Գրքեր

Ոչ լիարժեք ընտանիքի ազդեցությունը երեխայի անձի ձևավորման վրա

«Երեխաները երկրի բնական ծաղիկներն են, իսկ այդ ծաղիկներն առաջին հերթին աճեցնում են ընտանիքում՝ ծնողները»,- այդպես է արտահայտել իր միտքը Ա. Մ. Գորկին:

Ընտանիքում է դրվում երեխայի զարգացման հիմքը: Ներկայումս ծնող-երեխա փոխհարաբերությունների հիմնախնդիրը կրում է երկակի դրսեւորում: Մի կողմից` դեռահասության տարիքում ծնողների հետ հուզական շփման պահանջմունքը գնալով ավելի ուժեղանում է. դեռահասը ծնողների հետ հաղորդակցվելու մեծ անհրաժեշտություն է զգում, մյուս կողմից` ծնողները հետ են ընկնում իրենց երեխայի զարգացման տեմպերից: Հենց այդ ժամանակ էլ արթնանում է դեռահասի ինքնուրույնության ձգտումը: Դժվար է պատկերացնել ներքին և արտաքին փաստերի այն քանակը, որոնք ազդում են աճող սերնդի վրա և ամեն անգամ փոխում նրա ներաշխարհը: Մեր օրերում շատացել է նյութապես անապահով, ծնողազուրկ ընտանիքների քանակը, որոնք էլ անպայման ազդում են երեխայի զարգացման վրա:

Երեխայի դաստիարակությունը մեր կյանքի կարեւոր մասն է կազմում: Ցանկացած ծնող, հենվելով սեփական փորձի և գիտելիքների վրա, փորձում է չկրկնել ուրիշների սխալները և որքան հնարավոր է ճիշտ դաստիարակել իր երեխաներին: Ընտանիքի դերն ու նշանակությունը երեխայի կյանքում անհամեմատ մեծ են: Ոչ լիարժեք ընտանիքների երեխաների մոտ հաճախ դիտվում է ինքնուրույնության և շրջապատում ինքնահաստատվելու բարձր ձգտումը:

Հոգեբանները տարբերում են մի քանի տիպի ընտանիքներ: Գոյություն ունեն լիարժեք ընտանիքներ, բայց դեստրուկտիվ, որտեղ չկա համաձայնություն, և տիրում են մշտական վեճեր: Անբարենպաստ ընտանիքն առաջին հերթին այն է, որտեղ գոյություն ունեն դաստիարակության դեֆեկտներ, չնայած սա այս տիպի ընտանիքի միակ բնութագիրը չէ: Ինչպիսի դաստիարակության դեֆեկտներ են ավելի հաճախ հանդիպում:

Երեխային չեն սիրում, դա հաճախ ցույց են տալիս, և նա այդ դաժան իրականությանը տարբեր ձևով է արձագանքում` դառնում է ինքնամփոփ, ընկնում է երազանքների և անուրջների աշխարհը, փորձում է իր վրա ուշադրություն գրավել և այլն…

Մեկ ուրիշ ձևը դաստիարակության` գերխնամակալությունն է: Երեխային թույլ չեն տալիս ցուցաբերել նախաձեռնություն, ինքնուրույնություն, վճռականություն: Նման երեխաները դառնում են պասիվ: Որոշ ընտանիքներում երեխաներին դաստիարակում են չոր ու կոպիտ ձևերով, եւ հետագայում նրանք տառապում են տարբեր հոգեկան հիվանդություններով:

Շատ տարածված է հակասող դաստիարակությունը. մի տատիկն ասում է մի բան, մյուսը` մեկ ուրիշ, ծնողները, իրենց հերթին, այլ պահանջներ են ներկայացնում երեխային:

Երեխայի համար անբարենպաստ ընտանիքը հակասոցիալական ընտանիքի հոմանիշը չէ: Մի երեխայի համար ընտանիքը կարող է լինել լավ, մյուսի համար` անբարենպաստ և կարող է պատճառ դառնալ ծանր հոգեկան ապրումների: Ընտանիքը կարող է լինել լիարժեք, բայց դաստիարակությունը` հակասող, ճնշող, խիստ պայմաններով: Երբեմն ոչ լիարժեք ընտանիքն ավելի օգտակար է երեխայի համար, քան լիարժեքը, բայց անբարենպաստ (հայրը հարբեցող է կամ նմանատիպ վիճակներ…):

Հանդիպում են արտաքնապես լավ հարաբերություններով ընտանիքներ, սակայն ծնողներն իրենց զբաղվածության պատճառով քիչ ժամանակ են հատկացնում երեխային, ինչն էլ կարող է փոքրիկի փխրուն հոգում վատ հետևանքներ առաջացնել:

