Մեծ բարիք է պահքը, եթե այն ուղեկցվում է աղոթքով և ողորմածությամբ, այս մասին վկայում է Հին Կտակարանի Տոբիթի գիրքը. «Բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով, բարի է քիչ ունեցվածքը արդարությամբ, քան շատը՝ անիրավությամբ. լավ է ողորմություն անել, քան ոսկու գանձ կուտակել, ողորմությունը փրկում է մահից, նա ինքն էլ մարդուն մաքրում է բոլոր մեղքերից, ովքեր ողորմություններ և արդարություններ են անում, լցվում են կյանքով» (Տոբիթ 12:8-10): Իսկ Նոր Կտակարանում հեթանոս Կոռնելիոս հարյուրապետի մասին կարդում ենք, որ նա, ճանաչելով կռապաշտության կեղծիքը, ընդունել էր աշխարհի Արարչին և աղոթքով, պահքով ու ողորմածությամբ արժանացել Տիրոջ օրհնությանը, հայտնությանը և կատարյալ աստվածճանաչողությանը (Գործք Առ. 10): Հավատը նրան ուղեկցել էր դեպի բարի գործերը, իսկ բարի գործերն ամրապնդել էին նրա հավատը:
Հոկտեմբերի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակում, Հարությունյան Ռուզաննային (43 տ.) հանձնեց համայնքի կողմից տրամադրված հագուստ և դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արփի Դալլաքյանը: Ռուզաննան իր վեց անչափահաս զավակների հետ բնակվում է Արարատի մարզի գ. Եղեգնավանի Մաշտոցի 10 հասցեում: Բնակարանը, ուր ապրում է բազմազավակ ընտանիքը, ոչ բարվոք վիճակում է գտնվում. գազաֆիկացված չէ, ընտանիքը դժվարությամբ է կարողացել ջրի խնդիրը լուծել: Ընտանիքի հայրը մեկ տարի առաջ լքել է ընտանիքը, և Ռուզաննան մեծ դժվարությամբ է խնամում իր երեխաներին: «Ես չեմ կարող աշխատել, իսկ ընտանեկան նպաստ, որոշ խնդիրների պատճառով, դեռ չենք ստանում: Անչափ շնորհակալ եմ աջակից անձին և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին՝ ցուցաբերած օգնության համար»,- ասաց Ռուզաննան:
«Մարդու կատարելությունն Աստծուն սիրելու մեջ է, իսկ Աստծո հանդեպ սիրո նշան են այն բարի գործերը, որ վերաբերում են կա՛մ Աստծուն, կա՛մ իրեն, կա՛մ ընկերոջը: Աստծուն վերաբերում է աղոթքը, որովհետև աղոթքի առարկան Աստվածն է, իրեն վերաբերում է պահքը, որովհետև պահքի առարկան իր մարմինն է, և ընկերոջը վերաբերում է ողորմությունը, որովհետև սրա առարկան մարդուն ողորմելն է: Այս երեքը միասին երանության մի պսակ են հյուսում իրենց գործողի գլխի համար»,- ասել է Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին:
Կարինե Սուգիկյան