Գրքեր

Ողորմած մարդը նման է Աստծուն

Եկեղեցու հայրերը նշում են, որ երբ ողորմած մարդն աղոթքի է կանգնում, ապա նրա աղոթքն անարգել բարձրանում է առ Աստված: Իսկ «անողորմ ճգնավորը նման է անպտուղ ծառի»,- ասել է Ս. Իսահակ Ասորին՝ ցանկանալով մատնանշել, որ որքան էլ մարդը մարմնական սխրանքներ գործի, եթե նրա սիրտը խուլ լինի մերձավորի կարիքի հանդեպ, ապա նրա գործերն անպտուղ կլինեն: Ողորմած մարդը նմանվում է Աստծուն, քանի որ Աստված անսահման ողորմած է: Տիրոջ բնութագրերից մեկն է ողորմած լինելը, և երբ մարդը ողորմությամբ նմանվում է Աստծուն, ապա Աստված Իր հերթին նրան մեծ օրհնության է արժանացնում:

Նոյեմբերի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Հանեսյան Լիաննային (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Լիաննան ամուսնու և չորս զավակների հետ բնակվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 3-րդ փ., 68 տ. հասցեում: Զավակներից կրտսերը՝ Միքայելը (3 տ.), Դաունի համախտանիշ ունի: Հակոբյան ընտանիքի հայրը մշտական աշխատանք չունի և երկու ամիս է, որ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Լիաննան ասաց, որ երկու ամիս անց կծնվի իրենց հինգերորդ զավակը: Բազմազավակ ընտանիքը դժվարությամբ, բայց փորձում է իր կարիքները հոգալ ընտանեկան նպաստի և Միքայելին տրամադրվող հաշմանդամության գումարներով: Ընտանիքի մայրն իր երախտագիտությունը հայտնեց աջակից ընտանիքին՝ ուշադրության և աջակցության համար:

Հոգևոր պայքարի կարևորագույն պտուղներից մեկը ողորմած սիրտ ձեռք բերելն է: Սրբերի սիրտը սիրով և ողորմածությամբ էր «այրվում» ողջ արարչագործության՝ մարդկանց, կենդանիների, թռչունների և բնության հանդեպ: Այդպիսի սիրտն է ճշմարիտ նշանը նրա, որ մարդը հոգևոր կյանքում ճշմարիտ ընթացք ունի, այդպիսի սիրտ ունենալու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Ս. Հակոբոս առաքյալը գրել է, որ միայն խոսքերով հնարավոր չէ ողորմություն ցուցաբերել. «Ենթադրենք, որ կիսամերկ և օրվա հացի կարոտ մի եղբայր կամ քույր դիմեց ձեզ: Եթե ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք, Աստված ձեզ հետ լինի, տաքացե՛ք և կշտացե՛ք», և նրանց մարմնի համար անհրաժեշտ զգեստը կամ ուտելիքը չտա, ի՞նչ օգուտ ունի: Նույնպես էլ հավատն առանձին, առանց գործերի, մեռած է» (Հակոբ. 2:15-18):

 

Կարինե Սուգիկյան

01.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․