Դաստիարակության արատներն անբարենպաստ ընտանիքի առաջնային և գլխավոր ցուցանիշներն են: Ոչ նյութականը, ոչ հոգևորը չեն բնութագրում բարենպաստ կամ անբարենպաստ ընտանիքը, այլ միայն երեխայի նկատմամբ վերաբերմունքը: Երբեմն հարց է ծագում. արդյոք հոգեկան հիվանդություններով տառապող երեխաները հանդիպում են միայն անապահո՞վ ընտանիքներում: Իհարկե` ոչ: Լինում են անբարենպաստ ընտանիքներ, բայց առողջ երեխաներ և հակառակը: Ամեն ինչ լինում է կյանքում, սակայն պետք է հիշել հետևյալը. անբարենպաստ ընտանիքն առաջացնում է երեխայի հոգեկան զարգացման խոչընդոտներ: Այսինքն, ոչ թե ինտելեկտի խանգարման, այլ հուզակամային ոլորտի, անձի բնավորության: Իսկ ինչպիսին բնավորությունն է, այնպիսին են տվյալ անձի փոխհարաբերություններն այլ մարդկանց հետ, այնպիսին է նաև նրա երջանկությունը: Անբարենպաստ գործոններից մեկը, որը փլուզում է ոչ միայն ընտանիքը, այլև երեխայի հոգեկան հավասարակշռությունը, հանդիսանում է ծնողների հարբեցողությունը: Այդ պատճառով երեխան ձեռք է բերում վատ վարքագիծ, դժվար է դաստիարակվում, զրկվում է ծնողներից եւ հայտնվում մանկատանը:

Երեխան, հատկապես դեռահասը, ձգտում է բավարարել իր սեփական պահանջմունքները, ինքնուրույն դառնալ, ինքնահաստատվել: Հաճախ սա առաջացնում է երեխայի եւ ծնողների միջև կոնֆլիկտային իրավիճակ: Աղքատությունը, ագրեսիվությունը, միակողմանի ծնողազրկությունը, որպես օրենք, միաձուլվում են: Այս ամենը պղտորում է աճող սերնդի հոգին. ծեծի ենթարկված երեխաները հաճախ, մեծանալով, դառնում են սադիստներ: Այդ իսկ պատճառով ծնողները պետք է լուրջ եւ ժամանակին մտածեն զավակի ապագայի մասին, որովհետեւ հետագայում նման երեխաներին ոչ ոք` ոչ մի ծնող, ոչ մի ուսուցիչ չի կարող օգնել:

Երբ խոսք է գնում այս կամ այն երեխայի մասին, առաջին հերթին մեզ հետաքրքրում է այն, թե ինչ ընտանիքից է նա, ինչպիսի դաստիարակություն է ստացել, ովքեր են նրա ծնողները: Եթե նրա վարքը գովասանքի է արժանանում, ապա պարզ է դառնում, որ տվյալ անձը դաստիարակվել է լիարժեք, բարենպաստ ընտանիքում: Բարենպաստ ընտանիքը նպաստում է դրական մթնոլորտի, դրական հետաքրքրությունների, դիրքորոշումների, տրամադրության ու համերաշխության ստեղծմանը: Անբարենպաստն իր մեջ ներառում է շփման, վերաբերմունքի ցուցանիշներ, որոնք դրական ուղղվածություն չունեն կամ ախտահարված են, եւ այն նպաստում է անձի սխալ կայացմանը: Անբարենպաստ ընտանիքների ծնողների զգալի մասը չի կարողանում կազմակերպել ընտանեկան կյանքը, չգիտի ճիշտ մոտեցումներ երեխաների նկատմամբ. երբ բավարարում են երեխաների բոլոր ընդունելի և ոչ ընդունելի պահանջմունքները, չեն զգում, որ դաստիարակում են եսասեր, եսամոլ, չար, անտարբեր մարդու: Հանդիպում են սառը հոգեբանական մթնոլորտով ընտանիքներ, որտեղ ծնողների սառը հարաբերությունները պայմանավորվում են բազմաթիվ գործոններով. նրանց միջև չկա սեր, հարգանք, արտաքնապես միմյանց նկատմամբ դրսևորում են ջերմ մոտեցումներ, իսկ ներքուստ` այլ: Նման մթնոլորտում երեխաներն ավելի զգայունակ են դառնում, զգում են ծնողների աններդաշնակությունը, որի արդյունքում նրանց մոտ աստիճանաբար առաջանում է սառը վերաբերմունք իրենց իսկ ծնողների նկատմամբ:

Կոնֆլիկտային հարաբերություններով ընտանիքներում նյութական եւ կրթական անհրաժեշտությունը, նորմերի իմացությունն ի զորու չեն կանխելու պարբերաբար ծագող անախորժությունները: Ծնողները մեկ միմյանց հետ ջերմ են, հոգատար, մեկ էլ անպատվում են իրար, իրարից բաժանվում: Ամուսինների միջև կոնֆլիկտների պատճառը դերաբաշխման մեջ կարող է լինել. հայրը ձգտում է ստանձնել ընտանիքի ղեկավարման դերը, իսկ մայրը պահանջում է փոխհամաձայնեցում, ըմբռնում: Կոնֆլիկտն առաջանում է, երբ ամուսինները տարակարծիք են դաստիարակման հարցում, և նրանցից յուրաքանչյուրը ձգտում է իր ազդեցության տակ պահել երեխային: Ընտանիքի նման անբարենպաստությունը ներգործում է երեխայի ներհոգեկան զարգացման վաղ օնթոգենեզում: Հասունացման հետ մեկտեղ, ծնողների ներգործությունների նկատմամբ երեխայի հակազդումները համարժեք բնույթ չեն կրում: Ի վերջո, երեխայի մոտ մշակվում է նեգատիվ վերաբերմունք, ինչն էլ վկայում է նրանց միջև արդեն ստեղծվող պատնեշի մասին: Սոցիալապես ոչ լիարժեք ընտանիքները բնութագրվում են նյութական ցածր մակարդակով: Այսպիսի ընտանիքներում կարող է բացակայել ծնողներից որևէ մեկը, կամ կրթական մակարդակը շատ ցածր լինել, սակայն դա չի նշանակում, որ նման ընտանիքներում մեծացող երեխաներն ավելի շատ են ընդունակ բացասական ներգործությունների նկատմամբ: Էականն այն է, թե ինչ բնույթ ունի այդ ընտանիքների հոգեբանական մթնոլորտը, որից էլ կախված է երեխայի նորմալ զարգացումը: Ակնհայտ է, որ ընտանիքի անբարենպաստությունն ինքնին սթրեսածին, կոնֆլիկտածին է եւ առաջացնում է դաստիարակչական բնույթի շատ հիմնախնդիրներ:

Այնպիսի ընտանիքներում, որտեղ տիրում են կոնֆլիկտներ, ծնողների սոցիալ-հոգեբանական թերաճ, հիվանդություններ, վերջինները զրկում են երեխային լիարժեք շփումից: Ծնողների ներկայությունը և դերը երեխայի կյանքի առաջին տարիներին շատ մեծ է: Այն երեխաները, որոնք զրկված են մեկ կամ երկու ծնողից, դանդաղ են զարգանում: Անգամ եթե երեխան ծնողներից մեկին կորցնում է վաղ տարիքում և չի հասցնում գիտակցել այդ կորուստը, դա դժվարություններ է առաջացնում ապագայում: Մայրը բավարարում է երեխայի պահանջները: Այդ պատճառով նրա մահը կամ հեռանալն առաջացնում է ճգնաժամ շրջապատող աշխարհի հանդեպ: Որոշ հոգեբաններ գտնում են, որ հոր բացակայությունն այդքան էլ խորը չի ազդում երեխայի վրա: Սակայն առանց նրա ներկայության, նրա հետ շփման, մոր ազդեցությունը զարգացման գործում ավելի է մեծանում, քանի որ երեխան չի տեսնում վարքի ուրիշ ձև: Նա զրկվում է տղամարդկային վարքի օրինակից, քանի որ հենց հայրն է երեխային տանում դեպի հասարակություն: Իսկ միայնակ մայրը` բեռնված տնտեսական խնդիրներով, ժամանակ չի ունենում զբաղվել երեխայով, նրա մոտ կորչում է հետաքրքրությունը, առաջանում է մոր եւ երեխայի օտարացում: Ընտանիքները, որտեղ պահպանվում են զուտ ֆորմալ ամուսնական հարաբերություններ, նույնպես ազդում են երեխայի վրա եւ բերում են ներքին ու արտաքին կոնֆլիկտի: Այս ամենի հետևանքը հանդիսանում է երեխայի փախուստը ընտանիքից, թափառականությունը, օրինախախտումը: Առավել դաժան և անմարդկային է սեփական երեխային որբ դարձնելը:

Բայց ավելի վատ է միայնակ մոր անցանկալի երեխան. նման մայրերն իրենց երեխաների մեջ տեսնում են բնավորության վատ գծեր: Այդ երեխաները դժվարություններ են ունենում շփվելիս, չեն կարող հաղթահարել դժվարությունները. անցանկալի լինելը միշտ թողնում է իր հետքը: Երբեմն լինում է այնպես, որ երկու ծնողի առկայության դեպքում քիչ ժամանակ են հատկացնում, որի պատճառը կարող են լինել սոցիալ-տնտեսական իրավիճակը, ամուսինների միջեւ կոնֆլիկտները: Կոնֆլիկտների ժամանակ ծնողները սեփական պայքարում երեխային որպես զենք են օգտագործում:

Մոր անբավարար խնամքը և հոր կարգապահության ազդեցության բացակայությունը բացասաբար են ազդում անձի ձեւավորման վրա: Ծնողներից մեկի բացակայությունը, մտերիմների մահը, այս բոլորը անվանում են «զրկանքի և տրամվայի գործոն»:   Որբությունը և մեծերի դաժան վերաբերմունքը երեխայի հանդեպ հաճախ են հանդիպում: Ընտանիքը պետք է պահպանել, զգույշ վերաբերվել նրա հետ, հակառակ դեպքում մարդը դժբախտանում է, կորցնում ամեն ինչ և շատ անգամ` նույնիսկ իրեն:  

Ընդհանրացնելով անբարենպաստ ընտանիքի սոցիալ-հոգեբանական նկարագիրը` նշենք դրա հիմքը կազմող հիմնական առանձնահատկությունները. ծնողների միջև հոգեբանական անհամատեղելիությունը, մանկավարժական անհամատեղելիությունը, ծնողների ինքնակառավարման, կազմակերպչական ընդունակությունների, ընտանիքի դերի գնահատման բացակայությունը, ծնողների գիտակցության երկատվածությունը և խորը հոգեբանական հակասությունը վարքի մեջ:

Առածն ասում է, որ երեխան ընտանիքի հայելին է, նա տեսնում և սովորում է այն ամենը, ինչը տեղի է ունենում ընտանիքում: Երեխայի մեջ ուրիշ մարդկանց, ծնողների նկատմամբ զգայուն, բարոյական վերաբերմունք դաստիարակելու համար անհրաժեշտ է, որ իրենք` ծնողները, կանգնած լինեն անհրաժեշտ մակարդակի վրա: Նրանց շնորհիվ են երեխայի մոտ ձեւավորվում մարդասիրությունն ու աշխատասիրությունը: Երեխային շատ են անհրաժեշտ ծնողների ջերմ վերաբերմունքը, հոգատարությունը, խնամքը: Չափից ավելի խստությունն ու հսկողությունը պատճառ են դառնում երեխայի մոտ ագրեսիվ վարքի և կաշկանդվածության ի հայտ գալուն: Չափազանց հսկողությունը բացասաբար է ազդում երեխայի վրա, և, լինելով մշտական դիտողությունների ու ճնշվածության տակ, նա այլևս չի ցուցաբերում ակտիվություն, ինքնուրույնություն: Երեխան շատ զգայուն է ու շուտ է զգում իր նկատմամբ բացասական վերաբերմունքը: Նրան չի կարելի հանդիմանել վատ արարքի համար եւ, առավել ևս, վախեցնել: Լինում են դեպքեր, երբ ծնողների չպատճառաբանված խստության և բռնության հետևանքով երեխայի մեջ առաջացած վախը երևակայության ուժով վեր է ածվում սարսափի:

Երեխան ամենավաղ մանկությունից ընկալում է ծնողների ապրելակերպը, նրանց միջև տիրող հարաբերությունները: Ընտանիքում երեխայի կյանքի բարոյահոգեբանական մթնոլորտը հսկայական նշանակություն ունի նրա բարոյական զգացմունքների ձևավորման վրա: Երբ ծնողների միջև հաստատվում են ջերմ, բարիդրացիական հարաբերություններ, երեխան իրեն երջանիկ է զգում: Ծնողների սերը երեխայի մեջ ձևավորում է մարդկանց նկատմամբ բարի վերաբերմունք: Կոպտությունը երեխայի նկատմամբ նողկալի է: Երբեմն ծնողները երեսով են տալիս երեխայի համար գնած որևէ հագուստ, և այդ պարագայում այդ նվերները միայն տանջանք են պատճառում նրան:

Որոշ ծնողներ երբեմն մոռանում են այն մասին, որ պետք է նպաստեն երեխայի հետաքրքրասիրությանը, բավարարեն նրա պահանջմունքները: Եթե երեխային խաբում են, հետո նրան դժվար կլինի հասնել ճշմարտության: Երեխաները շուտ տպավորվում են, և մեկ անգամ լսածը կարող է երկար ժամանակ մնալ նրա հիշողության մեջ ու ազդել վարքի վրա: Երեխայից հաճախ ինչ-որ բան են թաքցնում, բայց եթե նա տեսնում է, որ շրջապատն օգտվում է դրանից, իսկ իրեն չեն տալիս, նա առաջին իսկ հարմար առիթի դեպքում ձեռք կբերի այն: Հետագայում կարող է պատժվել իր արարքի համար, բայց անհրաժեշտության դեպքում նորից կանի նույնը, սակայն այս անգամ կլինի ավելի զգույշ: Պատիժը չի կարող նրա համար օբյեկտիվ երևույթի ճշմարտությունը պարզել, այն միայն կհուշի, որ եթե բռնեն` վատ է, եթե ոչ` լավ է: Եվ որեւէ մեկին վնասելու հնարավորություն ունենալու դեպքում նա կվարվի հենց այնպես, ինչպես իր հետ վարվում են պատժելիս:

Ծնողները դաստիարակում են երեխային ոչ միայն, երբ նրա հետ խոսում կամ հրամայում են, այլ նաև տնից բացակայելու ժամանակ: Ծնողի ձայնի հնչերանգի մեջ տեղի ունեցող ամենափոքրիկ փոփոխությունն անգամ երեխան զգում է, այնինչ ծնողը կարող է դա չնկատել: Եթե երեխան երբեմն ծնողի հետ կոպիտ է խոսում, կարելի է չկասկածել, որ, հավանաբար, նման կոպտություն նա լսել է նրանից: Հատկապես երեխայի վրա շատ է ազդում մոր վերաբերմունքը հոր նկատմամբ. եթե մայրն արհամարհանքով է վերաբերվում ամուսնու հետ, ապա, բնական է, երեխան կհետևի նրա վարքին:

Մանկական սիրտը կծկվում է ցավից, երբ հայրը կոպիտ է վերաբերվում մոր հետ: Կռիվն ընտանիքում հոգեկան ցնցում է առաջացնում երեխայի մոտ ու խորը հետքեր թողնում: Եթե ծնողներն իսկապես սիրում են իրենց զավակին եւ ուզում են դաստիարակել նրան ճիշտ ձևով, պետք է ձգտեն փոխհամաձայնություն ստեղծել ընտանիքում:

 Դաստիարակության կարևոր ինստիտուտ է հանդիսանում ընտանիքը: Այն, ինչ երեխան ձեռք է բերում վաղ տարիքից` ընտանիքում, պահպանում է կյանքի ողջ ընթացքում: Ընտանիքը կարող է հանդես գալ որպես դաստիարակության դրական և բացասական գործոն: Դրական ազդեցությունը ձևավորման վրա այն է, որ ընտանիքի անդամներից` մայր, հայր, տատ, պապ, քույր, բացի ոչ ոք նրան ավելի չի սիրի և խնամի: Միաժամանակ, ոչ մի սոցիալական ինստիտուտ չի կարող այնքան վնաս հասցնել երեխայի դաստիարակությանը, որքան ընտանիքը: Ընտանիքը հատուկ տիպի կոլեկտիվ է, որը մեծ դեր և նշանակություն ունի դաստիարակության հարցում:

