Տերը բախում է մեր սրտի դուռը և ասում՝ ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ (Մատթեոս 9:13): Իրականում Աստված մեր նվերների և զոհաբերության կարիքը չունի, բայց այդ կերպ Նա ցանկանում է ճանաչել մեր սիրտը, տեսնել մեր սերն Իր հանդեպ: Ինչպես երկրավոր ծնողների համար թանկ են երեխայի սերն ու ուշադրությունը, այդպես և Երկնային Հոր համար թանկ է մեր անկեղծ սերն Իր հանդեպ: Եվ այդ սրտանց զգացումը Տերը կարող է տեսնել այն նախանձախնդիր ոգու մեջ, որ կարող ենք դրսևորել Իր տան հանդեպ: Աստծո տան հանդեպ սիրո նախանձախնդիր ոգու դրսևորումներն են այն սոցիալական ծրագրերը, որ իրականացնում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:
Հունվարի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Գրիգորը Պողոսյան Նվարդին (38 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Բազմազավակ կարիքավոր ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի Իսակովի 3-րդ փակուղու 3-րդ տանը: Վեց անչափահաս երեխաների մայրը նշեց, որ ամուսինը հիմնական աշխատանք չունի, իսկ ընտանեկան նպաստով փորձում են հոգալ իրենց նվազագույն կարիքները: Նվարդն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին:
«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ Արքայությունը: Վաճառեցե՛ք ձեր ինչքերը և ողորմություն տվեք. և ձեզ համար շինեցե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում և ո՛չ ցեցը՝ փչացնում. որովհետև, ուր որ ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Ղուկաս 12:32-34):
Կարինե Սուգիկյան