25 Նոյեմբեր, Բշ
Ոմն ծեր` մոտ վաթսուն տարեկան, որի անունն էր Վիտալիոս, Ալեքսանդրիայի արքեպիսկոպոս Հովհանի մասին լսեց, թե, ասեկոսների հետևելով, բամբասում և դատապարտում է մենակյացներին, ովքեր մտնում և շրջում են քաղաքում: Կամեցավ ստուգել, թե իրո՞ք դատապարտում է մեկնումեկին, ինչպես իրեն է հասել: Թողեց իր վանքը սուրբ Սերիդոնում, ուր բնակվում էր, և եկավ Ալեքսանդրիա ու այնպիսի վարք հանձն առավ, որը մարդկանց գայթակղեցուցիչ էր թվում, սակայն Աստծուն ընդունելի էր, ինչպես Դավիթն է ասում. «Ով տալիս է յուրաքանչյուրին ըստ իր սրտի» (Սաղմ. ԺԹ 5): Մտնելով քաղաք՝ բոլոր բոզերին հերթով գրի առավ: Եվ սկսեց մշակություն անել, և օրական առնում էր կես դրամ փող, իսկ երբ արևը մայր էր մտնում, այդ փողից մի քիչ ընդեղեն էր առնում իր համար, իսկ մյուսը մասը վերցնելով՝ մտնում էր բոզերից մեկի մոտ, տալիս էր փողը նրան և ասում. «Այս գիշերն ինձ շնորհի՛ր և մի՛ պոռնկիր»: Գիշերը օթևանում էր նրա մոտ և պահում էր նրան պոռնկանալուց, կանգնում էր մի անկյունում, ուր կինն էր, և սկսում էր սաղմոսել նրա համար, ծունր դնել մինչև առավոտ, իսկ երբ դուրս էր գալիս, նրանից երդում էր վերցնում, որ ոչ մեկին չասի իր արածը: Նրանցից մեկը հայտնեց նրա վարքը՝ ասելով, թե. «Ոչ թե պոռնկության համար է մտնում մեզ մոտ, այլ՝ մեզ փրկելու»: Եվ ծերի աղոթքով դիվահարվեց այդ կինը, որպեսզի դրանից հետո մյուսները երկնչեն և նրա կենդանության օրոք այլևս չհայտնեն իրողությունը: Իսկ մարդիկ ասում էին. «Ահա Աստված հատուցեց այդ կնոջը, որը սուտ խոսեց, որովհետև այդ չար ծերը՝ պոռնկության, այլ ոչ թե ուրիշ բանի համար է մտնում նրանց մոտ»: Եվ սուրբ Վիտալիոսը, կամենալով մարդկային փառքից խորշել և իր հոգին այնտեղի խավարից փրկել, երբ մշակության գործն ավարտեց և իրեն վարձողից ազատվեց, ի լուր ամենքի՝ ասաց. «Տե՛ր Վիտալիոս, գնա՛ քո գործին, քանզի տիկնայք կան, որոնք քեզ են սպասում»: Իսկ երբ շատերը պարսավում էին նրան, կատակելով նրանց ասում էր. «Ի՞նչ է, ես մարմին չունե՞մ, ինչպես ամենքը, կամ միայն մենակյացների վրա՞ բարկացավ Աստված, որ իրենց բռնադատելով մեռնեն. հիրավի նրանք էլ մարմին են, ինչպես ամենքը»: Ոմանք նրան ասում էին. «Դու քեզ կի՛ն առ և փոխի՛ր քո զգեստը, քանզի քեզ համար լավ է, որ Աստված քեզնով չհայհոյվի, այլապես քեզնով գայթակղվածների համար դատապարտություն կկրես»: Եվ նա դարձյալ պատասխանում էր նրանց կեղծ խռովմունքով և երդմամբ, թե. «Ականջ չե՛մ դնի ձեզ, հեռո՛ւ կացեք ինձնից. հիմա ոչնչի հոգս չեմ քաշում, ի՞նչ է, գնամ կին առնեմ, տունուտեղի հոգս քաշեմ և սև օրե՞ր ապրեմ: Աստված ո՛չ անի. ով կամենում է գայթակղվել` թող գայթակղվի և գլուխը քարովը տա: Ի՞նչ եք ուզում ինձնից. մի՞թե Աստծո դատավորներն եք. գնացե՛ք ձեր անձերին հո՛գ տարեք, դուք չեք իմ փոխարեն պատասխան տալու: Դատավորը Մեկն է, և դատաստանի օրը` նույնպես. եթե Աստված չկամենար, ես Ալեքսանդրիա չէի գա»: Եվ այս ամենն ասում էր աղմկելով ու սաստելով, որպեսզի այնուհետև բոլորը խորշեին և զգուշանային իրենից: Եվ դարձյալ ասում էր. «Արդարև, եթե ինձնից չհեռանաք, անեծքով կցրվեք»: Քորեպիսկոպոսներից ոմանք, այս բաները նրանից լսելով, տեղեկացրին նրա մասին