Դաստիարակության հետ կապված` հարց է ծագում. ի՞նչ անել դրական ազդեցությունն առավելագույնի, իսկ բացասականը նվազագույնի հասցնելու համար: Դրա համար անհրաժեշտ է ճշգրիտ ձևով պարզել ներընտանեկան սոցիալ-հոգեբանական փաստերը, որոնք դաստիարակության վրա ազդեցություն ունեն: Հենց ընտանիքում է երեխան ձեռք բերում կյանքի առաջին փորձը, ստեղծում աշխարհայացք և սովորում, թե ինչպես իրեն դրսևորի տարբեր իրադրություններում:

Որոշ գիտնականեր գտնում են, որ անձի գծերը ձևավորող հիմնական գործոններից է սխալ դաստիարակությունը, որը երեխայի մոտ ձևավորում է նևրոտիկ ռեակցիա: Դաստիարակությունը լինում է արհամարհական. այն պայմանավորված է գիտակցված եւ չգիտակցված պահերով: Էությունն այն է, որ կիրառվում է կամ չափից դուրս պահանջկոտություն և կոպտություն, կամ անբավարար վերահսկողություն: Հիպերսոցիալական, որն արտահայտվում է ծնողների մոտ տագնապալի մտքերով երեխայի կամ տան որևէ անդամի առողջության նկատմամբ, հասակակիցների միջև երեխայի սոցիալական կարգավիճակի և նրա ուսումնական հաջողությունների հանդեպ, դրսևորվում է երեխայի և ընտանիքի նկատմամբ գերհոգատարությամբ: Էգոցենտրիկ. նկատվում է ցածր պատասխանատվության մակարդակ ունեցող ընտանիքներում, երբ երեխային ստիպում են շրջապատող միջավայրում դրսևորվել «ես մեծ եմ» արժեքային որակների միջոցով:

Ընտանիքի նորմալ ֆունկցիոնալ գործունեության մեջ նշանակություն ունի շփման ոճը, որն առաջանում է ամուսինների միջև և կախված է նրանց հետաքրքրություններից, բնավորություններից: Շփման գլխավոր ունակությունն ուրիշի արժեքների ընդունման կարողությունն է:

Ընտանիքում շփման կարիք ունեն նաև երեխաները, ինչը երեխայի անձի ձևավորման գլխավոր գործոնն է: Ընտանիքում երեխաներն առավել շփվում են մոր, քան հոր հետ, քանի որ մայրը նոր սերնդին լույս աշխարհ բերողն է, խնամողը և, այս ամենի հետ մեկտեղ, ունի «հոգեւոր»   կապ իր սերնդի հետ: Կինն ավելի զգայուն է, էմոցիոնալ, կարեկից, եւ այդ պատճառով  երեխան սերտ կապված է մոր հետ: Իսկ հայրն ուժ է, ընտանիքի հենարան: Նա իր ներկայությամբ երեխային վստահություն է հաղորդում, եւ կարճ ժամանակով բացակայությունը երեխայի մոտ առաջացնում է վախ, փակվածություն, ագրեսիվություն: Սակայն պատահում է այնպես, որ ծնող-երեխա փոխհարաբերություններում բացակայում է վստահությունը, որն էլ բացասական կերպով է ազդում երեխայի անձի զարգացման վրա: Ծնող-երեխա փոխհարաբերությունը մի ընթացք է, որի ժամանակ ծնողը կենտրոնանում է երեխայի վրա, սատարում նրան դժվար պահերին, օգնում է խուսափել սխալներից: Սակայն, ամենակարևորը, անհրաժեշտ է երեխային ցույց տալ, որ անհաջողությունը ոչ մի դեպքում չի փոքրացնում նրա անձնային արժանիքները:

Դեռահասների պարագայում հաշվի են առնվում նաև դեռահասի նոր ֆիզիոլոգիական պրոբլեմները. տրամադրության չկառավարումը, արտաքին տեսքի փոփոխությունը, տղաների զարգացման ուշացումը` ի համեմատություն աղջիկների, բերում են տարբեր կոմպլեքսների ձևավորման:

Դեռահասի համար շատ կարևոր է նրա ընդհանուր սոցիալական  վիճակը, որը ձևավորվում է նաեւ ընտանիքի կազմով. երկու ծնողների առկայությունը դրական ձևով է ներկայացնում դեռահասին իր շրջապատում, իսկ հոր բացակայությունը թուլացնում է նրա սոցիալական դիրքը: Ամուսնալուծության հետևանքն ավելի ուժեղ է ազդում տղաների վրա, քան աղջիկների: Նրանք դառնում են անկառավարելի, ագրեսիվ, ցուցաբերում են անինքնուրույնություն և տագնապ: Նրանց վարքը թե դպրոցում և թե տանը ավելի ինֆանտիլ բնույթ է կրում, քան լիարժեք ընտանիքներից դուրս եկած դեռահասինը: Ընտանիքի փլուզումը բացասաբար է ազդում ոչ միայն ամուսինների հարաբերությունների, այլև իր հետքն է թողնում ծնող-երեխա հարաբերությունների վրա: Դրանք կարելի է բաժանել երկու տիպի:

