Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Պայքար, որտեղ բավականին մեծ է հոգևոր-բարոյական դաստիարակության դերը: Ուստի «Հոգևոր ծառայության դժվարին ոլորաններում» շարքի շրջանակում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի օգնությամբ անդրադարձ ենք կատարել թեմային: Տեր հայրը նաև Արարատյան Հայրապետական թեմի ներքո գործող «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր պատասխանատուն է:
- Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ 2011 թ. Երևանում բացվեց Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ը, որի գործունեությունն ուղղված է Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող ու ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը նվազեցնելուն, հասարակության և եկեղեցու համայնքային կյանքի մեջ նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը՝ ոչ միայն սոցիալական աջակցության, այլև զանազան մասնագիտական հմտությունների ձեռքբերման միջոցով (խեցեգործություն, ուլունքագործություն, վարսահարդարում, դիմահարդարում):
Այս տարվա սեպտեմբեր ամսից կենտրոնի աշխատանքներն իրականացվում են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում շաբաթական մեկ օր՝ շահառուներին տրամադրելով հոգևոր (քարոզի և անհատական խորհրդատվության տեսքով), հոգեբանական (խմբային աշխատանքների տեսքով) և սոցիալական աջակցություն, ինչպես նաև՝ հավասարը հավասարին խորհրդատվություն:
-Տե՛ր հայր, արդյոք հայ հասարակությունն անհրաժեշտ չափով տեղեկացվա՞ծ է
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ից:
- Մեր դարաշրջանում, երբ հասարակության գերակշիռ մեծամասնությանը հասանելի են տեղեկատվության բազմաթիվ միջոցներ (համացանց, հեռուստատեսություն և այլն), իրազեկված լինելու չափը կախված է միմիայն անհատի ցանկությունից: Ինչպես նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը և մի քանի հասարակական կազմակերպություններ մեծ աշխատանք են տանում իրազեկման ու կանխարգելման հարցում: Այս ամենից զատ, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից Հայաստանի գրեթե բոլոր թեմերից ընտրվեցին հոգևորականներ, որոնք վերապատրաստվեցին՝ իրենց թեմերում իրազեկման ծրագրեր իրականացնելու համար:
- Ի՞նչ բարդություններ են ունենում մարդիկ հիվանդության մասին լուրն
իմանալուց հետո, և ո՞րը պիտի լինի նրանց օգնելու առաջին քայլը:
- Այդ լուրը սկզբում առաջացնում է վախի, տարակուսանքի, ամոթի, ապա հուսահատության զգացում: Նման հոգեվիճակներ ունեցող մարդիկ դառնում են ինքնամփոփ, մեկուսանում են ընտանիքից և հասարակությունից, դառնում ավելի դյուրագրգիռ և ագրեսիվ: Ուստի, առաջին հերթին նրանց հետ զուգահեռաբար պետք է աշխատանք տանեն բուժող բժիշկը, հոգևորականը և հոգեբանը:
- Ինչո՞վ է հատկապես կարևորվում հոգևորականի աջակցությունն
այս հիվանդության դեպքում:
- ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վարակի ահագնացող տեմպերը և վարակվածների տարեցտարի ավելացող թվերը հարուցում են Հայ Եկեղեցու խորը մտահոգությունը և մղում անմիջական միջամտության: Հայ եկեղեցականը կարևոր տեղ է զբաղեցնում վարակի կանխարգելման գործում, որովհետև հոգևոր դաստիարակության միջոցով նպաստում է հասարակության մեջ բարոյական և հոգևոր արժեքների ամրապնդմանը: Ինչպես նաև մեծ աջակցություն է բերում արդեն այս հիվանդությամբ ապրող մարդկանց՝ օգնելով նրանց Աստծո մեծ ողորմածության հանդեպ լցվել վստահությամբ և հաղթահարել մահվան հանդեպ ունեցած վախը՝ խուսափելով հուսահատությունից: Իսկ եկեղեցու համայնքային կյանքում ունեցած ներգրավվածությունն էլ հիվանդներին դուրս է բերում ինքնամեկուսացումից:
Մեզ հետ պատահող ողբերգությունների մեծ մասի պատճառը մենք ենք, լինեն դրանք հիվանդություններ, սխալ որոշումներ, սխալ գործողություններ և այլն: Մենք սխալվում ու մեղանչում ենք ամեն օր, սակայն թե՛ Եկեղեցին, թե՛ Եկեղեցու հայրերը, հիմնվելով Աստծո խոսքի վրա, հորդորում են ոչ մի պարագայում չհուսահատվել, քանի որ Տեր Աստված հայտնել է մեզ մեղքի դեմ դեղամիջոցը՝ ի սրտե զղջումը, խոստովանությունն ու ապաշխարությունը, որ օգնում են հետ դառնալ մահվան ճանապարհից ու քայլել դեպի փրկություն:
- Տե՛ր հայր, Դուք՝ որպես հոգևորական, ի՞նչ խնդիրների առջև եք կանգնում այս հիվանդների հետ առնչվելիս.