սրբասեր Հովհան հայրապետին: Իսկ Աստված, որ չէր կամենում արդար մենակյացի խոտորումը, խստացրեց հայրապետի սիրտը, և նա ոչ մեկին չհավատաց, այլ սաստեց և արտաքսեց նրանց, ովքեր չարախոսում էին աբբա Վիտալիոսին, և նրանց ասաց. «Վե՛րջ տվեք մենակյացներին բամբասելուն. մի՞թե չեք լսել մեծն Կոստանդիանոսի վարքագրությունը, ուր նրա մասին գրվածքն ասում է. «Աստծուց չերկյուղողներից ոմանք սուրբ ժողովի ավարտից հետո սկսեցին միմյանց վերաբերյալ չար զրպարտագրեր տալ սուրբ Կոստանդիանոսին. նրանցից ոմանք եպիսկոպոսներ էին, ոմանք` մենակյացներ: Իսկ նա, երես առ երես բերելով չարախոսներին և չարախոսվածներին, չարախոսին ստիպում էր ասել մեղքը մեղավորի երեսին` լիներ շնություն թե մահապարտություն: Եվ երբ գտնում էր, որ ճիշտ էր ամեն ինչ, հիշելով առաքյալի խոսքը, ասում էր. «Ով տկարանա, առավել ևս ոչ ես», և Տիրոջ օրինակը, որ շնացած կնոջը չդատեց, այլ նրան ասաց. «Ես էլ չեմ դատապարտում քեզ», նրան նմանվելով` հրամայեց բերել վառվող մոմը, և նրանց առջև վառելով մեղադրագիրը` ասաց. «Եթե իմ աչքով տեսնեի Աստծո քահանային կամ նրանց, ովքեր հրեշտակային կերպն են զգեցած` մեղանչելիս, քղամիդովս կծածկեի, որպեսզի ոչ ոք չտեսներ: Ահա այդպես արեք և դո՛ւք այն Աստծո ծառային՝ ներքինի մենակյացին, և մի՛ գցեք ինձ պատիր վիճակի մեջ, որ մեծ մեղք է իմ անձին»: Եվ սաստելով նրանց` արձակեց: Իսկ Աստծո ծառա Վիտալիոսն իր գործը չէր դադարեցնում և այս էր աղաչում Աստծուն, որ մեղք չհամարի նրանց, ովքեր գայթակղվում էին իրենից, քանզի գործը, որ նա անում էր, գայթակղելի էր: Եվ ոչ մի մարդու մեղք չհամարեց այն, ինչ խոսեց որևէ մեկը իր մասին, և բազում անպարկեշտ կանանց զղջումի բերեց, մանավանդ՝ երբ տեսնում էին գիշերը ձեռքերը տարածած և աղոթելիս իրենցից յուրաքանչյուրի համար: Դրա համար նրանցից ոմանք դադարում էին պոռնկանալուց` խրատվելով նրանից, ոմանք ամուսնանում էին և այնուհետև ապրում ազնվորեն, ոմանք էլ հրաժարվում էին աշխարհիկ կյանքից և ընտրում կրոնավորությունը: Մինչև նրա վախճանը, ոչ ոք մարդկանցից չիմացավ, որ նրա իսկ վարդապետությամբ և գործով էին անարգ կանայք դադարում մեղքեր գործելուց: Եվ մի օր՝ այդպիսի կանանցից մեկի մոտից դուրս գալիս, առավոտյան նրան հանդիպեց մի պիղծ մարդ, որ կամենում էր մտնել նույն այդ կնոջ մոտ` նրա հետ պոռնկությամբ զբաղվելու համար: Երբ սա տեսավ տեր Վիտալիոսին, որ ելնում էր կնոջ մոտից, նրան ապտակեց և ասաց. «Չա՛ր և Քրիստոսին խայտառակո՛ղ ծեր, մինչև ե՞րբ պիտի չթողնես քո հանցավոր գործերը»: Հայր Վիտալիոսն ասաց. «Հավատա՛ ինձ, տառապյա՛լ, թեկուզ և լռելյայն, սակայն մի ապտակ պիտի ստանաս, այն էլ այնպիսի, որ ողջ Ալեքսանդրիան պետք է հավաքվի այդ քո ստացած ապտակի վրա»: Դրանից որոշ ժամանակ անց երանելի Վիտալիոսը իր խցում խաղաղությամբ ննջեց, քանզի փոքրիկ խուց ուներ, որ կոչվում էր Արեգակի դուռ: Ուստի, ամեն անգամ, երբ պատարագ էր մատուցում եկեղեցում, որը մոտ էր իր խցին, այդ պոռնիկ կանանցից շատերը հավաքվում էին միասին և ասում. «Գնա՛նք, քանզի աբբա Վիտալիոսը պատարագ ունի»: Եվ երբ գալիս էին, ուրախությամբ ընդունում էր նրանց, ուտում և ըմպում էր նրանց հետ, այդ պատճառով շատերն էին չարանում նրա դեմ և ասում. «Բոլորն այնպե՜ս են սիրում այս սուտ աբեղային և խոնարհվում նրա առաջ` առանց գիտենալու նրա ծածուկ գործերը»: Քանզի բոլորն տեսնում էին նրա` այդ կանանցից յուրաքանչյուրի տուն մտնելը, բայց չգիտեին, թե ինչ արիությամբ ու պարկեշտությամբ էր նրանց դեպի փրկություն առաջնորդում: Իսկ երբ վախճանվեց, ինչպես ասացի, իր խցում, որը ոչ ոք չիմացավ, նույն այդ ժամին եթովպացու պես սև ու չարադեմ մի դև հարձակվեց այն մարդու վրա, որն ապտակել էր աբբա Վիտալիոսին, մի ապտակ հասցրեց նրան և ասաց. «Ընդունի՛ր ապտակը, որ քեզ վերադարձրեց աբբա Վիտալիոսը»: Եվ սա, վայր ընկնելով, սկսեց փրփրել, և, ըստ աբբա Վիտալիոսի մարգարեության, հավաքվեց ողջ Ալեքսանդրիան՝ դևից ապտակվածի ձայնի վրա, մանավանդ՝ ապտակի շառաչյունից, որը լսելի եղավ մի ամբողջ ասպարեզ հեռավորությամբ: Որոշ ժամանակ անց ապտակվածը սթափվեց, պատռեց իր հանդերձները, մերկացրեց կուրծքը, գնաց դեպի սրբի խուցն ու աղաղակելով ասաց. «Մեղա՛ քեզ, Աստծո ծառա Վիտալիո՛ս, ողորմի՛ր ինձ»: Եվ նրանք, ովքեր լսում էին, գնում էին նրա հետևից: Եվ երբ հասան սրբի խուցը, դևը դարձյալ դուրս եկավ և հալածեց նրան՝ ի տես բոլորի: Երբ մտան խուցը, տեսան սրբին՝ ծնկաչոք աղոթքի կանգնած և հոգին Աստծո ձեռքն ավանդելիս, իսկ հատակին այսպես էր գրված. «Ալեքսանդրիացինե՛ր, ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև որ գա Տերը»: Եվ իսկույն դևը թողեց այն մարդուն, որը բոլորի առաջ խոստովանեց, թե ինքն ինչ արեց սրբին, և թե նա ինչ ասաց իրեն: Եվ այս ամենը հայտնեցին սրբասեր Հովհան հայրապետին, որը ողջ ուխտի հետ միասին եկավ պատվելու սուրբ Վիտալիոսի մարմինը: Երբ տեսավ հատակի գիրը, ասաց. «Հանուն Աստծո, ես` տառապյալ Հովհաննեսս, ազատվեցի. եթե ոչ` ապտակը, որ ստացավ այս թշվառը, ես էի ստանալու»: Այնժամ բոլոր պոռնիկները, ովքեր հեռացել էին նրանցից, և ովքեր ամուսնացել և զգաստացել էին, մոմերով ու լապտերներով հուղարկավորում էին նրան՝ լալով, և ասում էին. «Կորցրինք մեր փրկությունն ու մեր ուսուցչին»: Այդ ժամանակ բոլորին պատմեցին նրա վարքը, թե վատ ու ապիրատ գործերի համար չէր մտնում իրենց մոտ, և որ իրենք երբեք չտեսան նրան պոռնկանալուց կամ գինի խմելուց, գիշերը գեթ երկու ժամով ննջելուց կամ իրենցից որևէ մեկին ձեռք տալուց: Իսկ ոմանց մեղադրանքին, թե ինչու այդ մասին չէին ասում, որի պատճառով ողջ քաղաքը գայթակղվեց, պատմեցին այն կնոջ մասին, որը դիվահարվեց, և ասացին, թե այդ պատճառով են վախից լռել: Երբ պատվով թաղեցին նրան, եկավ այն նույն մարդը, որը խրատվեց նրանից և բժշկվեց` հարգելու համար նրա հիշատակը: Հետո նա կրոնավոր դարձավ Գազայի սուրբ Սերիդոնի վանքում, հավատքով վերցրեց սուրբ Վիտալիոսի խուցը և այնտեղ մնաց մինչև իր վախճանը: Իսկ սրբասեր հայրապետը մեծապես գոհացավ Աստծուց, որ թույլ չտվեց իրեն մեղանչելու Իր ծառա Վիտալիոսի հանդեպ, և շատերն օգուտ քաղեցին այդ պատմությունից` ընդունելով մենակյացներին, և զգուշանում էին նրանցից որևէ մեկին իզուր դատելուց: Սուրբ Վիտալիոսի գերեզմանը բժշկություններ էր անում և հրաշքներ գործում, ում աղոթքով Տերը թո՛ղ պարգևի մեզ իր ողորմությունը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016