Ա) Ամուսնալուծության հետ կապված` խախտվում է մոր հուզական հավասարակշռությունը: Նրա հոգևոր ուժը չի բավականացնում, որպեսզի դժվար պահերին օգնի որդուն: Այս իրավիճակը բարդանում է այնքանով, որ, կորցնելով հոգևոր կապը երեխայի հետ դեռահասության շրջանում, մոր համար կա վտանգ, որ այն չի վերականգնվի դեռ երկար տարիներ:

Բ) Մոր գերխնամքն է, որը երեխայի մոտ կարող է առաջացնել ատելություն մոր նկատմամբ կամ նրա իշխանությունից ազատվելու ցանկություն: Նման մայրերը խանդով են վերաբերվում որդուն, տալիս են նրան ամբողջ սերն ու քնքշությունը, որը չէին ծախսել ամուսնու հետ:

Եթե մոր դերն ընտանիքում դրական է, ապա դեռահասի մոտ առաջանում է ցանկություն` ընտրել նման զուգընկերուհի: Զգալով սառնություն` շատ ծնողներ կարծում են, թե երեխաներն իրենց այլևս չեն սիրում, բայց երբ ճգնաժամային շրջանն անցնում է, հուզական կապը սովորաբար վերականգնվում է:

Տղամարդու իդեալը դեռահասի համար հազվադեպ է կապված լինում հոր հետ, հիմնականում դա լինում է քեռին, ավագ եղբայրը: Դեռահասության շրջանում տղաները ձեռք են բերում կյանքի հիմնական դերերը, որոնց նրանք սովորում են օրեցօր` իրենց ծնողներից: Դրա համար կարեւոր է հոր իդեալը, հակառակ դեպքում նրա մոտ կարող է զարգանալ «նույնականացման դիֆուզիան»   նշանակում է դեռահասի չձուլումն ամեն ինչի հետ, ինչ նա գիտի իր եւ շրջապատող աշխարհի մասին: Բարենպաստ պայմաններում դեռահասը պետք է խուսափի դրանից և ձեռք բերի դրական «նույնականացման դիֆուզիան»:

Ընդհանրացնելով` կարելի է ասել, որ որքան վատ են հարաբերությունները դեռահասի եւ ավագ սերնդի միջև, այնքան ավելի շատ է նա շփվելու հասակակիցների հետ, որոնք լինելու են ասոցիալ եւ անկախ մեծերից: Դեռահասի հետ կատարվող փոփոխությունները հաճախ ծնողների աչքում շատ արագ են կատարվում. նրանց միշտ թվում է, թե նրանք դեռ երեխաներ են: Հատկապես դժվար է հայրերի համար. հոր եւ որդու միջեւ կոնֆլիկտը կարելի է բացատրել, մի կողմից, սոցիալական պատճառով (հոր կողմից էմանսիպացիա), մյուս կողմից` հոգեբանական (կոպիտ, սառը վերաբերմունքը, որը դժվարացնում է փոխհարաբերությունները): Հոգեբանները դեռ շատ են քննարկելու, թե ինչն է ավելի վատ ազդում երեխայի զարգացման վրա` ամուսնալուծության հետեւանքնե՞րը  թե՞   կոնֆլիկտները կամ վեճերն ընտանիքում: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնալուծված ընտանիքի երեխան քիչ ագրեսիվ է, քան այն դեռահասը, ում ծնողները միշտ վիճում են: Դեմոկրատիվ ծնողներն ընդունակ են փոխել իրենց պահանջները պայմաններին համապատասխան: Իշխող ծնողները, կիրառելով ավտորիտար մեթոդներ, պահանջելու են երեխայից ենթարկվել պայմաններին: Եթե ծնողների և դեռահասի միջև փոխադարձ վստահություն կա, դեռահասն այդ ամբողջ գործընթացը կանցնի առանց դժվարությունների:

Իրական կյանքում գրեթե անհնար է, որ տան անդամներից որևէ մեկի վատ տրամադրությունը չազդի մյուսների վրա: Հաճախ երեխան, երբ ծնողներն անտրամադիր են, լացելու, տնից փախչելու, վատ արարք գործելու ցանկություն է ունենում: Նա զգում է հոգեբանական դիսկոմֆորտ, սակայն չի տեսնում պատճառը, և թե ինչպիսի միջոցներով է հնարավոր խուսափել դրանցից: Նա շատ զգայուն է և փորձում է փոխել այդ մթնոլորտը` կապելով կամ արտաքին երևույթների, կամ էլ սեփական վարքի հետ:Նա զգում է, որ եթե ծնողների հետ հյուր գնա կամ զբոսնելու, նրանց միջև ջերմություն կառաջանա, կանհետանա այդ անորոշ, տհաճ զգացմունքը:   

Այսպիսով, նույնիսկ չհասկանալով, թե ինչ է անում, երեխան գտնում է միջոցներ, որոնք կիջեցնեն ծնողների միջև բախումը եւ հուզական ճնշվածությունը: Բայց նման միջոցները միշտ չէ, որ հասնում են հաջողության: Հաճախ ճնշվածությունից ազատվելով` երեխան ավելի թանկ է վճարում: Սակայն նա դա չի հասկանում և չի տեսնում, ինչպես և իր ծնողները…

