25 Նոյեմբեր, Բշ
Մի իշխան գեղեցիկ նժույգ ուներ: Երբ նավարկության էր մեկնում, նժույգը հանձնում էր իր ծառաներից մեկի խնամքին, իսկ վերադարձին գոհունակությամբ վարձատրում էր այդ ծառային նժույգը լավ խնամելու և պահելու համար: Այնպես եղավ, որ կրկին երեք օրով բացակայեց, իսկ կրտսեր ծառաներից մեկը, բոլորից առաջ անցնելով, ըստ իր խնդրանքի, ձիու խնամքը ստանձնեց:
Այս ծառան ցանկացավ հանդիսավորությամμ նժույգով շրջել քաղաքում, սակայն փոքր-ինչ անց ձին դարձավ անհնազանդ ու վայրի: Սլացավ քաղաքի փողոցներով` ավերելով իր ճանապարհին հանդիպած ամեն ինչ, այնուհետև թամբից ցած նետեց ծառային ու անհետացավ քաղաքի փողոցներում:
Հալումաշ եղած այս մարդը երկու օր փնտրեց ձիուն ու վերջապես գտավ: Համառ կենդանուն մտրակների հարվածների ներքո քարշ տվեց դեպի իշխանի դղյակը, որպեսզի շուտափույթ ազատվի իր ստանձնած պարտականությունից:
Վճարեց նաև բոլոր նրանց, որոնց նժույգը վնաս էր պատճառել իր անցած ճանապարհին:
Իսկ իշխանը, երբ վերադառնա, արդյոք կվարձատրի՞ այս ծառային...
Այս է պարծենկոտության, ագահության և հպարտության վերջը: Երբեմն մարդիկ գայթակղվում են պատեհության հնարավություններով, սակայն ընկնում են ավելի մեծ փորձությունների ու դժվարությունների մեջ, քանի որ ճիշտ չեն գնահատում տվյալ իրողությունն ու իրավիճակը:
Պետք չէ վերցնել ավելին, քան մարդ կարող է: Աստված ամեն մարդու տալիս է այնքան, որքան այդ մարդը կարող է ծառայել, թեև մարդիկ հաճախ ավելին են ուզում:
Ահա այսպես էլ սատանայի խորհրդով մարդը ցանկացավ աստվածանալ, բայց...
Հովհաննես Մանուկյան