Մի անգամ Աստված իր սպասավորին մի աշխատանք վստահեց: Սերմեր տվեց նրան ու ասաց, որ դաշտում ցանի: Դրանից հետո հանձնարարեց ամեն օր ջուր տանել այնտեղ ու ամեն շաբաթ ողջ դաշտը ջրել: Եվ մարդը հաճույքով գործի անցավ: Նա ամեն օր ջուր էր տանում, որպեսզի մինչև շաբաթվա վերջ հասցնի ամբողջը ջրել: Շաբաթներ շարունակ ուրախությամբ աշխատում էր: Նրա ուսերը հոգնել էին դույլերի ծանրությունից: Ամեն օր հոգնած էր վերադառնում տուն: Սկզբում մեծ ուրախությամբ էր աշխատում՝ գիտակցելով, որ Աստծուն է ծառայում: Եվ անհամբերությամբ սպասում էր, որ սերմերից ծաղիկներ պիտի աճեն: Սակայն ամիսներ անցան, իսկ դաշտը միայն մոլախոտերով պատվեց: Եվ մարդը սկսեց ուղղակի ուժասպառ վերադառնալ տուն, զգացումով, որ օրն իզուր է անցել:
Սատանան նկատեց, որ մարդու տրամադրվածությունը փոխվել է, ճնշվածություն է առաջացել և որոշեց խորացնել այդ վիճակը: Սկսեց նրա ականջին փսփսալ.
- Արդեն որքա՜ն ժամանակ է այդ ջուրը տանում ես, բայց ապարդյուն: Ինչո՞ւ ես այդքան չարչարվում: Մեկ այլ, ավելի օգտակար բանով զբաղվիր:
Այսպիսով մարդուն ներշնչեց, որ նրա ջանքերն ապարդյուն են և որ նա անհաջողակ է: «Ինչո՞ւ այդքան չարչարվեմ,- մտածեց մարդը,- ավելի լավ է ավելի քիչ ջուր տանեմ այսուհետև, միևնույն է արդյունքը չի երևում»:
Այսպես մտածելով, որոշեց աղոթքով Աստծուն դիմել.
- Տե՛ր Աստված, ես այդքան երկար ժամանակ և այդքան ջանասիրաբար ծառայեցի քեզ, ողջ ուժերս նվիրեցի Քո հանձնարարության կատարմանը: Սակայն այսքան ժամանակ է անցել, բայց ես այդպես էլ չկարողացա գոնե մեկ ծաղիկ աճեցնել իմ դաշտում: Ի՞նչն այնպես չեմ անում: Ինչո՞ւ ինձ մոտ չի ստացվում:
Այնժամ Աստված ըմբռնումով ու հոգատարությամբ պատասխանեց նրան.
- Զավա՛կս, երբ ես այդ ծառայութունը քեզ առաջարկեցի՝ դու պատրաստակամությամբ համաձայնվեցիր: Ես քեզ ասացի այնքան ջուր տանես, որքան ուժերդ կներեն: Ես քեզ երբեք չեմ ասել, որ անպայման պետք է մի ամբողջ դաշտ ծաղիկներ աճեցնես: Ուրեմն հիմա ինչո՞ւ ես այդպես ընկճված ինձ մոտ եկել, մտածելով, որ հուսախաբ ես արել ինձ: Մի՞թե այդպես է: Հապա նայի՛ր քեզ: Այնքան ես ուժեղացել ու ճարպիկ դարձել: Բազուկներդ ավելի են ամրացել, իսկ ոտքերդ ավելի դիմացկուն են դարձել: Մշտական ջանքերիդ շնորհիվ այժմյան հնարավորություններդ շատ ավելի են, քան այն ժամանակ, երբ նոր սկսեցիր աշխատել: Այժմ գիտես, թե ինչպես է պետք ջրել, որպեսզի ջուրը հողը չողողի տանի և որպեսզի ամենուր բավարար քանակությամբ ջուր լինի: Այո՛, դու իսկապես ծաղիկներ չաճեցրիր, բայց դա առաջնային չէր ինձ համար, այլ ես առաջին հերթին խոնարհություն, հավատ ու իմ հանդեպ ունեցած վստահություն էի ակնկալում քեզնից: Եվ դու դա արեցիր: Ես քեզանից գոհ եմ: Եվ այդ պատճառով էլ վաղը քո դաշտում կծաղկեն առաջին ծաղիկները: Դու ուղղակի չես նկատել, որ մոլախոտերի մեջ դրանց ծիլերն արդեն դուրս են եկել իրենց կոկոններով:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի