ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում իրականացվող սոցիալական ծրագրերի շարքն իր արձագանքներն է ունենում: Բազում հավատավոր հայորդիներ՝ թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից, արձագանքելով ծրագրին, փորձում են իրենց աջակցությունը բերել այն ընտանիքներին, որ սոցիալապես անապահով վիճակում են հայտնվել:
Այս անգամ ծրագրին արձագանքեց սփյուռքահայ մի բարերար, ով չցանկացավ, որ իր անունը նշվի: Բարերարի կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար), որ իր վաղամեռիկ հարազատի՝ Մարտիրոս Կոնդակչյանի հիշատակի համար էր, համայնքը հոկտեմբերի 5-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, փոխանցեց Խանջյան 7/8 հասցեում բնակվող Գզրարյան ընտանիքին:
91-ամյա Մարգուշ Գզրարյանը, ով կույր է և I-ին կարգի հաշմանդամ, բնակվում է իր դստեր՝ Թամարա Ավետիսյանի (52 տ.) հետ, ով նույնպես առողջական խնդիրներ ունի, II-րդ կարգի հաշմանդամ է և անաշխատունակ: Թամարան նշեց, որ իրենք գոյատևում են իրենց հատկացվող թոշակների և ընտանեկան նպաստի գումարներով: Այս խնդիրներից զատ, սոցիալապես անապահով ընտանիքը բնակվում է նախկին հանրակացարանային շենքում, որ մի քանի տարի է, ինչ հայտնվել է վթարային վիճակում՝ շենքի առաջին հարկում իրականացվող շինարարության պատճառով: Իսկ սանհանգույցը, որ ընդհանուր է տվյալ հարկի բնակիչների համար, գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում:
Համայնքի տնայցն ուրախություն էր պատճառել կարիքի մեջ հայտնված ընտանիքին: Զրույցից և նրանց խնդիրների հետ ծանոթանալուց հետո, Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում հոգեհանգստյան արարողությունից բացի, սովորություն կա նաև ննջեցյալների հիշատակի համար ողորմություն տալ. «Քանզի ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2:13): Աստվածաշնչում հանդիպում ենք հանգուցյալների համար աղոթելու և նրանց համար ողորմություն անելու օրինակների: Այսպես, Հին ուխտի եկեղեցում սովորություն է եղել մահացածների հիշատակի համար հաց կտրել և աղքատներին բաժանել (Բ Օրենք 26:14; Երեմիա 16:7), հարազատների մահվան առիթով պահք պահել (Բ Թագավորներ 1:12):
Սբ. Հովհան Ոսկեբերանն իր ուսուցումներից մեկում խրատում է, որ մահացածին չենք օգնի արցունքներով, այլ աղոթքներով, ողորմածությամբ և ընծաներով: Ապա՝ հարգիր մահացածի հիշատակը ողորմածությամբ և բարեգործությամբ, քանի որ ողորմածությունը ծառայում է հավիտենական տանջանքներից ազատմանը: Աստվածաշնչում պարզորեն ասված է այս մասին. «…ողորմությունը փրկում է մահից, նա ինքն էլ մարդուն մաքրում է բոլոր մեղքերից, ովքեր ողորմություններ և արդարություններ են անում, լցվում են կյանքով» (Տոբիթ 12:9):
Կարինե Սուգիկյան