Որոշ երեխաներ սկսում են հաճելի, դրական հույզեր ունենալ, երբ հիվանդանում են: Նրանք շրջապատվում են խնամքով և ուշադրությամբ, ծնողների փոխհարաբերություններում ճնշվածությունն անհետանում է: Նման հոգսն ստիպում է ծնողներին ժամանակավոր մոռանալ սեփական վեճերը և ողջ օրն զբաղվել միայն երեխայով: Երեխան զգում է գերփոփոխություն հոգեբանական մթնոլորտում. ծնողները շատ են նրա հետ զբաղվում, խնամում, իսկ ամենակարևորը` նրա հետ միասին են: Եվ իր բնույթով տհաճ հիվանդությունը երեխայի համար դառնում է ցանկալի: Հաճախ հոգեբանական գործոնները մեծ դեր են ունենում երեխայի առողջության վրա: Ընտանեկան բախումների ու վեճերի հետեւանքով երեխան ձեռք է բերում տարբեր հիվանդություններ. սկսում են կակազել, միզել, ունենալ ուժեղ գլխացավեր:

Երբ երեխան զբաղվում է որևէ գործունեությամբ, զգում է իր ցանկություններին, արժեքներին համապատասխան հետաքրքրություն և, կախված պայմաններից, հասնում է կամ հաջողության, կամ անհաջողության: Երբ երեխան զգում է, որ իր անհաջողությունները տխրեցնում, անհանգստացնում են ծնողներին, շատ ջանքեր է գործադրում, որպեսզի դա այլևս չկրկնվի: Այդ պատճառով բարձր պատասխանատվությունը բերում է գերլարվածության: 

Երբ հաջողության հասնելու ձգտումը շատ մեծ է, այն առաջացնում է հոգեբանական ճնշվածություն, որն արդեն լրացուցիչ խոչընդոտ է: Այլ կերպ ասած` չափից ավելի մեծ ցանկությունը, բարձր պատասխանատվությունը բերում են անհաջողության, հատկապես բարդ խնդիրների դեպքում: Սա հատկանշական է այն ընտանիքներին, որտեղ ծնողները շատ են մտահոգվում երեխայի հաջողության համար, ջանքեր են գործադրում և այլն: Այսպիսով, պատասխանատվությունը, որը կրում է փոքրիկը, աճում է, եւ նրա հետ միասին մեծանում է հոգեբանական ճնշվածությունը, իսկ դա իր հերթին ավելի շատ է մեծացնում երկրորդական անհաջողության հավանականությունը: Այսպես, ձեւավորվում է փակ շրջան` բարձր պատասխանատվություն-անհաջողություն-հոգեբանական ճնշվածություն-կրկնակի անհաջողություն: Այս շրջանում երեխան կանգնում է բարդությունների առջև. մի կողմից զգում է շրջապատի ճնշվածությունը, ծնողների առջև պատասխանատվություն, քանի որ դա շատ կարևոր է նրանց համար, մյուս կողմից, նրա մի փոքր անհաջողությունը կրկին բերում է ամուսինների միջև բախման: Եվ եթե մինչ այդ բախման պատճառն ուրիշ էր, ապա այժմ դրան է ավելանում նաև երեխայի անհաջողության խնդիրը:     

Երեխաներն ընտանիքում լրացումներ են, ամուսիններին կապող օղակ: Նրանք բերում են ուրախություն և քաղցր հոգս, որոնք մեծացնում են միմյանց միջև սերը, դարձնում այն ավելի խորը: Անկասկած, երեխային պետք են ծնողներ` հայր եւ մայր: Սակայն հուզականորեն տարանջատված երկու անձուրաց կյանքը «հանուն երեխայի» հաճախ հանդիսանում է բարենպաստ ընտանիքի կերպար ստեղծելու փորձ: Չլուծված միջամուսնական պրոբլեմները, որոնք թեև թաքնված են, ազդում են երեխայի վրա:

Ընտանիքը միասնական օրգանիզմ է: Ամենալավ պրոֆիլակտիկան հետևյալն է. ամուսնական հարաբերությունների բարելավում, սեփական պրոբլեմների լուծում: Ձեր ամուսնական և սեփական պրոբլեմները ոչ միայն ձեր անձնական գործն են, այլև ձեր երեխայի զարգացման գործոնը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ դեռահասության տարիքում նկատվում է վարքային ավտոնոմիա, բայց, միաժամանակ, ավելի լուրջ հարցերում ենթարկվում են ծնողներին (օրինակ` կրթության): Դեռահասներն ուզում են վիճել մեծերի հետ, ունենալ ինքնուրույն ընտրության իրավունք, և պատասխանատվության զգացում սեփական արարքների համար: Հուզական ավտոնոմիան կախված է ծնողներից: Հուզական մերժման ժամանակ դեռահասը չի ստանում ոչ մի հուզական պաշտպանվածություն ծնողների կողմից: Անհատականացման գործընթացը ձևավորվում է այն ժամանակ, երբ դեռահասն ինքնուրույն որոշումներ է ընդունում:

Բարձր անհատականացման մակարդակի հասած դեռահասները կարող են մնալ ծնողների հետ ջերմ հարաբերությունների մեջ` չզգալով սեփական անհատականացման կորուստը:  Ցածր անհատականացման մակարդակով դեռահասներն այնպիսի ընտանիքներից են, որոնց անդամները խուսափում են տարակարծություններից և այն աստիճան են ընդունում ուրիշների կարծիքները, որ այլևս ի վիճակի չեն լինում ընդունել սեփականը:

Ծնողներից երկար ժամանակ բաժանման մեջ գտնվող երեխաների մոտ կարող են առաջանալ վարքի շեղումներ, իսկ հետագայում կարող են հիմք հանդիսանալ հոգեկան խանգարումների համար: Ծնողներից բաժանումը սթրեսոգեն իրավիճակ չէ, սակայն երեխայի համար դժվար է բաժանվել այն մարդկանցից, ում հետ ինքը կապված է եղել: Հետազոտությունները ցույց են տվել, որ փոքր երեխաների մոտ մեծ է հավանականությունը, որ ավելի ուշ տարիքում սթրեսային իրավիճակը կարող է առաջացնել հուզական եւ վարքային շեղումներ: Սակայն պետք է նշել, որ վնասակար է ոչ թե բուն բաժանումը, այլ միջավայրը, մթնոլորտը, որում հայտնվում է երեխան բաժանումից հետո: Հենց սա է հոգեկան խանգարում առաջացնող գործոններից մեկը: Համաձայն որոշ հետազոտողների, այն երեխաները, որոնք որոշ ժամանակով հայտնվել են մանկատներում, դժվար ընտանիքներից են եւ  կրկին վերադառնում են նման ընտանիքներ:

Ծնողների բաժանումը կապված է երեխայի հակասոցիալական վարքի հետ, նույնիսկ եթե ընտանիքը մնում է ամբողջական: Տպավորություն է ստեղծվում, որ հակասոցիալական վարքը կարող է հանդիպել վատ, բայց ոչ ամուսնալուծված ընտանիքներից դուրս եկած երեխաների մոտ:

Կարելի է ամփոփել, որ վնասման աղբյուր հանդիսանում է ներընտանեկան հարաբերությունների խախտման գործընթացը, այլ ոչ թե ընտանիքի փլուզումը: Սակայն հարց է ծագում, թե ինչպիսի ընտանեկան փլուզումներ են ազդում երեխայի հակասոցիալական վարքի առաջացման վրա: Գլխավոր գործոն է հանդիսանում երեխան, որին «ատում» են (արհամարհում են) ծնողները: Արհամարհանքը կարող է դրսևորվել մեղադրանքի տեսքով, մեղադրում են տարբեր արարքների մեջ, նկատողություն անում ամեն մի գործողության ընթացքում: Այս զգացումը հաճախ արտահայտվում է երեխայի նկատմամբ սիրո եւ հարգանքի զգացումների հետ միասին: Միակ ծնողը, որը չունի հոգևոր, նյութական, սոցիալական օգնություն, ստիպված է լինում օգնություն և խորհուրդ փնտրել ընտանիքից դուրս: Հասարակությունն էլ իր հերթին է ճնշում գործադրում միայնակ ծնողի վրա: Եթե ընտանիքում մնում է հակառակ սեռի ծնողը, երեխայի մոտ կբացակայեն սեռային զարգացման հնարավորությունները: Առանց հոր մեծացած տղաները ձգտում են դեպի կանացիություն, և նրանց մոտ բացակայում են արական գծերը, սակայն իրականում դա այդքան էլ ճիշտ չէ: Տղաների մեծամասնությունը, որ մեծացել է առանց հոր, չի տարբերվում նորմալ ընտանիքներից դուրս եկած տղաներից: Իհարկե, դա չի նշանակում, թե հոր դերն այդքան էլ կարեւոր չէ: Այսպիսով, մեկ կամ երկու ծնողի ներկայությունն ավելի քիչ է ազդում երեխայի զարգացման վրա, քան երեխաների եւ ծնողների փոխհարաբերությունները, ծնողների վարքը:

Այսպիսով, պետք է նշել, որ ընտանեկան կյանքը բնութագրվում է ոչ թե ընտանիքի անդամներից որևէ մեկի անհատական բնութագրմամբ, այլ սոցիալական պայմաններով և այն միջավայրով, որում ապրում է ընտանիքը: Այս ամենից երևում է, որ ոչ լիարժեք ընտանիքի դեռահասները, ի տարբերություն լիարժեք ընտանիքների իրենց հասակակիցների, ավելի զգայուն են, անզիջող: 

Փորձենք ներկայացնել այն առաջարկները, որոնք կօգնեն ոչ լիարժեք ընտանիքում դեսահասների ճիշտ դաստիարակմանը.

Ա. Ոչ լիարժեք ընտանիքներում պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի երեխան իրեն զգա սիրված եւ պահանջված, ընդգծվի նրա կարևորությունը:

Բ. Ծնողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն երեխայի դաստիարակությանը, ավելի շատ ժամանակ տրամադրեն նրան, որպեսզի երեխայի մոտ չձևավորվի թշնամական վերաբերմունք, ագրեսիվություն հասարակության նկատմամբ:

Գ. Իսկ, ընդհանուր առմամբ, բոլոր ծնողներին և ընտանիքներին կառաջարկենք հիշել, որ երեխան գերզգայուն էակ է, որն ամեն ինչ զգում և հասկանում է: Այսինքն, երկու ծնողի առկայությունը դեռ չի նշանակում ջերմ մթնոլորտ, հոգեբանական պահանջմունքների բավարարում, որոնք չափազանց անհրաժեշտ են երեխայի ճիշտ ձեւավորման եւ զարգացման համար:

 

 

Տ. Զավեն աբեղա Յազիչյան

12.10.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․