ մարդասիրությունից ելնելով` մեզ այստե՛ղ, ա՛յս կյանքում է խրատում փոքրիկ փորձություններով, որպեսզի այնտե՛ղ չդատապարտի: Ահա թե որքան է սիրում մեզ մեր Երկնավոր Հայրը, Ով սպասում է յուրաքանչյուր մեղավորի դարձին և ապաշխարությանը:
Դժվարությունների ու նեղությունների մեջ չըմբոստանանք Աստծու դեմ, անմտորեն չմեղադրենք Նրան մեր դժբախտությունների համար, այլ համբերող լինենք և հնազանդվենք աստվածային սուրբ կամքին` գիտակցելով դրանց օգտակարությունը մեզ համար: Նաև հիշենք, որ «նեղ և անձուկ» է հավիտենական կյանք տանող ճանապարհը` լի տարատեսակ դժվարություններով ու փորձություններով: Քրիստոսը մեզ այստեղ փափուկ ու անհոգ կյանք չխոստացավ, այլ զգուշացրեց, որ Իր հետևորդներն այստեղ` աշխարհում, անմասն չեն լինելու տառապանքներից ու փորձություններից, ինչպես և Իր` Աշխարհի Փրկչի կյանքը եղավ զրկանքներով ու տառապանքներով, անարգանքներով լի կյանք` մեղավոր մարդկության փրկության համար: Սակայն Քրիստոսն Իր հրաշափառ Հարությամբ հաղթեց մահվանը, ցավին ու տառապանքին` մեզ քաջալերության կոչ անելով, որովհետև «Ես, - ասում է, - հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33): Քրիստոսի հետևորդն այս աշխարհում դիմակայելով փորձություններին ու դժվարություններին և հաղթահարելով դրանք` Աստծով հաղթանակում է ցավի ու տառապանքի դեմ` ձգտելով հասնել խոստացված բարիքներին երկնային արքայության մեջ Քրիստոս Աստծո հետ, որտեղ չկա այլևս ո՛չ սուգ, ո՛չ տրտմություն ու տառապանք, ո՛չ վիշտ ու նեղություն, ցավ ու հիվանդություն, որովհետև Աստված պիտի սրբի բոլոր տառապյալների աչքերից ամեն արտասուք (Տես Հայտ. 21:4) ու նրանք հավիտյանս հավիտենից պիտի թագավորեն Անմահ Արքայի` Քրիստոս Աստծու հետ հավիտենական երանության ու անանց պարգևների մեջ, որոնց արժանացել են այս ժամանակավոր կյանքում համբերությամբ ու հնազանդությամբ կրելով իրենց բաժին հասած նեղություններն ու փորձությունները` չհակադրելով աստվածային սուրբ կամքին, չկորցնելով մարդկային դիմագիծն ու քրիստոնեական կերպարը և «փառավորվելով տառապանքներով»: Աստված հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի. փոքր վշտերի ու նեղությունների դիմաց Նա հարյուրապատիկ վարձատրում է մարդուն հանդերձյալում: Փոքր է փորձությունների ու նեղությունների ժամանակը, բայց մեծ է հանգիստը հավիտենության մեջ, ժամանակավոր է նեղությունների չարչարանքը, և հավիտյանս հավիտենից է հանգիստը փափուկ դրախտում, անբավ ու անճառելի են բարիքները, անհատնում` ցնծությունն ու երանելի հանգիստը, որը կժառանգեն Քրիստոսին չարչարանակից եղած բոլոր տառապյալները, ինչպես վկայում է Ս. Գիրքը. «Եթե Քրիստոսի չաչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին» (տե՛ս Հռոմ. 8:17):
Անժելա Խաչատրյան