Վեհափա՛ռ Տեր,
Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Ձեր նվիրումով և ողջախոհությամբ եղաք քրիստոնեական հավատքի, սիրո և եղբայրության քարոզիչը: «Մեր հավատքը անցել է հրի և սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգևել մեզ, որովհետև մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը, թե «Որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»: Միակամ ու միախորհուրդ ձգտենք ավելիով իրագործել այն, ինչ ազգի և հայրենի երկրի հանդեպ մեր նվիրական պարտքն ու պարտականությունն է: Չտկարանանք դժվարությունների առջև» (Գարեգին Բ կաթողիկոս): Թող Ամենախնամ Աստված Իր բաղձալի ներկայությամբ և զորակցությամբ ուղեկից լինի Ձերդ Սրբությանը՝ Մայր Եկեղեցու սպասավորության և «փոքր ածու»-ի առաջնորդության սուրբ առաքելության մեջ: Աղոթական հոգով հայցում ենք առ Աստված, որ Տերն աստվածային ներկայությամբ և զորակցությամբ ուղեկից լինի Ձեզ: Երկար տարիների կյանք պարգևի Հայոց Հայրապետին, խաղաղ և բազմաբեղուն գահակալություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի փառս Աստծո, ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:
Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծյալ և Սուրբ Աջույն՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