- Հոգևորականի խնդիրն առաջին հերթին այս մարդկանց վստահությունը ձեռք բերելն է, այնուհետև՝ հավատի վերականգնումն առ Աստված ու առ մարդիկ: Քրիստոնյայի ուղին սիրո ուղին է: Եվ մենք՝ որպես Աստծո սպասավորներ, կոչված ենք այդ ուղով ընթանալու և կարեկցանքով ու հոգատարությամբ արձագանքելու մեր օգնության կարիքն ունեցողին: Հոգևորականը տառապող հիվանդների կողքին է և իր ամենօրյա աղոթքների ընթացքում Աստծուց ողորմություն ու բժշկություն է խնդրում նրանց համար:
- ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների հետ տարվող հոգևոր-բարոյական աշխատանքներն արդյոք տարբերվո՞ւմ են կյանքի համար վտանգավոր այլ
հիվանդություններ ունեցող մարդկանց հետ տարվող աշխատանքներից:
- «Հիվանդություն» հասկացությունն աշխարհ եկավ մեղքի հետևանքով, երբ նախամարդը անհնազանդ գտնվեց Արարչի հանդեպ և կորցրեց իրեն պարգևված հավիտենական կյանքը: Սրա հետևանքը եղան հիվանդությունն ու մահը, քանի որ խաթարվեց մարդու և իրեն կյանք տվող Աստծո միջև եղած կապը: Այսօր էլ աշխարհում գոյություն ունեցող շատ հիվանդությունների, աղետների և դժբախտությունների պատճառն այդ կապի բացակայությունն է: Մարդիկ իրենց կյանքից դուրս են հանել Աստծուն, դեմ են գնում Նրա սուրբ կամքին՝ չհնազանդվելով պատվիրաններին, որ հենց իրենց բարօրության համար են տրվել: Քանզի Աստծո պատվիրանները զգուշացնում և մարդուն հետ են պահում այնպիսի արհավիրքներից, ինչպիսիք կյանքի համար վտանգավոր հիվանդություններն են: Եվ եթե մի դեպքում ակնհայտ է, թե տվյալ հիվանդությունը որ պատվիրանի խախտման հետևանքն է, ապա մյուս հիվանդությունների դեպքում, երբ հասարակությունն անհատին որևէ կերպ չի մեղադրում իր հիվանդության համար, այդքան էլ ակնառու չէ, թե որ մեղքի հետևանքով է այն առաջացել, չնայած որ վստահաբար կարող ենք ասել, որ օրինակ՝ քաղցկեղի որոշ տեսակներ որկրամոլության հետևանք են, կամ, ասենք, սրտամկանի ինֆարկտի դեպքում պատճառը հաճախ կարող է բարկությունը լինել, որը մահացու մեղքերի շարքում երրորդն է: Ուստի ես, որպես հոգևորական, տարբերություն չեմ դնում այս կամ այն հիվանդությունն ունեցող մարդկանց հետ տարվող աշխատանքների միջև, քանի որ ինչպես ասել է Գարեգին Բ Կաթողիկոսը. «Եկեղեցու առաքելությունը հիմնադրման օրերից եղել և մնում է մարդուն
դեպի Աստված առաջնորդելը, մարդկության կյանքը Ավետարանի բարոյական
սկզբունքների, Աստծո պատվիրանների ու պատգամների վրա խարսխելը»:
- Կա՞ արդյոք պետական աջակցություն այս հիվանդների հանդեպ և
որքանո՞վ են նրանք ներգրավված հասարակական այս կամ այն ոլորտում:
- Հայաստանում «Գլոբալ» հիմնադրամի աջակցությամբ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց պետությունը անվճար տրամադրում է հակառետրովիրուսային դեղորայք, որի շնորհիվ հիվանդությունը ճնշվում է և հետագա զարգացում չի ապրում, ինչն արդեն մեծ հույս է նրանց համար: Այս մարդիկ ապրում են լիարժեք կյանքով, մասնագիտության բերումով ներգրավված են հասարակական բոլոր ոլորտներում, պարզապես հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպերն են պատճառը, որ նրանք թաքցնում են իրենց հիվանդությունը:
- Հայաստանում ինչպե՞ս է նշվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը:
- Սույն խնդրով զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպվում են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված, ինչպես նաև կարծրատիպերը կոտրելու բազմաբնույթ միջոցառումներ: Այս տարիների ընթացքում մեր կենտրոնի կողմից ևս կազմակերպվել են սեմինար-հանդիպումներ թեմի եկեղեցիների Երիտասարդաց միությունների և համայնքի անդամների, տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների հետ, քաղաքի կենտրոնական հատվածներում իրականացվել են ֆլեշ-մոբեր, պատրաստվել և բաժանվել են իրազեկման թերթոններ: Ինչպես նաև խնդրի մասին բարձրաձայնել ենք տարբեր հեռուստահաղորդումների միջոցով:
- Տե՛ր հայր, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին:
- Առաջին հերթին ուզում եմ դիմել այն մարդկանց, որոնք արդեն առնչվել են այս խնդրին և ասել, որ երբեք չհուսահատվեն, քանի որ դեղորայքի ընդունման դեպքում ՄԻԱՎ-ը հիվանդությունից դառնում է ուղղակի ապրելակերպ՝ դադարելով կյանքի համար վտանգավոր լինելուց: Իսկ հասարակությանը խորհուրդ կտամ առանց խտրականության դրսևորման, քրիստոնեական սիրով և հոգատարությամբ վերաբերվել դժվարին կացության մեջ հայտնված մեր եղբայրներին և քույրերին ի Քրիստոս: Քանի որ ոչ ոք երբեք ապահովագրված չէ այս հիվանդությունից, և ամեն ոք հենց ինքը կարող է հայտնվել այն մարդու կարգավիճակում, ում այսօր արհամարհում է կամ քարկոծում: Եվ միշտ հիշենք առաքյալի այն խոսքերը, որ ասում է. «Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում
իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել:
Եվ նրանից ունենք այս պատվիրանը` ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը» (Ա Հովհաննես Դ 20-21):
Զրուցեց Արփի Խաչատրյանը
Սկզբնաղբյուր՝ Շողակն Արարատյան երկշաբաթաթերթ